
Ռուսաստանում առնվազն 1 միլիարդ ռուբլի են գնահատում Ղրիմի կամրջի վերականգնումը
ՌԴ փոխվարչապետ Մարատ Խուսնուլինը հայտարարել է, որ Ղրիմի կամրջի վերականգնման համար կարող է ծախսվել 1-1,3 միլիարդ ռուբլի։ Այդ մասին հայտնում է Коммерсант-ը։
Նրա խոսքով՝ Ղրիմի կամրջի վերանորոգման համար անհրաժեշտ է 250 մետր երկարությամբ լրացուցիչ կամուրջ կառուցել, որի վրա կաշխատեն ծանրաքաշ ամբարձիչներ։ Ըստ նրա՝ դրանց օգնությամբ նախատեսվում է բարձրացնել կամրջի վնասված հատվածները:
«Արդեն երեկ Տոլյատիից սկսել են խողովակների, մետաղական կոնստրուկցիաների տեղափոխումը։ Երկու ամսում մենք այն (ժամանակավոր կամուրջը- խմբ.) կկառուցենք»,- հայտարարել է ռուսաստանցի պաշտոնյան։
Հիշեցնենք, որ հուլիսի 17-ի գիշերը Ղրիմի կամրջի վրա պայթյուն էր տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել էր ավտոմեքենաներից մեկում գտնվող ամուսնական զույգը։ Նրանց 14-ամյա դուստրը վիրավորվել էր։
Բացի այդ, վնասվել էր նաև կամրջի ավտոմոբիլային հատվածը։ ՌԴ իշխանությունները կատարվածն անվանել էին «ահաբեկչություն» և հարձակման մեջ մեղադրել Ուկրաինայի զինված ուժերին: Ուկրաինական կողմը պաշտոնապես չի հայտարարել Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունի մեջ իր մասնակցության մասին, սակայն ուկրաինական լրատվամիջոցները, հղում անելով հատուկ ծառայություններում իրենց աղբյուրներին, գրում էին, որ կամուրջը հարձակման է ենթարկվել վերջրյա անօդաչուների կողմից։
Հուլիսի 18-ի գիշերը Ղրիմի կամրջի պայթյունի հետևանքով չտուժած գոտիներից մեկի վրայով սկսվել էր մարդատար ավտոմեքենաների երթևեկությունը: Այժմ այն իրականացվում է հակադարձ ռեժիմով։ Մարատ Խուսնուլինի խոսքով՝ Ղրիմի կամրջի մի կողմում երկկողմանի երթևեկությունը նախատեսվում է սկսել սեպտեմբերի կեսերին, իսկ երկրորդում՝ նոյեմբերին:
Լուսանկարը՝ Константин Михальчевский/РИА Новости
Մեկնաբանել