HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արեն Նազարյան

«Սևան» ազգային պարկի սոճիները վտանգված են․ 10 000 ծառ չորանում է

«Սևան» ազգային պարկում սոճիներ են չորանում։ Գույքագրման և հաշվեգնահատման արդյունքում պարզվել է, որ մեծ թիվ են կազմում նաև չորացման գնացող ծառերը՝ շուրջ 10 000 հատ։ 

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը հանդիպել է գերատեսչություններին և հասարակական կազմակերպություններին։ Հանդիպման ընթացքում նրանք քննարկել են «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ում սոճիների չորացման հարցը։

Ըստ նախարարության հայտարարության՝ խնդիրը նկատվել է դեռ 2017 թվականից: Հիվանդությամբ վարակված ծառերն առանց թուլացման նշանների չորանում են, ինչի հետևանքով տեղի է ունենում ծառերի անկում, խախտվում է ծառերի սաղարթի միակցվածությունը՝ վերածվելով նոսր անտառի: Այս գործընթացին զուգահեռ տվյալ օջախներում խաթարվել է նաև սոճիների բնականոն վերաճը: Գույքագրման և հաշվեգնահատման արդյունքում պարզվել է, որ մեծ քանակ են կազմում նաև չորացման գնացող ծառերը՝ շուրջ 10 000 հատ: Հիվանդությունը տարածվում է մեծ արագությամբ: Վարակված օջախներից, ծառերի բնափայտից ու հողից վերցված փորձանմուշներն ուսումնասիրվել են Գերմանիայի և Ռուսաստանի լաբորատորիաներում: Նախնական ուսումնասիրությունը փաստել է այդ տարածքում նեմատոդոզ հիվանդության առկայությունը: Եզրակացության մեջ այն նշված է որպես ամենավտանգավոր հիվանդություն, առանցքային վնասատուն նեմատոդ պարազիտն է։

«Արմենպրես» լրատվական գործակալությունում հունիսի 12-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում անտառագետ, կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Հասմիկ Խուրշուդյանն ասաց՝ այդ տնկարկները լոկ գեղեցկության ու անտառային տարածքները մեծացնելու համար չեն։ Դրանք ունեն բավական լուրջ ջրակարգավորիչ, հողապաշտպան գործառույթներ։ Եթե մենք կորցնում ենք սոճուտները, անտառպատվածության տոկոսը բավական նվազում է։ Դա Հայաստանի համար աղետ կլինի։

Ըստ Բնապահպանության ոլորտի փորձագետ Այսեր Ղազարյանի՝ ժամանակին պետք է արվեին խնամքի հատումներ անտառի աճման պայմանները բարելավելու համար, ավելացվեին լայնատերև ծառերի այն տեսակները, որոնք սոճու հետ լավ աճում են։ Խառը տնկարկների ստացման միջոցով կուժեղացվեր էկոհամակարգը։ Դրան զուգահեռ էլ համապատասխան կարանտինային միջոցառումներ պետք է իրականացվեին։ Նեմատոդային խնդրին բախվել են բազմաթիվ երկրներ՝  Ճապոնիա, Կորեա, Պորտուգալիա, եվրոպական այլ երկրներ։ Այնտեղ կարանտինային լուրջ միջոցառումներ են իրականացվել՝ իրավիճակը վերահսկելի դարձնելու և հետագա տարածումը կանխելու համար։ Հիվանդությունը տարածվում է պարազիտների՝ նեմատոդների միջոցով։ Դրանք տարածվում են ծառի սաղարթի տակ և փակում են ծառաբնի ջրի փոխադրող անոթները, որի հետևանքով ծառը չորացման է գնում։

«Հեծանիվ հայտնաբերել պետք չէ։ Անհրաժեշտ է ներգրավել այդ ճանապարհով անցած երկրների մասնագետներին և շատ արագ համալիր ծրագիր իրականացնել՝ կարանտինային միջոցառումներ, դաշտային ուսումնասիրություններ։ Անհրաժեշտ է խստությամբ վերահսկել  ծառերի հատումների գործընթացը, դա պետք է կատարել գերզգույշ, որովհետև նույն այդ վարակված ծառի թեփը վարակիչ է»,-ասաց նա։

Շրջակա միջավայրի նախարարի մամուլի քարտուղար Անի Հակոբյանը «Հետքի» հարցին ի պատասխան, թե ինչու ավելի վաղ չեն սկսվել հիվանդությունը կանխարգելող միջոցառումները, եթե խնդիրը նկատվել է դեռ 2017-ին, պատասխանեց, որ այս տարիների ընթացքում ուսումնասիրություններ և հետազոտություններ են կատարվել հիվանդությունը ախտորոշելու համար։ Նա հայտնեց, որ առաջիկայում պլանավորվում են կարճաժամկետ և երկարաժամկետ միջոցառումներ՝ հիվանդության դեմ պայքարելու համար։

Լուսանկարները՝ «Արմենպրես» լրատվական գործակալության, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter