HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նունե Հախվերդյան

«Կենսարար մուտքեր». երբ տարածքի տերն ես, մուտքն ու ելքը նույն կետից են

Տարածքի, ժամանակի հոսքերի ու նիրհող, բայց միշտ պատրաստ արթանալու ստեղծագործական էներգիայի պաշարի մասին է «Կենսարար մուտքեր» (Living Portals) արվեստային նախագիծը։ Ժամանակը՝ 2023-ի ամառ, տարածքը՝ Սյունիք, էներգիան՝ սարերում, հողում, տեսարաններում, գույներում, մարդկանց մեջ։

Համադրող Նայիրի Խաչատուրեանն իր բավականին ծավալուն ու նրբանկատ նախագծի համար ընտրել է Սյունիքը՝ մտադրություն ունենալով միահյուսել տեղանքի հիշողություններն ու ներկա ապրելակերպը։ Ցույց տալ, կամ ավելի ճիշտ՝ հուշել, որ արվեստի արարման ընթացքը կյանքի անհրաժեշտություն է։ Եթե ապրում ես ու քեզ տարածքի տեր ես զգում, ուրեմն պիտի ստեղծագործես։ Շարունակես, վերափոխես, ավելացնես, մի նոր միտք շրջանառես։ Զգաս, որ կապերը անցյալի հետ երբեք միակողմանի չեն, քանի որ անցյալը նույնպես պետք է համալրվի այսօրվա ստեղծագործություններով, որ չսնանկանանք վաղը։

Եվ այդ գաղափարն է դրել «Կենսարար մուտքերի» հիմքում Նայիրիի հիմնադրած ԱՀԱ կոլեկտիվը՝ ներառելով ցուցադրության մեջ թե՛ բնության վայրերը, թե՛ փակ տարածքների վերագործարկման պահանջը, թե՛ մարդկանց առօրյայում արվեստ ու արհեստ արարելու ու վայելելու առօրյա հաճույքը։

Սյունիքն ինքնին մի մոլորակ է, սահմանամերձ դարձած կենսարար տարածք, որի լեռները կարող են թե՛ անդորր ու վեհություն փոխանցել, թե՛ ահազանգել վտանգի մասին։ Ադրբեջանական դիրքերը շատ մոտ են, իսկ պարբերաբար կրակահերթերը նույնպես՝ առօրյայի մի մաս։ Եվ այս հանգամանքներում տեր լինելը ստանում է ոչ միայն սիմվոլիկ, այլև շատ հստակ կիրառական նշանակություն։ Սյունիքը պորտալ է (ելք ու մուտք միաժամանակ)։ Պորտալ է՝ կյանքից դեպի կյանք։

ԱՀԱ կոլեկտիվը հայտարարեց, որ «աշխարհաքաղաքական փխրուն իրադրային պայմաններում» հարկավոր է «հանգրվանել Հայաստանի հարավային այս խաչմերուկում», այդպիսով բնակեցնել այն նաև նոր երկխոսություններով, կապերով, քննարկումներով։

Եվ առաջին հերթին հարկավոր է ճանաչել տարածքն ու այդտեղ ապրող մարդկանց ու կենսակերպը, քանի որ ցանկացած վրիպում սկսվում է անտեղյակությունից (թեկուզ հրաշալի մտադրությամբ)։ Այդ պատճառով էլ «Կենսարար մուտքերում» ահռելի մեծ դեր ունի հետազոտական աշխատանքը։ Ինչ ենք ունեցել ու ինչ ունենք հիմա։ Ընդ որում՝ ոչ միայն զուտ արվեստի տեսանկյունից, այլ նաև արտադրության ու արհեստների շղթայի վերագործարկման։

«Կենսարար մուտքերի» առանցքը գորգն է։ Փոքր շրջանակված տարածք, որը միաժամանակ արվեստի նմուշ է և կենցաղային իր։ Դարեր շարունակ մարդիկ գորգեր ու կարպետներ են գործել և դրանով ուղերձ ուղարկել տիեզերքին, որ կան, իրենց տեղում են ու տիրապետում են հաղորդակցության լեզվին։ Որ տաք ընտանեկան խորհրդանիշ լինելուց բացի գորգը, որը փռվում էր ժայռափոր տների սառը հատակին ու կյանքը դարձնում ավելի հարմարավետ, նաև կյանքի պորտալ էր։ Հարստություն էր, որը ժառանգում էին, դարձնում օժիտի մաս, փայփայում որպես անցյալի հետ կապ։ Որպես կանոն մեր բոլոր գորգերը պատմություններ էին պատմում (թե՛ աշխարհի կարգի մասին, թե՛ միաժամանակ հեղինակի զգացմունքների), Նայիրի Խաչատուրեանի խոսքով՝ գորգերը «հյուսածո գաղտնագրեր» են։

Ինչպես հին ժամանակներում էին ջուլհակները կոդավորում իրենց մտքերը գորգերի նախշերի ու գույների մեջ (հիմնականում շքեղ գույներով, նախշերի սիմետրիկ կառուցվածքով ու սիմվոլների առատությամբ), այնպես էլ հիմա է աշխատում այդ կապը։ Պարզապես շատ քիչ արվեստագետներ են գորգերի էսքիզներ անում, թերևս համարելով, որ դա արխայիկ զբաղմունք է։ Կամ էլ գուցե՝ արվեստին ոչ վայել գործ։ Ընդհանրապես դիզայնի ու արվեստի կապը շատ դեպքերում լուրջ խզված է Հայաստանում և արվեստի շրջանառությունը դեպի դիզայն (այսինքն, զանգվածային միջավայր) արգելակում է։ Արդյունքում, միջավայրը լցվում է ամեն տեսակի կրկնօրինակներով ու հաճախ թույլ չի տալիս հետևել հայաստանցի վիզուալ արտիստների մտքին, որը մեծ ներուժ ունի, բայց հետք չի թողնում կենսակերպում։

Բոլորովին հակառակ տեսակետից մոտեցավ գորգերին Խնձորեսկում ծնված արվեստագետ Դավիթ Քոչունցը, որը, դեռևս մի քանի տարի առաջ սկսելով իր «Համարձակ Խնձորեսկ» գորգերի էսքիզները, մտքում ունեցել է ժամանակակից արվեստի պահանջը՝ խոսել այսօր և հիմա, երբ կա լիակատար ազատություն, բայց ներքին զգացում՝ լինելու քչախոս ու թերևս ավելի պատասխանատու։ Շատ համակրելի արվեստագետ է Դավիթ Քոչունցը, որը սահուն ու բնական կերպով վերացրեց արվեստի եզակիության ու կիրառական առարկաների թվացյալ անջրպետը։ Նա պարզապես գծապատկերներ չի արել, այլ արել է հենց գորգի նախշեր։

Նրա նախագծած գորգերը կտավներ են՝ մինիմալիստական, գունեղ, քարանձավներից ներշնչված գծային ճանապարհներ։ Կամ պարանային հանգույցներ, որոնք մուտքեր են դեպի տուն ու տնից դուրս։

Սյունիքի բնական ռելիեֆը ինքն է հուշում կենսակերպ, քանի որ լեռը նյութ է՝ թե՛ պաշտպանող (երբեմն վիմափոր բնակավայրերի տան մուտքն այնքան բարձր էր, որ տուն կարելի էր մտնել միայն պարանով կամ փայտե աստիճաններով), թե՛ մարտահրավեր, երբ հարկ էր լինում հաշվի առնել բնության ու քաղաքական համակարգերի քմահաճույքները։ Հետաքրքիր է, որ վիմափոր (ժայռափոր) և գետնափոր բնակավայրերի նմուշները կարողացել են խուսափել սովետական համահարթեցումից հատկապես Խնձորեսկում, Գորիսում, Մեղրիում, որտեղ չգերիշխեցին սովետական տիպային շենքերը։ Եվ դա շատ գեղեցիկ դիմադրության օրինակ է։

Դավիթ Քոչունցը գծագրեց իր կոդերը, որոնք հետագայում որպես ֆիզիկական իր հյուսեցին Վերիշեն գյուղի արհեստների կենտրոնի գորգագործները (ղեկավար Ռուզաննա Տոռոզյան) ու Տեղ գյուղի տնայնագործ վարպետը։ Նայիրի Խաչատուրեանի համար շատ կարևոր էր, որ գորգերը ստանային իրենց վերջնական տեսքը հենց Սյունիքում։ Ամեն օղակ՝ նախշի ստեղծումից, մինչև բրդյա թելերի մանում, ներկում ու հյուսում արվել է Հայաստանում ու սյունեցիների ուժերով։ Բնականաբար, գորգերի արտադրությունը ժամանակատար ու ծախսատար գործ է, և «Կենսարար մուտքերի» ջանքերով հնարավոր եղավ հյուսել 9 գորգ 30 էսքիզից։ Հույս կա, որ արվեստագետի ու արհեստավորի համագործակցությունը կդառնա շարունակական։ Եվ դա կլինի լավ օրինակ, թե ինչպես է արվեստը ներթափանցում արտադրություն՝ եկամուտ ապահովելով տեղացիներին ու հեղինակներին։ Եվ միաժամանակ չի դադարում լինել արվեստ։

Գորգագործությունը խթան է համայնքների ու նաև պետության համար։ Ինչու՞ գորգը չդիտարկել որպես ժամանակակից արվեստ ու չպատվիրել նոր գորգի դիզայն հենց հեղինակներին։ Ի վերջո, գորգը չի դադարի լինել տաք, հարմարավետ ու հաճելի առօրյա իր, բայց կստանա նաև հեղինակային դրոշմ։ Ինչպես Դավիթ Քոչունցի դեպքում՝ աբստարկտ, քչախոս, պոռթկացող գույներով, քարանձավների խորշերի ուրվագիծը պահպահող ու ներքին լարում ունեցող ուղերձների տեսքով։ Նրա գծագրած գորգերը ուզում են լինել համարձակ, այդ պատճառով էլ զուսպ են։ Այսինքն, խտացնում են հենց այն զգացմունքները, որոնք բոլորս վերապրում ենք այս անորոշ ու երկյուղով լի ժամանակներում։

Եվ եթե պատից կախած կտավը մնում է պատի վրա միշտ, ապա գորգն ավելի ճկուն է՝ կարելի է պառկել վրան, փափաթվել, ֆիզիկապես զգալ հեղինակի նախշերն ու վարպետների աշխատանքը։ Այո, գորգը նույն կտավն է, բայց շատ ավելի ազատ, քանի որ զուտ թանգարային գործառույթից դուրս է։ Պորտալ է՝ արվեստից առօրյա հեղինակից՝ մարդուն։

«Կենսարար մուտքերը» շատ նուրբ ակնարկում են, որ արվեստի կիրառական նշանակությունը ոչ պակաս կարևոր է, քան արվեստը։ Այդ միտքը շարունակում է, օրինակ, լուսանկարիչ Փիրուզա Խալափյանը, որը ոչ միայն իր վավերագրական ֆոտոցուցահանդեսը ներկայացրեց, այլև վարպետության դասեր անցկացրեց տեղացի բնակիչների հետ՝ հուշելով, թե որքան մեծ դեր ունեն ընտանեկան լուսանարները, որոնք ավանդապես համախմբում են ընտանիքներին ու բերում լուսանկարվելու համար ամենահարմար վայրեր։ Տեղը, մարդը, ավանդույթը…

Նոր մարդը, մտնելով նոր տեղ, միշտ մի բան բերում է իր հետ ու մի բան ստանում։

Ֆրանսահայ արվեստագետ Մայդա Շավակը, շփվելով սյունեցի կանանց հետ, ստեղծեց իր «Պարաններ» գործվածքների շարքը, հետո վարեց աշխատանոց, թե ինչպես արարել դիմանկարներ (գաղտնիք՝ առանց որևէ վախի)։ Խեցեգործ Անուշ Ղուկասյանը պատրաստեց միաժամանակ թե՛ արվեստի գործեր, թե՛ դեկորատիվ կիրառում ունեցող «Ծաղիկներ» անոթ-քարանձավները, որոնք ներշնչված էին բնության ֆորմաներից։ «Գորգուղի» պատկերապատում նկարեց Անուշ Դավթյանը։

Բնակիչը ամուր կապված է իր տեղանքի հետ։ Եվ այդ կապն է ինքնին պորտալ։ Այդ մտքի շուրջ կառուցված «Կենսարար մուտքերը» ներառում է արվեստի նմուշների ցուցադրություններ, տեքստեր (նաև գիրք), հետազոտություններ, վարպետության դասեր տեղացիների հետ։ Եվ այդ ամենի նպատակն, ի վերջո, կապի պահպանումն է, որը պետք է ամեն օր գուրգուրել ու սնել։

Գորիսի մոտ գտնվող Վերիշեն գյուղի մշակույթի տանը հունիսի 3-ին բացվեց առաջին ցուցադրությունը։ Սովետի փլուզումից հետո այդ գյուղի մշակույթի տունը չէր գործում, տարածքը լքված էր, ինչպես շատ նման տներ Հայաստանի տարբեր բնակավայրերում։ Եվ հիմա՝ երեսուն տարի անց, այն նորից վերագործարկվեց որպես մշակույթի զետեղման վայր։ Դա «Կենսարար մուտքերի» կոնկրետ ներդրումն է այդ գյուղում։ Իսկ թե ինչ կլինի հետագայում այդ մշակույթի տանը, արդեն կախված է թե՛ տեղացիներից, թե՛ այլ արվեստագետներից։

Մուտքն ու ելքը նույն կետից են։

Լուսանկարները՝ Էդ․ Թադևոսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter