HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Վիլնյուսում մեկնարկում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը. ինչ սպասել դրանից

ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովը, որին կմասնակցեն նաև նրանց դաշնակիցները, այսօր մեկնարկում է Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում։ Ինչպես հայտարարել է Լիտվայի արտաքին գործերի նախարարությունը, այս գագաթնաժողովը «պատմական պահ կլինի Լիտվայի և նրա մայրաքաղաքի համար, որն այս տարի նշում է իր 700-ամյակը ոչ միայն այն պատճառով, որ կկայանա Դաշինքի արևելյան սահմանին, այլև այն որոշումների մասով, որոնք կնպաստեն Հյուսիսատլանտյան դաշինքի աճին և ամրապնդմանը»։ 

Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո սա կլինի ՆԱՏՕ-ի թվով չորրորդ գագաթնաժողովը։ Նախկինում Դաշինքի առաջնորդները այսքան հաճախ չէին հանդիպում։ Վերջին գագաթնաժողովը կայացել էր Մադրիդում, դրան էլ նախորդել էին երկու առցանց գագաթնաժողովներ։ Իսկ մինչ Ուկրաինա ներխուժումը, ՆԱՏՕ-ի առաջնորդները հանդիպում էին երկու տարին կամ տարին մեկ։

Reuters-ի փոխանցմամբ՝ գագաթնաժողովի մասնակիցների անվտանգությունը, որը կկայանա LITEXPO ցուցահանդեսային համալիրում, ապահովում են Patriot տեսակի ՀՕՊ երեք համալիրները, որոնք տրամադրել է Գերմանիան, ինչպես նաև պարեկություն են անում կործանիչները։

Բացի պետությունների ղեկավարների հանդիպումից, գագաթնաժողովի առաջին օրը կկայանա նաև հանրային համաժողով, որը նվիրված կլինի Դաշինքի գործունեությանը։ Դրան կմասնակցի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը։ ՆԱՏՕ-ի առաջնորդներն այսօր կհանդիպեն նաև դաշնակից երկրների՝ Շվեդիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Վրաստանի ու Մոլդովայի ներկայացուցիչների հետ։ Երեկոյան Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան նախագահական պալատում հանդիսավոր ընթրիք կմատուցի նախագահների պատվին։

Գագաթնաժողովի երկրորդ օրն արդեն նախատեսված է երկրների և կառավարությունների ղեկավարների հանդիպումը։ ՆԱՏՕ-ի առաջնորդների տիկնանց ծրագրի համար պատասխանատու են Լիտվայի առաջին տիկին Դիանա Նաուսեդինեն և Սթոլթենբերգի կինը՝ Ինգրիդ Շուլերուդը։ Հուլիսի 12-ին Նաուսեդինեն, Ուկրաինայի առաջին տիկին Ելենա Զելենսկայայի հետ, կկազմակերպի այց դեպի Վիլնյուսի ուկրաինական կենտրոն։

Շվեդիայի հնարավոր անդամակցությունը ՆԱՏՕ-ին

Շվեդիան և Ֆինլանդիան, Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո, 2022 թվականի մայիսին միասին դիմեցին անդամակցելու ՆԱՏՕ-ին։ Թուրքիան միանգամից հայտարարեց, որ նախապայմաններ ունի երկու երկրներին էլ։ Անկարայի կարծիքով՝ սկանդինավյան այդ երկու երկրներն անարդարացիորեն էմբարգո էին սահմանել Թուրքիային զենքի մատակարարումների վրա և թաքցնում էին քուրդ զինյալներին, որոնց թուրքական իշխանությունները ահաբեկիչներ են անվանում։ Անկարայի ու ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ երկու երկրները համաձայնեցրեցին գործողությունների ծրագրեր, որոնք պետք է հանգեցնեին սկանդինավյան երկու երկրների անդամակցությանը Հյուսիսատլանտյան դաշինքին։  

Նախորդ տարվա հուլիսի 5-ին Մադրիդում Դաշինքի բոլոր անդամները, ներառյալ՝ Թուրքիան, ստորագրեցին ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդայի անդամակցության մասին արձանագրությունները, որոնք այնուհետ պետք է վավերացվեին անդամ երկրների խորհրդարանների կողմից։ Հելսինկիի նկատմամբ բոլոր գործընթացներն ավարտվեցին այս տարվա ապրիլի 4-ին և Ֆինլանդիան դարձավ ՆԱՏՕ-ի 31-րդ անդամը։ Շվեդիայի արձանագրությունը դեռևս չեն վավերացրել Թուրքիան և Հունգարիան։ 

Նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը առաջարկել էր ՆԱՏՕ-ին՝ Շվեդիայի անդամակցության դիմաց քննարկել Եվրամիությանը Թուրքիայի միացման հարցը։ «Ես դիմում եմ այն երկրներին, որոնք Թուրքիային արդեն ավելի քան 50 տարի ստիպում են սպասել Եվրամիության դռների առջև։ Սկզբում բացեք դեպի ԵՄ Թուրքիայի համար ճանապարհը, իսկ այնուհետ մենք կբացենք դեպի ՆԱՏՕ Շվեդիայի ուղին, ինչպես դա արդեն արել ենք Ֆինլանդիայի համար»,- Վիլնյուսում Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովին մեկնելուց առաջ հայտարարել էր Թուրքիայի նախագահը։

Իսկ երեկոյան արդեն Վիլնյուսում կայացել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգի և Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնի հանդիպումը, որից հետո Սթոլթենբերգը հայտարարեց, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը համաձայնվել է աջակցել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանը։

«Պարոն Էրդողանը համաձայնվել է որքան հնարավոր է արագ խորհրդարանի վավերացմանը ներկայացնել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության արձանագրությունը և աշխատել խորհրդարանի հետ կարճ ժամկետներում` այդ փաստաթղթի վավերացման ուղղությամբ»,- հայտարարել էր Սթոլթենբերգը՝ հավելելով, որ իր հերթին ՆԱՏՕ-ն խոստացել է ստեղծել հատուկ մեխանիզմ և ահաբեկչության դեմ պայքարի հատուկ ներկայացուցչի պաշտոն։

Թուրքական Yeni Şafak-ն էլ հայտնել էր, թե Շվեդիայի անդամակցության փոխարեն ինչ կստանա Անկարան։ Մասնավորապես, ըստ թուրքական պարբերականի, ԵՄ ներկայացուցիչները համաձայնվել են արագացնել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունները, այդ թվում` Մաքսային միությանն անդամակցելու և նրա քաղաքացիների համար առանց վիզայի այցելությունների թույլտվության մասով։

Ըստ թուրքական պարբերականի՝ թուրքական կողմի պաշտոնական ներկայացուցիչը հայտնել էր, որ «Անկարան ստացել է այն, ինչ ուզում էր, այդ իսկ պատճառով ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության գործընթացը կարագանա»։

Պատահական չէ, որ Շվեդիան, դեռևս չլինելով ՆԱՏՕ-ի անդամ, հուլիսի 12-ին հրավիրվել է մասնակցելու «ՆԱՏՕ-Ուկրաինա խորհրդի» առաջին հանդիպմանն ու ՆԱՏՕ-ի առաջնորդների բանակցություններին Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի դաշնակիցների հետ։

Ապագայում Դաշինքին Ուկրաինայի անդամակցություն և ռազմական օգնություն

Ուկրաինան, ամենայն հավանականությամբ, ՆԱՏՕ-ի այս գագաթնաժողովին հրավեր չի ստանա անդամակցելու Դաշինքին։ Դեռ հունիսի կեսերին Սթոլթենբերգը հայտարարել էր, որ բոլոր դաշնակիցները համաձայն են, որ ապագայում Ուկրաինան կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, սակայն Վիլնյուսի գագաթնաժողովի ժամանակ կքննարկվի ոչ թե անդամակցության հրավերի հարցը, այլ թե ինչպես «Դաշինքին ավելի մոտ դարձնել այդ երկրին»։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին արդեն իսկ հաստատել է, որ հուլիսի 12-ին կայցելի Լիտվայի մայրաքաղաք։ «Վիլնյուսում նախատեսված են տարբեր մակարդակի երկկողմ հանդիպումներ՝ Եվրոպայի երկրներ, Ամերիկա, Կանադա, Ճապոնիա։ Մեզ համար առաջնահերթություններն ակնհայտ են՝ մեր քաղաքների համար հակաօդային պաշտպանություն։ Դա զենք է նաև ռազմաճակատի համար։ Վիլնյուսում կլինեն բանակցություններ նաև այլ ասպեկտների շուրջ»,- հայտարարել է Ուկրաինայի առաջնորդը՝ հավելելով, որ հույս ունի Դաշինքի անդամ երկրներից ստանալ իր երկրի անդամակցության վերաբերյալ հստակ ազդակ։

Մինչ այդ, Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան էլ հայտարարել էր, որ քննարկումներից հետո ՆԱՏՕ-ի անդամ երկրները որոշել են չեղարկել Դաշինքին անդամակցության ճանապարհին Ուկրաինայի համար «Անդամակցության գործողությունների պլանը», ինչը նշանակում է, որ Կիևը կարող է ՆԱՏՕ-ին անդամակցել հեշտացված կարգով։ «Ես ողջունում եմ երկար սպասված որոշումը, որը կրճատում է դեպի ՆԱՏՕ մեր ճանապարհը»,- հայտարարել էր Կուլեբան։

Գերմանական Bild գործակալությունը, հղում անելով իր աղբյուրին, պնդում է, որ գագաթնաժողովի ժամանակ Վլադիմիր Զելենսկին ցանկանում էր պաշտոնապես դիմել Դաշինքին՝ Ուկրաինային ՆԱՏՕ-ի կազմ մտցնելու կոչով, սակայն դրան դեմ են հանդես եկել ԱՄՆ-ն ու Գերմանիան։ Financial Times-ի տվյալներով էլ՝ Բեռլինը և Վաշինգտոնը հիմա գտնվում են դաշնակիցների ուժեղ ճնշման ներքո, որոնց մյուս անդամները մեղադրում են ՆԱՏՕ-ի կազմ Ուկրաինայի անդամակցության հարցին բավարար չաջակցելու մեջ։ Պարբերականի աղբյուրները նշում են, որ Դաշինքի որոշ անդամներ «անակնկալի են եկել ԱՄՆ-ի ու Գերմանիայի պահպանողական դիրքորոշումից»։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը CNN-ին տված հարցազրույցում նշել էր, որ Ուկրաինան դեռևս պատրաստ չէ Դաշինքին անդամակցությանը, և այդ հարցը կարող է դիտարկվել միայն պատերազմի ավարտից հետո։ Ընդ որում, Բայդենը նշել էր, որ ԱՄՆ-ն Ուկրաինային կարող է տրամադրել անվտանգության երաշխիքներ, ինչպես դա արվում է Իսրայելի պարագայում։

Bild-ի ձեռքի տակ էր հայտնվել կառավարական մի փաստաթուղթ, որտեղ նշվում է, որ Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Լեհաստանը կողմ են ՆԱՏՕ-ին Ուկրաինայի շուտափույթ անդամակցմանը, սակայն այդ նախագծին չեն աջակցում Բեռլինն ու Վաշինգտոնը։ Ամերիկյան դիվանագետներից մեկը գերմանական պարբերականին հայտնել էր, որ Վաշինգտոնն Ուկրաինային ցանկանում էր առաջարկել «Ֆինլանդիայի մոդելը», ինչը նշանակում է ՆԱՏՕ-ին անդամակցություն պատերազմի ավարտից հետո մի քանի ամսվա ընթացքում։

Politico-ն էլ գրում է, որ վիլնյուսյան գագաթնաժողովի ժամանակ ՆԱՏՕ-ի անդամ երկրներն իրենց վրա կվերցնեն Ուկրաինայի մասով անհատական պարտավորություններ։ Պարբերականը նշում է, որ Դաշինքի անդամները կհրապարակեն հռչակագիր, որտեղ կնշվի Ուկրաինային անվտանգության երաշխիքների տրամադրման մասին։ Ակնկալվում է, որ որոշ երկրներ անհատական կարգով Ուկրաինային երկարաժամկետ հեռանկարում կտրամադրեն մշտական ռազմական օգնություն։ Բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը նշել է, որ «դա կլինի զսպիչ գործոն Ուկրաինայի դեմ ապագա ցանկացած ագրեսիայի համար»։ 

Ինչպես փոխանցում են Financial Times-ի աղբյուրները, այդպիսի անհատական պարտավորություններ կստանձնեն ԱՄՆ-ն, Գերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան։ Դրանք կներառեն Ուկրաինային ռազմական մատակարարումները, հետախուզական տվյալների փոխանակումը և պաշտպանական քաղաքականության բարեփոխումներում աջակցությունը։ 

Հատկանշական կլինի նաև «ՆԱՏՕ-Ուկրաինա խորհրդի» ստեղծումը, որտեղ յուրաքանչյուր անդամ կունենա հավասար ձայնի իրավունք, ի տարբերություն նախկինում գոյություն ունեցող «ՆԱՏՕ-Ուկրաինա հանձնաժողովի»։

Տարածաշրջանային պլանների վերստեղծում

Մի քանի օր առաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Ենս Սթոլթենբերգը հայտարարել էր երեք տարածաշրջանային պաշտպանական պլանների ստեղծման մասին։ «Մենք նոր կարևոր քայլեր ենք անելու սեփական անվտանգության ամրապնդման ուղղությամբ։ Կհաստատվի անվտանգության երեք նոր տարածաշրջանային պլան՝ հիմնական սպառնալիքների՝ Ռուսաստանի և ահաբեկչության դեմ պայքարի համար։ Հյուսիսում դա այն տարածաշրջանն է, որն ընդգրկում է Ատլանտյան օվկիանոսը և Արկտիկայի եվրոպական հատվածը: Կենտրոնական շրջանը ընդգրկում է Բալթյան տարածաշրջանը և Կենտրոնական Եվրոպան։ Եվ Հարավային պլանը ստեղծվել է միջերկրածովյան և սևծովյան տարածաշրջանների համար»,- հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը՝ հավելելով, որ ՆԱՏՕ-ն այդ պլանների իրագործման համար կներգրավի շուրջ 300 000 զինվորականի, ինչպես նաև օդային պաշտպանության զգալի միջոցներ։

Ինչպես նշում է Reuters գործակալությունը, սրանք կդառնան առաջին տարածաշրջանային պլանները, որոնք ՆԱՏՕ-ն կդիտարկի Սառը պատերազմի ավարտից հետո։ Գործակալությունը նշում է, որ Դաշինքը տասնամյակներ շարունակ պաշտպանական պլանների ծրագրման կարիք չի տեսել, իսկ դրանց վերստեղծումը խոսում է Դաշինքում առաջնահերթությունների և քաղաքականության փոփոխության մասին։ Բացի տարածաշրջանային պլաններից, անդամ երկրներին կառաջարկվեն սեփական զինված ուժերի արդիականացման պլաններ։

Կերկարաձգվի Ենս Սթոլթենբերգի պաշտոնավարման ժամկետը

Դաշինքի ներքին գլխավոր հարցերից մեկը կլինի մինչև 2024 թվականի հոկտեմբերը գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգի պաշտոնավարման ժամկետի երկարաձգումը։ Սա պայմանավորված է նրանով, որ Դաշինքում միասնական մոտեցում չկա հաջորդ թեկնածուի շուրջ։ 

Ավելի վաղ, Սթոլթենբերգն իր պաշտոնավարման ժամկետի երկարաձգումն անվանել էր «մեծ պատիվ»։ «Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի միջև տրանսատլանտյան կապը ապահովում է մեր ազատությունն ու անվտանգությունը գրեթե 70 տարի շարունակ, և առավել վտանգավոր աշխարհում մեր մեծ միությունը կարևոր է ինչպես երբևէ»,- հայտարարել էր նորվեգացին։

Ենս Սթոլթենբերգը ՆԱՏՕ-ն գլխավորում է 2014 թվականից։ Փետրվարին նա հայտարարեց, որ չի պնդի իր մանդատի երկարաձգում։ Սթոլթենբերգը ՆԱՏՕ-ում իր աշխատանքը թողնելուց հետո պետք է գլխավորեր Նորվեգիայի բանկը, սակայն այդ պաշտոնավորումը կհետաձգվի ևս մեկ տարով։

Լուսանկարը՝ EPA Photo-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter