
Նոր հայց. այս անգամ Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցի տնօրենն ընդդեմ «7 օր»-ի
Տաթևիկ Շալջյան
Քրիստինե Աղալարյան
Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի տնօրեն Ռուզաննա Ազիզյանը դատի է տվել «7օր» (www.7or.am) լրատվամիջոցին:
«7օր»-ը այս տարվա ապրիլի 16-ին հրապարակել է Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի տնօրեն Ռուզաննա Ազիզյանի վերաբերյալ «Սերժ Սարգսյանի համակուրսեցի տնօրենը ուսուցիչներից 100 դոլա՞ր է պահանջում» վերնագրով նյութը` նույն դպրոցի ծնողների ահազանգով, որ դպրոցի տնօրեն Ռուզաննա Ազիզյանն առաջին դասարանի ուսուցիչներից 100–ական դոլար է պահանջում։
Սակայն հաջորդ օրը' ապրիլի 17-ին «7 օր»-ը ստացել է Ռուզաննա Ազիզյանի փաստաբան Արշակ Թովմասյանի պարզաբանումն առ այն, որ «7օր» լրատվամիջոցին ահազանգողները ոչ թե դժգոհ ծնողներ են, այլ դպրոցից ազատված 2-3 նախկին ուսուցչուհիներ, որոնք «հալածյալի» կերպարանք ընդունած ամեն կերպ փորձում են վարկաբեկել թե Ռ. Ազիզյանին և թե դպրոցի ողջ կոլեկտիվին:
Ա.Թովմասյանը նաև տեղեկացրել է, որ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Երևանի Մ.Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոց ՊՈԱԿ-ի և Ռ. Ազիզյանի՝ պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկությունները տարածելու փաստով հերքում ներկայացնելու մասին դիմումով հայցն ընդդեմ նախկին ուսուցչուհիների: Եվ առաջին ատյանի դատարանը, և ՀՀ վերաքննիչ դատարանն իրենց վճռով և որոշմամբ, պարտավորեցրել են նախկին ուսուցչուհիներին տարբեր լրատվամիջոցներով հերքելու թիվ 11 դպրոց ՊՈԱԿ-ի և Ռուզաննա Ազիզյանի պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկությունները:
«7օր»-ը հրապարակել է փաստաբանի պարզաբանումը որոշ կրճատումներով «Հերքում» խորագրի ներքո' «Ձեզ զանգահարողները ոչ թե դժգոհ ծնողներ են, այլ դպրոցից ազատված 2-3 նախկին ուսուցչուհիներ» վերնագրով: Այնուամենայնիվ, Ռուզաննա Ազիզյանին դա չի բավարարել. նա դիմել է Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ «7օր»-ի՝ ներկայացնելով պատիվը, արժանապատվությունը արատավորող տեղեկություններ տարածելու փաստով հերքում ներկայացնելու և նույն լրատվամիջոցով ներողություն խնդրելու հայցապահանջ:
«Հետքի» հետ զրույցում «7 օր» կայքը հրատարակող «Թևանյան»ՍՊԸ-ի տնօրեն Անդրանիկ Թևանյանը հայտնեց, որ իրենք գործել են օրենքի շրջանակներում և ստացած պարզաբանումը տեղադրել են. «Համաձայն օրենսդրության' մենք մեկշաբաթյա ժամկետում պիտի տեղադրեինք, և ծավալը չպետք է գերազանցեր մեր հրապարակմանը, բայց իրենց ուղարկած պարզաբանման ծավալը շատ ավելի մեծ էր, և հաջորդ օրը մենք, նույն ծավալը պահելով, տեղադրել ենք ու տեղեկացանք, որ դատի են տվել' պահանջելով, որ հերքում տպագրենք, այնինչ մենք հերքումն արդեն տպագրել ենք»,- ասաց Ա. Թևանյանը:
«Մինչև դատի տալը` մենք ասել էինք հերքում տպագրենք, բայց իրենք իմ գրությունը տպագրեցին ոչ ամբողջական վիճակում, կիսատ, կտրտած, ու անունը դրել են հերքում: Ես հերքում չէի ուղարկել, ես գրություն էի ուղարկել անունը չէի դրել հերքում, ես լրիվ պարզաբանել էի»,-«Հետքին» ասաց դպրոցի տնօրենի փաստաբան Արշակ Թովմասյանը:
Եթե www.7or.am-ը չապացուցի, որ նյութում առկա տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, ապա տնօրենը պահանջում է ներողություն խնդրել և վճարել 100 հազար դրամ կատարած փաստաբանական ծառայությունների դիմաց:
Անդրանիկ Թևանյանն ասաց, որ «7օր»-ի խմբագրությունը ծնողների նամակը ստացել էր էլեկտրոնային փոստով: Այն անանուն է եղել, սակայն որպես կանոն փորձը ցույց է տվել, որ դպրոցներում կաշառակերության դեպքերը հաստատվում են, ԿԳ նախարարությունն էլ նման հրապարակումները դիտարկում է որպես ահազանգ և արձագանքում է, այդ պատճառով տեղադրել են, բայց չեն պնդել, որ այդպես է: «Մենք չենք պնդել, որպեսզի ապացուցենք, այլ հարցականով ենք գրել նյութը»,- ասում է Անդրանիկ Թևանյանը:
Վիճահարույց հրապարակումից հետո Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցի ծնողները եկել են խմբագրություն' բողոքելու, թե ինչու է նման նյութ տեղադրվել: Անդրանիկ Թևանյանն առաջարկել է իրենց բողոքը կամ հերքումը գրավոր ներկայացնել, և 7or.am-ը կհրապարակի այն: Սակայն ծնողները դա չեն արել:
Առաջին դատական նիստը դատարանը հետաձգել է' հնարավորություն տալով կողմերին համաձայնության գալ: «Ես իրենց առաջարկեցի, որ մենք կարող ենք նյութ պատրաստել, որ ձերոնք եկել են և պնդում էին, որ դպրոցում կաշառակերություն չկա, մենք դա կտեղադրենք: Բայց իրենք իրենց կողմից առաջարկեցին «7օր»-ի ինքնանվաստացման տեքստ, այսինքն' «7օր»-ը պետք է մեղանչեր, ծնկի գար, ներողություն խնդրեր և հայցեր տնօրենի ներողամտությունը: Այսինքն' մի բան, որ մենք չենք պնդել, փաստն ենք արձանագրել»,- հիմնավորում է Ա. Թևանյանը:
Վերջին դատական նիստին դպրոցի տնօրենի փաստաբան Արշակ Թովմասյանը ասել է, որ նոր պահանջ ունի, որը պետք է ներկայացնի: Թե ինչ պահանջ է, դեռ պարզ չէ: Նիստը հետաձգվել է, և առ այսօր նոր պահանջի գրավոր տեքստը 7.or.am-ը չի ստացել:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել