
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Կիւլպէնկեան հիմնարկության նախագահին
Հուլիսի 14-ին Լիսաբոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկության հոգաբարձուների խորհրդի նախագահ Անտոնիո Ֆեյժոյին։ Հանդիպմանը ներկա էր նաև հիմնարկության հայ համայնքների բաժանմունքի տնօրեն Ռազմիկ Փանոսեանը: Հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
«Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկության մեծ ներդրումն աշխարհասփյուռ հայ համայնքներում հայապահպանության և հայագիտության զարգացման գործում։ Նախարար Միրզոյանն ընդգծել է նաև հիմնարկության դերը՝ որպես բացառիկ կամուրջ երկու պետությունների միջև կապերի սերտեցման հարցում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են գիտության, կրթության, մշակույթի, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառներում հայաստանյան կառույցների և հիմնարկության համագործակցության հետագա ընդլայնման հնարավորությունները, այս և նոր ուղղություններով համատեղ ծրագրերի իրագործման հեռանկարները: Ընդգծվել է պատմամշակութային արժեքների պահպանման ուղղությամբ շարունակական ջանքերի գործադրման կարևորությունը։
Հանդիպման ավարտին ԱԳ նախարարն այցելել է նաև «Գալուստ Կիւլպէնկեան» թանգարան և ծանոթացել ներկայացված արվեստի գործերի հարուստ հավաքածուին, որը ներառում է նաև հայկական բացառիկ նմուշներ»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Մեկնաբանել