HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հարավային Կորեայի նախագահը ժամանել է Կիև

Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը ժամանել է Ուկրաինա։ Այդ մասին հայտնում է այդ երկրի նախագահի մամուլի ծառայությունը։ Ավելի վաղ, այցի մասին ոչինչ չէր հայտարարվել։ 

Կորեական կողմի փոխանցմամբ՝ Յուն Սոկ Յոլն արդեն իսկ այցելել է Բուչա և Իրպեն։ Նրան ուղեկցում է նաև իր կինը՝ Կիմ Կեն Հին։ 

Այցի ընթացքում Հարավային Կորեայի առաջնորդը կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ և ծաղկեպսակ կդնի պատերազմի ժամանակ զոհվածների հիշատակին։  

Ինչպես նշում է Yonhap գործակալությունը, Յուն Սոկ Յոլի այցը հանդիսանում է Եվրոպա Հարավային Կորեայի նախագահի այցի եզրափակիչ կետը։ Սկզբում նա այցելել էր Լիտվա, որտեղ մասնակցում էր ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, որից հետո պաշտոնական այցով ժամանել էր Լեհաստան։ Սա նրա առաջին այցն է Ուկրաինա։ Նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ Հարավային Կորեայի առաջնորդը վերջին անգամ հանդիպել էր Ճապոնիայի Հիրոսիմա քաղաքում՝ G7-ի գագաթնաժողովի ժամանակ։ 

Մինչ օրս Հարավային Կորեան Ուկրաինային տրամադրում է միայն մարդասիրական և տնտեսական օգնություն։ Ապրիլին Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը հավանական էր համարել Ուկրաինային սպառազինության և զրահատեխնիկայի փոխանցումն այն դեպքում, երբ ռուսական սպառնալիքը մեծանա ուկրաինական խաղաղ բնակչության համար։ Մայիսի սկզբին նա, Միացյալ Նահանգներ այցելության ժամանակ, Կիևին սպառազինության հնարավոր փոխանցման մասին հարցին պատասխանել էր, որ դա ներկայումս քննարկվում է։

Ինչպես գրում է BBC-ն, Հարավային Կորեան սպառազինության խոշոր արտադրող է։ Բացի այդ, այդ երկիրն արտադրում է ծանր զրահատեխնիկա, իսկ նրա արտադրած մարտական տանկերը՝ K-2-երը, մեծ պահանջարկ ունեն և արտահանվում են։ BBC-ն նաև նշում է, որ Հարավային Կորեան ունի խորհրդային ռազմական տեխնիկայի պաշարներ, ներառյալ Т-80У տանկեր, որոնք կարող է փոխանցել Ուկրաինայի զինված ուժերին։

Լուսանկարը՝ Հարավային Կորեայի նախագահի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter