HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ադրբեջանը շարունակում է Հայաստանից պահանջել դադարեցնել Երասխի մետալուրգիական գործարանի կառուցումը

Ադրբեջանի կառավարությունը Հայաստանից պահանջում է դադարեցնել Երասխի մետալուրգիական գործարանի կառուցումը, որը գտնվում է հայ-ադրբեջանական (Նախիջևանի) սահմանի մոտ։ Այդ մասին, ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ, նշված է Ադրբեջանի բնապահպանության և բնական ռեսուրսների նախարար Մուխտար Բաբաևի՝ Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանին ուղղված նամակում։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցի՝ նամակում նշվում է, որ, գործարանի՝ հայ-ադրբեջանական սահմանին մոտ գտնվելու և «անդրսահմանային հետևանքների» պատճառով ադրբեջանական կողմը ձեռնարկել է գործընթաց, որը նախատեսված է «Անդրսահմանային ենթատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» կոնվենցիայով (Էսպոյի կոնվենցիա)։

Ադրբեջանական կողմը պնդում է, որ Կոնվենցիայի 3.1 հոդվածի համաձայն՝ «Հայաստանը պարտավոր է Ադրբեջանին տեղեկացնել շրջակա միջավայրի վրա նշյալ գործունեության ազդեցության մասին»։ Սակայն, ինչպես նշում է պաշտոնական Բաքուն, «իրենք հայկական կողմից այդ նախագծի վերաբերյալ որևէ ծանուցում չեն ստացել»։ 

Հղում անելով Կոնվենցիայի 3.7 կետին՝ «Ադրբեջանը Հայաստանից պահանջում է տեղեկատվություն փոխանակել՝ նախագծի անդրսահմանային բացասական ազդեցության քննարկման համար»։ Ընդ որում, Բաքուն պնդում է, որ Հայաստանը պետք է անհապաղ դադարեցնի գործարանի կառուցումը՝ «մինչև նախագծի անդրսահմանային ազդեցության հետ կապված հարցերի ամբողջական պարզաբանումը և համարժեք քննարկումը»։

Պաշտոնական Երևանը դեռևս հայտարարություն չի տարածել ադրբեջանական կողմի այս նամակի վերաբերյալ։ Հայաստանի Շրջակա միջավայրի նախարարության մամուլի խոսնակ Անի Հակոբյանը «Հետք»-ի հետ հեռախոսազրույցում հայտնեց, որ նախարարությանը որևէ նամակ չի փոխանցվել՝ հավելելով, որ այլ մեկնաբանություն չունի։ Ավելի ուշ, խոսնակն այդ մասին նաև ֆեյսբուքյան գրառում արեց։

Ավելի վաղ, նման պահանջով հայկական կողմին դիմել էր նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Ադրբեջանի դիրքորոշումը նախկինի պես հիմնված է միջազգային փորձի, միջազգային կոնվենցիաների, այդ թվում՝ Էսպոյի կոնվենցիայի վրա։ Այնտեղ նշվում է, որ երկրների սահմանների մոտ ձեռնարկությունների ստեղծումը, որոնք կարող են համարվել միջսահմանային գետերի աղտոտման և բնապահպանական վտանգի աղբյուր, պարտադիր պետք է համաձայնեցվեն հարևան երկրների հետ, և մենք դա պահանջում ենք Հայաստանից»,- Ալիևին մեջբերել էր Ադրբեջանի պետական Azertac գործակալությունը։ 

Նրա խոսքով՝ ադրբեջանական ՀԿ-ներն արդեն իսկ գործարանի կառուցման հարցով դիմել են Հայաստանի իշխանություններին։ «Կարծում եմ, որ Ադրբեջանի կառավարությունը ևս չպետք է այստեղ մի կողմում քաշված մնա։ Շատ լավ է, որ մեր քաղաքացիական հասարակությունը ձեռնարկում է այդ քայլը։ Բայց պետք է տեսնել, թե պաշտոնապես, պետական գծով ինչ կազմակերպությունների պետք է դիմել, որպեսզի Հայաստանը հրաժարվի այդ վտանգավոր պրակտիկայից։ Եթե նրանք ցանկանում են ստեղծել ինչ-որ ձեռնարկություն, ապա մենք, իհարկե, չենք կարող դրա հետ ինչ-որ կապ ունենալ, դա իրենց ներքին գործն է։ Բայց եթե այդ ձեռնարկությունը գտնվում է մեր սահմանից ընդամենը 500 մետր հեռավորության վրա և այնտեղ կօգտագործվեն վտանգավոր նյութեր, որոնք հետո կթափվեն Արաքս և Ողջի գետերը, ապա դա արդեն դառնում է մեր հարցը»,- հավելել էր նա։ 

Ինչպես հայտնի է, Երասխ գյուղի շրջանում, Ադրբեջանի սահմանից ոչ շատ հեռու, կառուցվում է մետալուրգիական գործարան, որտեղ կվերամշակվեն և կարտադրվեն սև մետաղներ, ամրաններ, անկյունակներ և խողովակներ։ «Երասխում կառուցվում է 70 մլն ԱՄՆ դոլար ներդրմամբ խոշոր հայ-ամերիկյան մետալուրգիական գործարան, զրոյից։ Արտադրամասը 30 մ բարձրությամբ ու 16 500 քմ մակերեսով շենք է, որտեղ տարեկան թողարկվելու է 180 000 տոննա արտադրանք։ Արդեն աշխատում է 200 մարդ, գործարկելուց հետո կաշխատի 1000»,- ֆեյսբուքյան իր էջում գրել էր ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Մետալուրգիական գորածարանը կառուցում է «Ջի Թի Բի Սթիլ» ՍՊԸ-ն։

Պաշտոնական Երևանը բազմիցս մեղադրել է Բաքվին շինհրապարակի ուղղությամբ կրակ բացելու մեջ, որտեղ հունիսի 14-ին երկու մարդ էր վիրավորվել։ Ինչպես փոխանցել էր ՀՀ ՊՆ-ն, նրանք Հնդկաստանի քաղաքացիներ են։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter