HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ստեփանակերտի խանութներում այլևս հաց չեն վաճառում

Ստեփանակերտի խանութների դարակները դատարկ են։ Որոշ խանութներ առհասարակ փակ են։ Հնարավոր չէ գտնել նույնիսկ հաց ու ձավարեղեն։ Հաց վաճառվում է միայն փռերում։ Շաքարավազը, հիգիենայի պարագաները, քաղցրեղենը դեֆիցիտ են։ Մարդիկ սնվում են նրանով, ինչ նախապես ինչ-որ չափով պահեստավորել էին։ 

Այսօր Ադրբեջանի կողմից Արցախի պաշարման 221-րդ օրն է։ Լաչինի միջանցքում Ադրբեջանի տեղադրած անցակետի հետեւանքով կտրվել է Արցախի կապը Հայաստանի հետ, Ադրբեջանը անգամ Կարմիր խաչին թույլ չի տալիս մարդասիրական բեռներ, ինչպես նաեւ՝ հիվանդների տեղափոխել։ 

34-ամյա Աննա Սարգսյանը միայնակ մայր է, երկու երեխա ունի։ Որդին փոքր է՝ 2 տարեկան, այդ պատճառով Աննան չի կարողանում աշխատել, դուստրը 11 տարեկան է։ Երեխաների նպաստով էր Աննան որոշ ապրանքներ գնում։ 

«Մաման Ասկերանում փոքր բանջարանոց ունի ու երբեմն կարտոֆիլ ու լոբի է բերում մեզ։ Խանութներում ոչինչ չկա, նույնիսկ լոբին այսօր առանց սոխի եմ եփել։ Ձեթ էլ չկա, խոզի յուղով եմ ճաշ եփում, որը էլի մաման էր բերել»,- ասում է Աննա Սարգսյանը։ 

Նրա խոսքով՝ հաց նույնպես դժվար է գտնում։ Հերթերում հաճախ ժամից ավելի է սպասում։ 

«Լավ է քույրս հարևանությամբ է ապրում։ Երեխաներին ինքը հետևում է, մինչև ես գնում եմ հացի հետևից։ Փռերում էլ երկուսի համար չեն թողնում գնել, ասում են՝ թող ինքը անձամբ գա: Հետո ես եմ քրոջս երեխաներին հետևում, մինչև ինքն իր ընտանիքի համար հաց կգնի։ Որ ժամին էլ գնաս, հերթում սովորաբար 15-20 հոգի լինում է: Մարդիկ ստիպված հերթ են կանգնում, խանութներում այլևս հաց չեն վաճառում»,- պատմում է Աննան։

Լվացքի փոշու բացակայության պատճառով հագուստը Աննան ամանի հեղուկով է լվանում։ 

«Այդ հեղուկն էլ մի հինգ օր առաջ եմ մի կերպ գտել։ Սա էլ վերջանա, չգիտեմ՝ ինչ եմ անելու։ Տանը շաքարավազը ամանի մեջ եղածն է, այս երկու օրը դա էլ կվերջանա»,- ասում է նա։ Եթե մոր օգնությունը չլիներ, ինքն էլ, երեխաներն էլ սոված կմնային։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter