HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

Կանայք հանուն Արցախի. հացադուլ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև

Այսօր` առավոտյան ժամը 8:00-ից, բանասիրական գիտությունների թեկնածու, արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ Անուշ Սեդրակյանն ու բանաստեղծուհի Հասմիկ Սիմոնյանը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առաջ մեկօրյա հացադուլ են հայտարարել ի աջակցություն Արցախի։

7 ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախում, պարենային ճգնաժամ է։ Անուշ Սեդրակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ առաջարկում է խորհրդանշական մեկօրյա հացադուլ սկսել, բանաստեղծուհի Հասմիկ Սիմոնյանն էլ առաջինն էր արձագանքել ու միացել։

Անուշ Սեդրակյանն ուզում է նախաձեռնությունը դարձնել շարունակական։ Արձագանքողներ եղել են, վաղն` առավոտյան ժամը 8-ից, նոր մարդիկ կփոխարինեն նրանց։

Անուշ Սեդրակյանը նշում է, որ նման արձագանք քաղաքացիներից չէր սպասում, կազմակերպիչը նախաձեռնությանն ավելի թերահավատորեն էր մոտենում, բայց առավոտից նրանց են մոտենում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի աշխատակիցները, ոստիկաններ, քաղաքացիներ, ողջունում են նախաձեռնությունը, հետաքրքրվում, թե ինչպես են իրենց զգում։ Քաղաքացիները ցանկություն են հայտնում նաև միանալ։

«Առաջին գերխնդիրն Արցախին պարենով ապահովելն է։ Ամենակարևորն այն է, որ ակցիան  շարունակական է լինելու, մեզ պարբերաբար մոտենում են, գոտեպնդում են, քաջալերում են, մեզ թվում էր, որ մենք մենակ ենք լինելու, բայց այդպես չէ, մարդիկ սիրով համաձայնում են հաջորդ օրերին էլ իրենք միանալ նախաձեռնությանն ու մեկօրյա հացադուլ անել»,-ասում է Հասմիկ Սիմոնյանը։

 Նա նշեց, որ մեկօրյա հացադուլի կազմակերպումը իրենց համար մխիթարություն է, ինչ-որ կերպ ցույց տալու, որ չեն մոռանում Արցախի մասին։

«Մեզ գալիս պարբերաբար սնունդ են առաջարկում, բայց մենք բացատրում ենք, որ քանի որ Արցախում  շատ մարդիկ հիմա սոված են, մենք մեր ապրումակցելը արտահայտում ենք այս քայլով»,-ասում է Անուշ Սեդրակյանը։

Նախաձեռնության արձագանքները ակցիայի մասնակիցների խոսքով ոգևորիչ են։ Անուշ Սեդրակյանը կարծում է, որ հանրային շարժումը շատ բան կարող է փոխել, իսկ հումանիտար աղետի առջև կանգնած Արցախը ունի քաղաքացիական աջակցության կարիքը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter