«Հետք»-ը դատական հայց կներկայացնի ԲՏԱ նախարարության դեմ
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հրաժարվում է «Հետք»-ին տրամադրել ՏՏ (տեղեկատվական տեխնոլոգիաներ) ընկերությունների ցանկը, որոնք պետական բյուջեից աջակցություն են ստացել:
2022 թվականի դեկտեմբերի 1-ին կառավարությունը որոշում ընդունեց 10 մլրդ դրամ պետական աջակցություն տրամադրել ՏՏ ոլորտում գործող կազմակերպություններին։ Աջակցության անհրաժեշտությունը բացատրվեց ընկերությունների կրած վնասներով, որոնք առաջացել էին առաջին հերթին դոլարի նկատմամբ ՀՀ դրամի արժևորման հետևանքով։
Մեր բազմաթիվ հարցումներին ի պատասխան՝ նախարարությունից ամեն կերպ խուսափել են տրամադրել այս որոշման շրջանակներում աջակցություն ստացող ընկերությունների անունները։
Նախ պատճառաբանում էին, թե հայտերը դեռևս ուսումնասիրում են, հետո՝ որ ոչ բոլոր ընկերությունների հետ են պայմանագրերը կնքված։ Իսկ արդեն մեր վերջին հարցման պատասխանում՝ ստացված մայիսի 29-ին, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գլխավոր քարտուղար Նարեկ Մելքումյանը ուղիղ նշել է, որ ընկերությունների ցանկը և նրանց ստացած աջակցության չափի մասին տեղեկություններն առևտրային գաղտնիք են պարունակում։
«Նախարարությունը ՀՀ կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 1-ի թիվ 1863-Լ որոշմամբ շահառու հանդիսացած կազմակերպություններից չունի համաձայնություն՝ ընկերությունների վերաբերյալ տեղեկությունների հրապարակման մասով, ուստի նման տեղեկատվություն չի կարող տրամադրել»,- նշել է Մելքումյանը։
Փաստաբան Արա Ղազարյանը ԲՏԱ նախարարության այս պատասխանը ոչ իրավաչափ է համարում։ Նախարարությունն անհիմն է մերժել տեղեկությունների տրամադրումը. որևէ բացատրություն չկա մերժման հիմքերի վերաբերյալ։ Այն, ինչ վերաբերում է հանրային միջոցներին, այս դեպքում հարկատուների գումարներին՝ պետական բյուջեին, չի կարող առևտրային գաղտնիքի ներքո քողարկվել։
«Առևտրային գաղտնիքը սովորաբար սահմանվում է պայմանագրով, որով կողմերը որոշում են, որ դա առևտրային գաղտնիք է։ Նախարարությունը պետք է հիմքը ցույց տա, թե ինչու է մերժում տեղեկության տրամադրումը։
Այդ գումարը ընկերություններին տրամադրվում է պետական բյուջեից։ Դա հանրային գումար է և չի կարող առևտրային գաղտնիք համարվել։ Հասարակությունն իրավունք ունի իմանալու, թե հարկատուների գումարներն ինչպես են ծախսվում»,- ընդգծում է փաստաբանը։
Ըստ նրա՝ պետությունից աջակցություն ստացող ընկերությունները պետք է պատրաստ լինեն, որ այդ տեղեկությունը հասարակությունը կիմանա, որովհետև այդ գումարները նույն հասարակությանն են պատկանում։
«Անիրավաչափ պատասխան է տվել նախարարությունը։ Դա կարող էր առևտրային գաղտնիք լինել, եթե հարաբերությունները երկու մասնավորների միջև լինեին։ Իրենք պետք է փաստաթուղթը ցույց տան, որ դա առևտրային գաղտնիք է։ Հանրային գումարների ծախսումը առևտրային գաղտնիք չի կարող լինել»,- ասում է Արա Ղազարյանը։
Պետական աջակցությունից օգտվելով՝ ընկերությունները որևէ կանոն կամ օրենք չեն խախտում, հետևաբար՝ անունները հրապարակելը չի կարող վատ ազդել նրանց համբավի վրա։
«Հետքը» երկու տեսակի տեղեկություն էր խնդրել՝ աջակցություն ստացած ընկերությունների ցանկը եւ աջակցության չափը։
Ըստ Արա Ղազարյանի՝ եթե ստացած աջակցության չափը ինչ-որ տեղ կարող էր քննարկման առարկա լինել որպես առևտրային գաղտնիք, ապա ընկերությունների ցանկը չտրամադրելն անգամ քննարկման ենթակա չէ։
« Հետք»-ը պատրաստվում է դատական հայց ներկայացնել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության դեմ՝ պետական բյուջեի հաշվին աջակցություն ստացած ՏՏ ոլորտի ընկերությունների անունները գաղտնի պահելու համար։
Հիշեցնենք, որ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը ՏՏ ոլորտի կազմակերպություններից պետական աջակցության 510 հայտ է ստացել։ Նրանցից 321-ը համապատասխանել է աջակցության պահանջներին։ Այսինքն՝ 321 կազմակերպություն ստանալու է պետական աջակցություն։ Ենթադրվում է, որ նրանց մի մասն արդեն ստացել է։ Յուրաքանչյուր կազմակերպություն ծրագրին մեկ անգամ դիմելու իրավունք է ստացել։
«Պետական աջակցության տրամադրման համար դիտարկվող բազային ժամանակահատվածը 2022 թվականի հունիս-սեպտեմբեր ամիսներն են, և հայտն ընդունվում է նշված չորս ամիսներին վճարված եկամտային հարկի հաշվարկների հիման վրա աջակցության տրամադրման նպատակով, հետևաբար միևնույն կազմակերպության կողմից բազմակի հայտերի ընդունում չէր կարող իրականացվել»,- նշել է նախարարության գլխավոր քարտուղար Նարեկ Մելքումյանը։
Գլխավոր լուսանկարում՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը
Տես նաև՝
- 10 մլրդ դրամը դեռևս չի փոխանցվել ՏՏ ընկերություններին. կառավարություն
- Ժամանակն է ՏՏ ոլորտը փոխանցել Սոցապ նախարարության խնամակալությանը
- ՏՏ ոլորտին տրամադրված 10 մլրդ դրամ աջակցության հետքերով
Մեկնաբանել