
«Բրյուսելի եռակողմ հանդիպումը որևէ կոնկրետ արդյունք չտվեց». Նիկոլ Փաշինյան
Այսօր` հուլիսի 20-ին, Կառավարության հերթական նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման և Արցախում խորացող հումանիտար ճգնաժամի պայմաններում հուլիսի 15-ին Բրյուսելում տեղի ունեցած Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպման արդյունքները:
«Այդ հանդիպումը, ցավոք, Լաչինի միջանցքի բացման և ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի հաղթահարման առումով որևէ կոնկրետ արդյունք չտվեց: Քաղաքական առումով ԵՄ խորհրդի նախագահը հանդիպմանը հաջորդած իր հայտարարության մեջ ընդգծեց Լաչինի միջանցքի բացման անհրաժեշտությունը, ինչպես նաև ԼՂ հայերի իրավունքների և անվտանգության օրակարգը Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսության միջոցով հասցեագրելու անհրաժեշտությունը», - ասաց Փաշինյանը:
Վերջինիս համոզմամբ` առանց միջազգային ներգրավվածության և մեխանիզմների` այս երկխոսությունը չի կարող արդյունավետ լինել առնվազն այն պատճառով, որ Բաքուն շարունակում է իր ագրեսիվ և սպառնալից հռետորաբանությունը ԼՂ-ի հայության նկատմամբ, որի խորքային նպատակը ԼՂ-ում էթնիկ զտումներն են:
«Հիմա արդեն դա ոչ թե տեսական պնդում է, այլ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակմամբ իրագործվող կոնկրետ ծրագիր, որի ուղիղ դրսևորումը էլեկտրաէներգիայի, բնական գազի, պարենի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների՝ դեպի ԼՂ մատակարարման իսպառ բացակայությունն է` ԼՂ-ում հայերի բնակվելը անհնարին դարձնելու նպատակով»,- ասաց կառավարության ղեկավարը:
Նա ընդգծեց այն փաստը, որ Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի իրավական պարտադիր ուժ ունեցող որոշումները, որոնց համաձայն Ադրբեջանը պարտավոր է բացել Լաչինի միջանցքը, մինչև օրս չեն կատարվել: Այսուհանդերձ, ըստ Փաշինյանի, Հայաստանը պետք է շարունակի աշխատանքներն այս ուղղությամբ:
Նրա խոսքով` անհրաժեշտ է նաև աշխատանքներ տանել ԼՂ-ում հաստատված հումանիտար ճգնաժամը միջազգային մամուլում հնարավորինս լայն լուսաբանելու ուղղությամբ:
Փաշինյանն ասաց, որ Բրյուսելում քննարկված հաջորդ հարցը Հայաստանի և Ադրբեջանի կողմից միմյանց 29 800 և 86 600 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությունը ճանաչելու վերահաստատումն էր:
«Սահմանների դելիմիտացիան պետք է տեղի ունենա 1991 թվականի Ալմաթիի հռչակագրի հիման վրա, և առաջիկայում մենք պետք է կոնկրետացնենք սահմանագծման աշխատանքների քարտեզագրման հիմքը»,- ասաց նա` հավելելով, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը, ինչպես նշված է ԵՄ խորհրդի նախագահի հայտարարության մեջ, պետք է տեղի ունենա կողմերի ինքնիշխանության, իրավազորության և հավասարության սկզբունքի հիման վրա:
Ինչ վերաբերում է հումանիտար հարցերին, Փաշինյանի խոսքով, Ադրբեջանը շարունակում է դրժել միջազգային գործընկերներին այս թեմայով իր տված խոստումները: «Բայց մենք անհոգնել պիտի շարունակենք աշխատանքը գերիների վերադարձի և անհետ կորած համարվող անձանց ճակատագրի պարզաբանման ուղղությամբ»,- նշեց նա:
«Բրյուսելի հանդիպումից, ինչպես տեսնում եք, շատ կոնկրետ արդյունքներ չեմ կարող ներկայացնել: Այսուհանդերձ, բանակցային գործընթացը պետք է շարունակվի հնարավորինս ինտենսիվ, և պետք է փոխադարձ ընդունելի լուծումներ գտնելու ուղղությամբ ակտիվ ջանքեր գործադրել: Այս պահին մեր խնդիրը ԼՂ-ում հաստատված հումանիտար ճգնաժամի վրա ավելի մեծ միջազգային ուշադրություն հրավիրելն է դիվանագիտական եղանակներով և ԼՂ-ում հաստատված իրավիճակը միջազգային մամուլում և սոցիալական ցանցերում հնարավորինս լայնորեն և օբյեկտիվ ներկայացնելու միջոցով»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով` այս ընթացքում է՛լ ավելի է սրվել Լաչինի միջանցք և ԼՂ միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու անհրաժեշտությունը: «Միևնույն ժամանակ, Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսության միջազգային մեխանիզմի ձևավորումն իրավիճակի հաղթահարման ամենակառուցողական սցենարն է և պետք է բոլոր ջանքերը գործադրել այս ուղղությամբ»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
Մեկնաբանել