
Էմանուել Մակրոնը կառավարության կազմում փոփոխություններ կանի
Հուլիսի 20-ին վերադասավորումներ կլինեն Ֆրանսիայի կառավարության կազմում։ Այդ մասին հայտնում է AFP-ն՝ հղում անելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի աշխատակազմում իր աղբյուրին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ կառավարության կազմում փոփոխությունների մասին հայտարարությունը կհրապարակվի հինգշաբթի օրը։ Ըստ «Ֆրանսպրես» գործակալության զրուցակցի, վարչապետ Էլիզաբեթ Բորնը չորեքշաբթի՝ հուլիսի 19-ի երեկոյան, ժամանել է Ելիսեյան պալատ, որպեսզի նախագահի հետ քննարկի վերադասավորումները։
Ինչպես հուլիսի 17-ին հայտնել էր BFMTV հեռուստաընկերությունը, Բորնը կպահպանի ֆրանսիական կառավարության ղեկավարի իր պաշտոնը։
Ֆրանսիական կառավարության կազմում վերադասավորումների մասին մամուլում տարածված լուրերի ֆոնին Մակրոնը բազմիցս ընդգծել է, որ Բորնը վայելում է իր լիակատար աջակցությունը։ Կենսաթոշակային բարեփոխումների ընդունումից հետո, որը Ֆրանսիայի ողջ տարածքում հանգեցրել էր զանգվածային բողոքի ցույցերի, Ֆրանսիայի նախագահը վարչապետին 100 օր էր տվել՝ կառավարության գործունեության վերագործարկման համար։ Այդ ժամկետը լրացել է հուլիսի 14-ին։
Լուսանկարը՝ corsematin.com-ից
Մեկնաբանել