
Այլմոլորակայինները Բյուրականում․ Գարուշ Մելքոնյանի «Կոսմովիժն» ֆիլմը
1977թ.-ին ՆԱՍԱ-ն միջմոլորակային հետազոտությունների ծրագրի շրջանակում գործարկեց երկու տիեզերական զոնդ, որոնք իրենց հետ Տիեզերք էին տեղափոխում «Ոսկե ձայնագրություն»-ը: Այն իր մեջ ներառում էր հնչյուններ, ձայներ, երաժշտություն, խոսք Երկիր մոլորակից։ Ձայնագրությունը հնարավորինս սպառիչ կերպով պետք է նկարագրեր մարդկային քաղաքակրթությունը տիեզերական ճամփորդության ընթացքում հանդիպող պոտենցիալ այլմոլորակայիններին։
Պատմական այս իրողությունից է ոգեշնչված Գարուշ Մելքոնյանի «Աշխարհայացք»(Cosmovision) կարճամետրաժ ֆիլմը։ Այն հեղինակի մյուս «Իտալական մեթոդ» կարճամետրաժ ֆիլմի հետ ցուցադրվեց հուլիսի 14-ին՝ Կինոյի տան փոքր դահլիճում, հեղինակի ներկայությամբ։ Գարուշ Մելքոնյանի կարճամետրաժ երկու ֆիլմերը ընդգրկվել էին «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի Ծուռ ծիրան ծրագրում։
«Աշխարհայացք»(Cosmovision) ֆիլմը միջմոլորակային տիրույթ 1977թ․-ին բաց թողնված հաղորդագրության հնարավոր շարունակության մասին է: Ֆիլմում պատկերվում են Երկիր մոլորակի հաղորդագրությունը ստացած երկու այլմոլորակայինները (դերերում՝ պարուհի, դերասնուհի Տոմա Այդինյան և Գաել Մընար)։ Նրանք ժամանում են Երկիր մոլորակ՝ ավելի կոնկրետ Հայաստան՝ Բյուրական։ Ստանալով մարդկային կերպարանք՝ երկնային մարմինները սկսում են հետազոտել, ուսումնասիրել անհայտ լանդշաֆտը: Հայտնաբերում են Բյուրականի լեռների մեջտեղում կորած հսկայական աստղադիտարանը, անմխիթար ու ամայի տարածքները, շենք-շինությունները։ Ծանոթանում են մոլորակի սահմանները գերազանցելու մարդկային փորձի նշանների հետ։
«Գարուշի ստեղծագործություններին հետևում եմ վաղուց, նա ժամանակակից արվեստագետ է, սովորել, աշխատում է Ֆրանսիայում։ Միջգիտակարգային մոտեցմամբ իր ստեղծագործություններում նա հաճախ ստեղծում է ինստալյացիաներ, որոնք ներառում են շարժական պատկերներ, լուսանկարչություն, քանդակագործություն։ Գարուշի աշխատանքներին հետևելով՝ նկատվում է աստիճանաբար անցում՝ ժամանակակից արվեստից դեպի կինո»,-ֆիլմի ցուցադրության վերջում այսպես ներկայացրեց հեղինակին «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի Ծուռ ծիրան ծրագրի ղեկավար արվեստաբան Վիգեն Գալստյանը։
«Արվեստի մեջ սահմանները գնալով անհետանում են, բայց և այնպես ինձ ավելի հոգեհարազատ է ժամանակակից արվեստի տիրույթը։ Կինոն լրիվ ուրիշ էկոնոմիկա, ուրիշ ինդուստրիայի մաս է կազմում։ Ավելի դժվար է պրոյեկտներ անել ֆիլմում, ավելի երկար ժամանակ է պետք գաղափարներդ իրագործելու համար քան ժամանակակից արվեստում»,-ասաց Գարուշ Մելքոնյանը
Խոսելով իր վերջին «Կոսմովիժն» կարճամերտրաժ ֆիլմից՝ հեղինակը պատմեց, որ այն ֆինանսավորվել է Ֆրանսիայի մշակույթի նախարարության կողմից և պետք է նկարահանվեր այնտեղ, բայց նա կարողացել է համոզել, որ ֆիլմը նկարահանվի Բյուրականում։
«Բացի Բյուրականի էսթետիկ տեսարաններից այստեղ նկարելը խորհրդանշական էր նաև նրանով, որ այստեղ է 1971թ․-ին անցկացվել այլմոլորակայինների հետ կապ հաստատելու խնդիրների վերաբերյալ միջազգային առաջին գիտաժողովը, որտեղ ԱՄՆ-ի դելեգացիայի ղեկավարն էր աշխարհահռչակ գիտնական Կարլ Սագանը։ Վիկտոր Համբարձումյանի ղեկավարությամբ Բյուրականը աշխարհի գիտական կենտրոններից էր»․-ասաց Գարուշ Մելքոնյանը և ավելացրեց, որ 1977թ․ բաց Տիեզերք ուղարկված հաղորդագրության մեջ մարդկային քաղաքակրթության մասին պատմող նյութերի մեջ կա բացթողում, և եթե այն ուղարկվեր հիմա, կարելի էր ավելացնել տեղեկություններ Երկիր մոլորակի վրա տեղի ունեցող պատերազմների, հիվանդությունների և մահվան մասին։
Գարուշ Մելքոնյանը Աբովյան քաղաքից է, սովորել է Փարիզի École Nationale Supèrieure des Beaux-Arts des (Գեղարվեստի ազգային դպրոց)-ում: Նա մուլտիմեդիա արտիստ է, ապրում է Ֆրանսիայում։ Գարուշ Մելքոնյանի աշխատանքները ցուցադրվել են Տոկիոյի, Մեխիկոյի, Ֆրանկֆուրտի ցուցասրահներում։
Մեկնաբանել