HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լրագրող Հայկ Ղազարյանի վրա հարձակման փաստով Արցախի դատախազությունում դեռ քրեական գործ չի հարուցվել

2023 թվականի հուլիսի 9-ին «Սիվիլնեթի» լրագրող Հայկ Ղազարյանը բողոքի ակցիա էր լուսաբանում Արցախի Դատախազության շենքի առաջ: Ակցիայի մասնակիցները պահանջում էին թույլ տալ փաստաբաններ Ռոման Երիցյանին, Ռաֆայել Ջհանգիրյանին և Վրույր Պետրոսյանին տեսակցել իրենց պաշտպանյալին՝  Արման Իսրայելյանին, որը կալանավորվել է հունիսի 4-ին և մեղադրվում է պետական դավաճանության մեջ: Արման Իսրայելյանի փաստաբաններից Ռաֆայել Ջհանգիրյանի խոսքով՝ հուլիսի 8-ին ԱԱԾ աշխատակիցը Արցախի ՄԻՊ-ի ներկայությամբ նրանց հայտնել է, որ չեն կարողանում ապահովել պաշտպանյալի հետ տեսակցությունը, և որ այն  կկայանա հաջորդ օրը, ժամը 10:00-ին: Բայց հաջորդ օրը նույնպես չեն թույլատրել տեսակցել պաշտպանյալին ու նորից՝ առանց որևէ պատճառաբանության: 

Հայկ Ղազարյանի խոսքով՝ հավաքի ժամանակ մասնակիցները և ոստիկանները իրար հրմշտում էին, իսկ ինքն այդ պահին հեռախոսով տեսանկարահանում էր: 

«Հետևից ոստիկաններից մեկը մոտեցավ ու վերցրեց հեռախոսը, քաղաքացիական հագուստով էր, բայց ճանաչեցի․ Արայիկ Գասպարյանն էր, կոչումով՝ գնդապետ։ Սկսեցի գոռալ, որ լրագրող եմ, լրատվամիջոց եմ ներկայացնում։ Այդ պահին խոսակցություն ենք ունեցել, ասաց, որ բեյջը շալվարի գույնին էր, չի նկատել: Բայց ինքը հետևից էր եկել, այսինքն չի էլ նայել՝ լրագրող է, թե՝ չէ: Հեռախոսը հետ չտվեց: Դիմեցի Մարդու իրավունքների պաշտպանին, որից հետո միայն իր միջամտությամբ ոստիկանության քաղաքային վարչությունից վերցրեցի այն: Վերցնելուց հետո պարզեցի, որ տեսագրությունները ջնջված են»,- պատմում է Հայկը: 

Դեպքից հետո նա ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատմել է տեղի ունեցածը, քննադատել Արայիկ Գասպարյանին ու Արցախի ներքին գործերի նախարարության գործունեությունը: 

«Ես դա արել եմ հետագայում նման դեպքերը բացառելու նպատակով և խնդրել եմ, որ չկրկնվի նման վարքագիծ»,- նշում է նա: 

Հաջորդ օրը Հայկին զանգել են Արցախի ազգային անվտանգության ծառայությունից և խնդրել են հանդիպել: Նրա խոսքով՝ հանդիպումը եղել է ԱԱԾ ղեկավար Արարատ  Մելքումյանի հետ, որի ընթացքում վերջինն իր հետ խոսել է ճնշող ու սպառնալից տոնով, հորդորել, որ ներողության տեքստ հրապարակի կամ ներողություն խնդրի ուղիղ եթերում: 

«Տնօրենի հետ զրույցը շատ կոպիտ էր, անընդհատ ինձ նույնականացնում էին փաստաբանների հետ, որոնք բողոքում էին դատախազության առաջ: Իսկ դա նրանց բողոքն էր, որի հետ ես կապ չունեի: Ես միաժամանակ ուզում եմ այն միտքը հասցնել մարդկանց, որ երբ մի բան լուսաբանում ես, դա չի նշանակում, որ դու դրա կողմնակիցն ես: Բողոքի ակցիայում աջակցում էին կալանավորված Արման Իսրայելյանի պաշտպաններին: Պաշտպանների կարծիքով՝ իրենց իրավունքները խախտված էին, նրանց թույլ չեն տվել տեսակցել իրենց պաշտպանյալին»,- նշում է Հայկը: 

ԱԱԾ ղեկավար Արարատ Մելքումյանի հետ հանդիպումից հետո «Սիվիլնեթը» հրապարակեց հոդված տեղի ունեցածի մասին՝ կոչ անելով Արցախի ուժային կառույցներին գործել բացառապես օրինականության շրջանակներում: 

«Ես գրեցի այդ տեքստը ապահովության համար: Գրեցի ի լուր աշխարհի, Արցախի ու լրագրողական համայնքի, որ ամենքս պետք է մեր գործով զբաղվենք: Հրապարակվելուց մոտ երկու ժամ հետո «Սիվիլնեթի» Ստեփանակերտի գրասենյակի մոտակայքում հարձակվեցին ինձ վրա: Սկզբում մտածեցի՝ ԱԱԾ-ից են, քանի որ հանդիպումից հետո անընդհատ զանգում էին, ասում էին՝ բա տեքստդ ինչ եղավ: Հետո հասկացա, որ ոստիկանությունից են: Մեկին հեռակա ճանաչում էի՝ Վրեժ Օհանյանն էր: Ենթադրում եմ, որ ուզում էին առևանգել: Փորձեցին մեքենայի մեջ գցել, սակայն սկսեցի բարձր գոռալ, որ մարդիկ լսեն, չթողնեն: Այդ ընթացքում ինձ քաշքշում էին, խփում, նաև քիթս էին վնասել: Ենթադրում եմ, որ ավելի վաղ ուղիղ եթերում իմ քննադատությունը դուր չի եկել Ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանին, ինչն ինձ համար շատ տարօրինակ է, որովհետև Արցախում ամենասարսափելի ձևով նույնիսկ նախագահին են քննադատում, տարբեր հանդիպումների ինչ հարց ուզում՝ տալիս են: Այսքան տարի Արցախում ես ինձ ազատ եմ զգացել: Համենայնդեպս, շատերը իրենց զուսպ էին պահում իմ նկատմամբ: Առանց այն էլ լրագրողները շատ բան չգիտեն, լուսաբանելու հնարավորություն չունեն»,- ասում է Հայկ Ղազարյանը: 

Նա դատախազության Հատուկ քննչական բաժնում հաղորդում է ներկայացրել հենց հարձակման օրը։ Նախաձեռնվել է վարույթ, հաղորդման ստուգումն իրականացնում է քննիչ Վարդան Միքայելյանը: 

Արցախի ներքին գործերի նախարարության մամուլի պատասխանատու Հունան Թադևոսյանը «Հետքին» ասաց. «Կարեն Սարգսյանն այնքան փոքր մարդ չէ, որ լրագրող առևանգի կամ հրահանգի, որ լրագրող առևանգեն»: Անձամբ նախարարի հետ կապ հաստատել մեզ չհաջողվեց, իսկ մամլո խոսնակը նշեց, որ նախարարն ավելին չի ասելու: 

Հայկ Ղազարյանի վրա հարձակման օրը՝ հուլիսի 11-ին, հարձակում է տեղի ունեցել նաև դավաճանության գործով մեղադրյալ Արման Իսրայելյանի փաստաբանների գրասենյակի վրա: Ռաֆայել Ջհանգիրյանն ասում է, որ վեց հոգանոց խմբով մտել են գրասենյակ, սկզբում փորձել են զրուցել, հետո սկսել են ճնշում գործադրել: Զանգել է Ոստիկանություն՝ հաղորդում տալու, սակայն մինչև ոստիկանությունը ժամանել է, գրասենյակը, մասնավորապես՝ Ռոման Երիցյանի աշխատասենյակը ավերված վիճակում էր: 

«Պատճառը մեր մասնագիտական գործունեությունն էր: Անկախ ամեն ինչից, մենք ընդամենը մեր աշխատանքն ենք կատարում, յուրաքանչյուր ոք ունի պաշտպանության իրավունք, դա սահմանափակման ենթակա իրավունք չէ: Մեղքը հաստատված չէ, կա անմեղության կանխավարկած: Մեր կարծիքով, նրանք ուղղորդված էին եկել, իրավապահների կողմից ուղղորդված: Մենք փորձել ենք բացատրել այս ամենը, սակայն մեզ չէին ուզում լսել: Դրա համար մեզ մոտ ողջամիտ կասկած է ձևավորվել, որ նրանց ուղղորդված են ուղարկել: Ոստիկանները դեպքից հետո հարցնում էին՝ հաղորդում տալիս ենք, թե չէ, ինչից հասկացանք, որ ոստիկանություն դիմելու իմաստ չկա: Հաղորդումը ներկայացրել ենք Քննչական կոմիտե»,- նշում է Ռաֆայել Ջհանգիրյանը: 

Այս պահին նախաքննություն է տարվում, որի ընթացքում կպարզվեն դեպքի մանրամասները: Փաստաբաններն ասում են, որ գրասենյակին մոտավոր հաշվարկով, մեկ միլիոնից ավելի վնաս է հասցվել, սակայն հստակ չափը կպարզվի փորձաքննությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter