HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Տեսչականն արգելել է շահագործել արդեն տասը տարի գործող վերելակը. փորձաքննելու հարցն օդում կախված է

Երևանի Արաբկիր վարչական շրջանի Հովսեփ Էմին փողոցի 83 շենքի վերելակը չի  գործում։ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինն (Տեսչական մարմին) արգելել է այն շահագործել։ 

Խնդիրը տարիների պատմություն ունի։ Երկու տարի առաջ շենքի բնակիչներին ԱԻՆ-ից հայտնել են, որ վերելակն անօրինական է շահագործվում, քանի որ գրանցված չէ ԱԻՆ-ի կողմից վարվող արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում։ ԱԻՆ աշխատակիցը հայտնել է, որ բնակիչներն իրենց միջոցներով պետք է վերելակը փորձաքննության տան՝ կա՛մ «Տեխնիկական անվտանգության ազգային» ՊՈԱԿ-ի, կա՛մ փորձաքննող լիցենզավորված կազմակերպության կողմից։

Դրանից հետո վերելակի շահագործումը շարունակվել է մինչև այս տարվա հուլիսի կես։ Շենքի բնակիչ Յուրիկ Հաղնազարյանն արդեն երկու տարի է՝ փաստաթղթային քաշքշուկների մեջ է պետական մարմիններում։ Փորձում է հասկանալ, թե ում թերացումն է, որ շենքն ունեցել է շահագործման թույլտվություն, բնակիչներն արդեն տասը տարի է ապրում են այնտեղ և շահագործում վերելակը, սակայն այն գրանցված չէ։ 

ԱԻՆ-ը, Արաբկիրի համայնքապետարանը, Երևանի քաղաքապետարանը, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը (Տեսչական մարմին) մեկը մյուսին հակասող պատասխաններ են տվել ինչպես շենքի բնակիչներին, այնպես էլ՝ մեր հարցումներին։ 

Այս թեմայով «Հետքի» հոդվածից հետո Տեսչական մարմինը վարչական վարույթ է հարուցել և եզրահանգել, որ Հովսեփ Էմին 83 շենքի վերելակը շահագործվում է առանց արտադրական վտանգավոր օբյեկտների հաշվառման գրանցամատյանում (այսուհետ` ռեեստր) հաշվառման, և որ սահմանված կարգով չի անցել տեխնիկական անվտանգության փորձաքննություն։ Այդ ամենը կարգավորվում է «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքով։

«Տեսչական մարմինն արձակել է կարգադրագիր, որով արգելել է «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկին, հիմնարկի աշխատողներին և այլ անձանց՝ շահագործել քաղաք Երևան, Հովսեփ Էմին 83 շենք հասցեում «Վերելակ» տեսակի արտադրական վտանգավոր օբյեկտի շահագործումը, և/կամ դրա շահագործմանն ուղղված որևէ գործողություն»,- նշված է Տեսչական մարմնի՝ «Հետքին» ուղղված գրության մեջ։ 

Յուրիկ Հաղնազարյանը «Հետք»-ից տեղեկացավ, որ վերելակի շահագործումն արգելել է Տեսչական մարմինը։ Հուլիսի 19-ի դրությամբ վերելակն արդեն մի քանի օր չէր աշխատում, սակայն բնակիչները կարծել են, թե դա պայմանավորված է եղել էլեկտրաէներգիայի վճարումների ուշացմամբ։ 

Թե ինչ է լինելու վերելակի ճակատագիրը, առայժմ հայտնի չէ։ Տեսչական մարմնից լրացուցիչ պարզաբանում են, որ արդեն համայնքապետարանն ու բնակիչները պետք է ընհանուր հայտարարի գան։ Բնակիչները պետք է լիազոր ընտրեն, դիմեն համայնքապետարան ու ԱԻՆ-ի կամ մասնավոր փորձաքննող կազմակերպությունների հետ քննարկեն վերելակի փորձաքննության հարցը։ 

«Տեսչական մարմնի արգելման կարգադրագիրը կմնա ուժի մեջ, քանի դեռ վերելակը փորձաքննություն կամ համապատասխան կոնսերվացում չի ստացել։ Տեխնիկական անվտանգության մասին օրենքով մենք ապահովում ենք, որ չփորձաքննված և դրական եզրակացություն չստացած վերելակը չշահագործվի»,- նշեց Տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Ելենա Զոհրաբյանը։

Յուրիկ Հաղնազարյանին չի բավարարում Տեսչական մարմնի պատասխանը, քանի որ գլխավոր հարցերի պատասխանները դեռևս առկախ են՝ ու՞մ թերացումն է, որ վերելակը շահագործվել է տասը տարի, բայց գրանցված չէ ԱԻՆ-ի ռեեստրում, ինչպե՞ս է քաղաքապետարանը, առանց վերելակի փորձաքննության դրական եզրակացության, շենքը շահագործելու թույլտվություն տվել։ Ի վերջո, ինչու՞ պետք է բնակիչները վճարեն այդ գումարը։  

Ըստ նրա՝ բնակիչները չեն պատրաստվում լիազոր մարմին ստեղծել և դիմել վերելակը փորձաքննելու համար։ «Մեզ ասել էին, որ վերելակն առանց փորձաքննելու շահագործելու համար լիազոր մարմնին տուգանելու են։ Հիմա եթե լիազոր մարմին ձևավորվի, կսկսեն ճնշել։ Մենք տասը տարի վերելակն օգտագործել ենք և չենք իմացել, որ շահագործման թույլտվություն ունեցող շենքում գործող վերելակը ռեեստրում գրանցված չէ։ ԱԻՆ-ն ու քաղաքապետարանն են դրանում թերացել, պետք է հասկանան՝ ո՞վ է մեղավոր եղել, որ կարողանանք մեր հետագա քայլերը հասկանալ»,- ասում է Հովսեփ Էմին փողոցի 83 շենքի բնակիչ Յուրիկ Հաղնազարյանը։

Նա հիշեցնում է, որ իր ձեռքի տակ կա փաստաթուղթ, ըստ որի՝  վերելակը տեղադրող ընկերությանը՝ «Մեծ Վերելք» ՍՊԸ-ին «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը 2014 թվականին նշված շենքի վերելակի տեխնիկական անվտանգության փորձագիտական եզրակացություն է տվել։ Այդ ժամանակ շենքն արդեն ավելի քան երկու տարի շահագործվում էր։ Եզրակացության մեջ նշվում է, որ վերելակը համապատասխանում է բոլոր պահանջներին և ենթակա է շահագործման։

Ըստ էության, այդ եզրակացությունը ստանալուց հետո ընկերությունը չի դիմել ԱԻՆ վերելակը ռեեստրում գրանցելու համար։ Սակայն, մինչև այդ փորձաքննությունը շենքը 2012 թվականի դեկտեմբերին արդեն ստացել է շահագործման թույլտվություն։ 

«Ես պատրաստվում եմ այս հարցով մինչև Եվրադատարան հասնել, քանի որ մեր պատկան մարմինները ոչինչ չեն անում։ Միայն վերելակի հարցը չէ, ամեն տեղ է այդպես»,- ասում է Յուրիկ Հաղնազարյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter