HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ՀԱՀ իշխանությունները խնդրել են, որ ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին Պուտինի փոխարեն ՌԴ-ն ներկայացնի Լավրովը. Մոսկվան մերժել է

Ռուսաստանը մերժել է Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսայի խնդրանքն այն մասին, որ 2023 թվականի օգոստոսին ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի ժամանակ ռուսական պատվիրակությունը, Վլադիմիր Պուտինի փոխարեն, գլխավորի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Այդ մասին տեղական Mail & Guardian թերթին հայտնել է ՀԱՀ փոխնախագահ Փոլ Մաշաթիլեն:

«Մենք հասկանում ենք, որ կապված ենք Հռոմի ստատուտի հետ, բայց մենք չենք կարող հրավիրել ինչ-որ մեկին, իսկ հետո ձերբակալել նրան։ Մենք ուրախ կլինեինք, եթե նա չգար»,- հայտարարել է նա։

Պարբերականը գրում է, որ ավելի վաղ Հարավաֆրիկյան Հանրապետության իշխանությունները գագաթնաժողովին ռուսական պատվիրակության մասնակցության երեք տարբերակ էին առաջարկել։ Առաջինի համաձայն՝ ռուսական պատվիրակությունը կղեկավարի ՌԴ ԱԳ նախարարը, երկրորդի համաձայն՝ Պուտինը գագաթնաժողովին կմասնակցի առցանց ձևաչափով, իսկ երրորդ սցենարի համաձայն՝ ՀԱՀ-ը կխնդրի Չինաստանին հանդիպումն անցկացնել իր տարածքում։

Մաշաթիլեի խոսքով՝ Չինաստան գագաթնաժողովի տեղափոխմանը դեմ են արտահայտվել Հնդկաստանը և Բրազիլիան։ Փոխնախագահը հավելել է, որ հանդիպմանը Պուտինի մասնակցության շուրջ բանակցությունները դեռևս շարունակվում են։ 

Հիշեցնենք, որ մարտի 17-ին Հաագայի միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալության միջազգային օրդեր էր տվել։ Նա, ինչպես նաև Ռուսաստանի նախագահի երեխաների հարցերով հանձնակատար Մարիա Լվովա-Բելովան, մեղադրվում են Ուկրաինայի բռնազավթված տարածքներից ուկրաինացի երեխաների բռնի տեղահանման մեջ։

«Այսօր` 2023 թվականի մարտի 17-ին, Միջազգային քրեական դատարանի մինչդատական վարույթի երկրորդ պալատը Ուկրաինայում առկա իրավիճակի համատեքստում երկու անձի՝ պարոն Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի և տիկին Մարիա Ալեքսեևնա Լվովա-Բելովայի ձերբակալման օրդերներ է տվել»,- ասված էր Դատարանի տարածած հաղորդագրության մեջ։

Լուսանկարը՝ Alexei Nikolsky/Kremlin via Reuters

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter