
Քրեական վարույթ է նախաձեռնվել Գյուլագարակի ՔՊ-ական ղեկավարի վերաբերյալ «Հետքի» հրապարակման հիման վրա
Քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի ՔՊ-ական ղեկավարի կողմից համայնքային հողերի զավթումը չկանխելու փաստի առթիվ։
«Հետքը» ավելի վաղ գրել էր, որ Գյուլագարակի ՔՊ-ական համայնքապետը տիրացել է համայնքային հողերին։ Այդ հրապարակման մեջ գրել էինք, որ համայնքապետ Խաչիկ Վարդանյանը, տարիներ առաջ զբաղեցնելով նույն պաշտոնը, համայնքային հողում ապօրինի կառուցապատում է իրականացրել։ Դրանից տարիներ անց, կրկին ստանձնելով համայնքի ղեկավարումը, ինքնակամ կառուցված քոթեջներն օրինականացրել և գրանցել էր իր քրոջ որդու անունով։
Լոռու մարզի դատախազ Վ․ Պետրոսյանը մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել է, որ քրեական վարույթ նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 447-րդ հոդվածի հատկանիշներով (համայնքային կամ պետական հողերի զավթումը, ինչպես նաև շինությունների ապօրինի կառուցապատումը չկանխելը)։ Նշված հանցավոր արարքի համար Քրեական օրենսգիրքը, որպես պատիժ, սահմանում է տուգանքից մինչև 1 տարի ազատազրկում:
Մեկնաբանել