HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Բաքուն դժգոհ է ՌԴ ԱԳՆ հայտարարությունից

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը Արցախում առկա իրավիճակի վերաբերյալ նախօրեին ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրությունն անվանել է «երկու երկրների միջև «Դաշնակցային փոխգործակցության մասին» հռչակագրին չհամապատասխանող»։

«Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության՝ 2023 թվականի հուլիսի 15-ի հայտարարությունը, որը մեկնաբանում է եռակողմ հայտարարությունը (2020 թվականի նոյեմբերի 9/10) և խաղաղության գործընթացը (Ադրբեջանի և Հայաստանի միջև-խմբ.), տարակուսանք և հիասթափություն է առաջացնում։ Այս հայտարարությունը չի համապատասխանում Ադրբեջանի և Ռուսաստանի միջև «Դաշնակցային փոխգործակցության մասին« հռչակագրին և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթներին, որտեղ նա աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, ներառյալ ղարաբաղյան տարածաշրջանը»,- ասված է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության մեջ։

Ըստ ադրբեջանական կողմի՝ «անթույլատրելի է Ռուսաստանի ԱԳՆ-ի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության մեկնաբանումը Հայաստանի վարչապետի կողմից Ղարաբաղը Ադրբեջանի բաղկացուցիչ մաս ճանաչելու փաստի համատեքստում»։ Հայտարարության մեջ նշվում է, որ ադրբեջանական կողմը, իբր, «ձեռնարկում է գործնական քայլեր, որոնք ուղղված են Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի առաջմղմանը», ինչպես նաև հավելում, թե, իբր, «Ադրբեջանը մշտապես ցուցաբերել է հանձնառություն՝ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրված եռակողմ հայտարարությանը»։

Հիշեցնենք, որ նախօրեին ՌԴ ԱԳՆ-ն, Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների բանակցությունների ֆոնին, որին մասնակցում էր նաև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, հաղորդագրություն էր տարածել, որտեղ Երևանին և Բաքվին առաջարկում էր առաջիկայում Մոսկվայում կազմակերպել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպում և կոչ անում այդ գործընթացում չներգրավել երրորդ երկրների։

«Պատրաստ ենք մոտ ժամանակներս Մոսկվայում կազմակերպել արտգործնախարարների եռակողմ հանդիպում՝ քննարկելու բարձր մակարդակով ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ուղիները, ներառյալ խաղաղության պայմանագրի համաձայնեցման թեման, որին Մոսկվայում կարող է հաջորդել հայ-ռուս-ադրբեջանական գագաթնաժողովը՝ հիշյալ փաստաթղթի ստորագրման համար»,- հայտարարել էին ռուսական արտաքին քաղաքական գերատեսչությունում։

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում մտահոգություն էին հայտնել Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակի վերաբերյալ, որը, ըստ ՌԴ ԱԳՆ-ի, «զարգանում է բացասական սցենարով»։ «Այդ տարածքում խորանում է հումանիտար ճգնաժամը։ Տեղի բնակչությունը սննդի, դեղորայքի, առաջին անհրաժեշտության պարագաների սուր պակաս է զգում, գործնականում զրկված է էլեկտրականությունից և գազամատակարարումից։ Դա կարող է ամենադրամատիկ հետևանքներն ունենալ Ղարաբաղի հայերի՝ տարածաշրջանի շարքային բնակիչների համար»,- նշվում է հայտարարության մեջ։ 

Ռուսական կողմը Ադրբեջանին կոչ է արել նաև անհապաղ քայլեր ձեռնարկել Լաչինի միջանցքի բացման ուղղությամբ, վերականգնել այնտեղով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երկկողմ անարգել երթևեկությունը, ինչպես նաև վերականգնել էներգամատակարարումը։

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման հետևանքով՝ Արցախում արդեն մի քանի ամիս է սուր ճգնաժամ է։ Ստեփանակերտում և մյուս բնակավայրերում առկա է պարենի, վառելիքի և դեղորայքի խիստ պակաս։ Ադրբեջանական կողմը փակել է նաև դեպի Արցախ էլեկտրասնուցումն ու գազամատակարարումը։ Ռուսական կողմը, որը պատասխանատու է Արցախի բնակչության անվտանգության և մարտական գործողությունների բացառման համար, չի կարողանում կատարել իր պարտավորություններն ու ստիպել Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը։

Լուսանկարը՝ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter