HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Փարաքար համայնքը երկու անգամ վճարեց մաքրման կայան ունենալու համար՝ Կառավարության չտրամաբանված որոշումների պատճառով

Փարաքարի նորակառույց մաքրման կայանը 2017թ.-ին հանձնվեց «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ին, երկու տարի հետո ընկերությունն այն համայնքին վերադարձրեց, բայց լիովին քայքայված վիճակում: Միջազգային դոնորների և Փարաքար համայնքի համաֆինանսավորմամբ կառուցված կեղտաջրերի մաքրման կայանը վերակառուցելու համար պետական բյուջեից սուբվենցիա հատկացվեց: Նաև համայնքային բյուջեից երկրորդ անգամ ներդրում կատարեցին, որպեսզի ազատվեն փողոցները լցվող կոյուղաջրի գարշահոտից: «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի փոխարեն մաքրման կայանը վերակառուցելու պարտավորությունը ստանձնեց Կառավարությունը՝ պետական բյուջեից գումար հատկացնելով և դա մեծագույն ձեռքբերում ներկայացրեց:

2020թ. հունիսին ազգային փորձագետները հրապարակեցին մի զեկույց, որում պատմում էին Փարաքար համայնքում գործող կեղտաջրերի եզակի մաքրման կայանի (ԿՄԿ) մասին, որտեղ ջուրը նաև մասնակի կենսաբանական մաքրման էր ենթարկվում: Կենսաբանական մաքրում իրականացնող միակ բիո լճակը գործարկվել է 2 տարի, ֆիլտրել համայնքի զգալի մասի կոյուղին և մաքրված ոռոգման ջուր մատակարարել լճակին հարակից դաշտերին, որոնք մինչ այդ անմշակ էին՝ չոռոգվելու պատճառով:

Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և Կանաչ կլիմայի հիմնադրամի իրականացրած «Հարմարվողականության ազգային ծրագիր՝ Հայաստանում միջնաժամկետ և երկարաժամկետ հարմարվողականության պլանավորումը» ծրագրում ընդգրկված փորձագետները, երբ հրապարակման էին պատրաստում այդ զեկույցը, Փարաքարի մաքրման կայանն արդեն չէր գործում: Համայնքապետարանն այն վերակառուցելու համար 2019թ.-ին սուբվենցիա ստանալու ծրագրային հայտ էր նախապատրաստում:

Փարաքար համայնքում, նախկին ԿՄԿ-ի տարածքում նոր կենցաղային կեղտաջրերի մաքրման կայանը կառուցվել էր 2013թ.-ին, «Ջուր, կլիմա և զարգացում Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրներում» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում: ԿՄԿ-ն կառուցելու համար ներդումներ էին կատարել նաև միջազգային այլ դոնորներ, Փարաքար համայնքի ներդրումների մասնաբաժինը կազմել էր 12 մլն դրամ: Կեղտաջրերի մաքրման կայանն ընդլայնելու ու տիղմահրապարակ կառուցելու համար 2014թ. ապրիլին Փարաքարի համայնքապետարանը, ավագանու համաձայնությամբ, 2 մլն 614 հազար դրամով գնել էր գյուղացիներից մեկի 700 քմ հողամասը: Կայանը շահագործման էր հանձնվել 2014թ.-ին, 1600 մ3 տարողությամբ, օրական 1000 մ3 ծավալով մեխանիկական մաքրման ավազանով և կենսաբանական մեկ լճակով: Լճակն օգտագործում է ջրային հակինթով ջրի մաքրման մեթոդը:

ԿՄԿ-ն շահագործել և պահպանել է Փարաքարի համայնքապետարանը: Կեղտաջրերը հեռացնելու համար բնակիչներից վարձավճար չեն գանձել, քանի որ ԿՄԿ-ի կենսաբանական լճակների մաքրումն ու համակարգի աշխատանքներին հետևելը շահագործման և կառավարման մեծ ծախսեր չէր պահանջում: Համայնքապետարանը վճարում էր միայն մեկ պոմպի ծախսած հոսանքի համար:

Ինչպես ջրային ոլորտի փորձագետներն են ներկայացնում՝ ջրային հակինթի շնորհիվ կենսաբանական լճակը դարձել էր այգի և բնակիչների հանգստավայր: Կեղտաջրերը սկզբում մաքրման էին ենթարկվում մեխանիկական ավազանում, որից հետո անցնելով կենսաբանական լճակ և նստվածք տալով այնտեղ՝ մաքրված ջուրը լցվում էր ոռոգման ջրանցք: Դրա շնորհիվ մոտավորապես 10լ/վրկ լրացուցիչ մաքուր ոռոգման ջուր ուներ համայնքը, որն օգտագործվում էր 7,2 հա տարածքն անվճար ոռոգելու համար:

2017թ. հունվարի 1-ին Կառավարությունը հանրապետության 73%-ի ջրամատակարարման, ջրահեռացման եւ կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուցումը հանձնեց «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ին: Համայնքներից պահանջեցին պետությանը վերադարձնել «Երեւան ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» եւ «Նոր Ակունք» ՓԲԸ-ների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերն ու գույքը, որոնք հանձնվեցին այս ընկերությանը` մինչեւ 2031թ. դեկտեմբերի 31-ը գործողության ժամկետով:

2016թ. հունիսի 9-ին Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու (Փարաքար և Թաիրով գյուղեր) որոշումով խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման համակարգերը նույնպես նվիրաբերել են Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս Ջրային կոմիտեի (ՋԿ): Կոմիտեին հանձնվող գույքը ներառում էր կեղտաջրերի մաքրման կայանը՝ իր զբաղեցրած ու սպասարկման համար անհրաժեշտ հողատարածքով, մաքրման կայանի անբաժան մաս հանդիսացող կոյուղատար կոլեկտորը և ներհամայնքային կոյուղու ցանցը, Փարաքար համայնքի ջրամատակարարման ցանցը և 1000մ3 տարողությամբ օրական կարգավորման ջրամբարը՝ իր զբաղեցրած հողամասով:

Փարաքար համայնքի նախկին, երկարամյա ղեկավար Սամվել Վարդանյանը հայտնեց, որ 7 ամսից ավելի դիմադրեցին, որպեսզի կեղտաջրերի մաքրման կայանը չհանձնեն ընկերությանը, քանի որ մեծ դժվարությամբ էին կառուցել, բայց չհաջողվեց:

Այդուհանդերձ, ավագանին որոշում է, որ նվիրաբերության պայմանագրով Ջրային կոմիտեն պետք է ստանձնի գույքի ամբողջական պահպանման, շահագործման, ողջամիտ ժամկետում նորոգման ու վերանորոգման ռիսկերը: Փարաքար համայնքի սեփական գույքին վնաս պատճառելու դեպքում պարտավորվի հատուցել պատճառված վնասները: «Վերը նշված գույքն այլ սեփականատիրոջ տիրապետման, օգտագործման, տնօրինման տրամադրելու (փոխանցելու) դեպքում նոր սեփականատիրոջն են անցնում նաև սույն որոշմամբ սահմանված բոլոր պայմաններն ու պարտավորությունները»,- ասվում է ավագանու որոշման մեջ:

Չնայած պայմանագրով սահմանված այս պարտավորությանը՝ «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն 2019թ.-ին մաքրման կայանն անմխիթար, գրեթե քայքայված վիճակում վերադարձրել է համայնքին: Վերադարձնելու պատճառն այն էր, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հետամուտ չէր եղել, որ Հայաստանի խմելու ջրի համակարգի կառավարումը ստանձնած «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն կատարի պայմանագրով ստանձնած պարտավորությունները՝ գործարկի մաքրման կայանը:

Ժամանակին մանրամասնորեն անդրադարձել ենք Հայաստանի Հանրապետության և «Վեոլիա Օ-Կոմպանի Ժենեղալ դե Օ» ֆրանսիական ընկերության միջև 2019թ. հուլիսի 25-ին կնքված նոր համաձայնագրի բովանդակությունը, որով Հայաստանի կառավարությունն էական զիջումների գնաց: Այստեղ նշենք միայն այն փաստը, որ Հայաստանի Հանրապետության հետ կնքած պայմանագրի համաձայն՝ «Վեոլիա ջուր»-ը մարզերի իր սպասարկման տարածքում մաքրման կայաններ պետք է կառուցեր։ Սակայն, ոչ միայն ներդրումներ չէր կատարում, այլև ինչպես նշել էինք հոդվածում՝ Հայաստանում ջրահեռացման եւ կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուցումն ստանձնած «Վեոլիա ջուր»-ը կեղտաջրերի մաքրում չի իրականացնում, սակայն բաժանորդներից բոլոր գանձումները պարտաճանաչ կատարում է:

Մեր հետաքննությունը հրապարակվելուց հետո «Վեոլիա» ընկերության Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրների գծով գործադիր փոխնախագահ Մալիկա Գենդուրին հանդիպումներ ունեցավ Հայաստանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Այն ժամանակ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի հետ հանդիպելուց հետո ընկերությունն ազատվեց ոչ միայն մաքրման կայաններ կառուցելու պարտավորությունից, այլև գործող կայանները շահագործելու հոգսից:

«Ջրային համակարգի ենթակառուցվածքների զարգացման համար նախատեսված վարկային միջոցներին զուգահեռ մեր կառավարությունը նպատակ ունի ներդնել հավելյալ ֆինանսական միջոցներ, ինչի արդյունքում առաջիկա տարիներին հնարավոր կլինի լուծել բազմաթիվ համայնքներում ջրամատակարարման եւ ջրահեռացման հետ կապված հրատապ խնդիրներ»,- հանդիպման ժամանակ խոստացել էր նախարար Սուրեն Պապիկյանը։

Փարաքարի ավագանին 2019թ. ապրիլի 10-ին որոշում է՝ կեղտաջրերի մաքրման կայանը վերակառուցելու համար սուբվենցիայի հայտ ներկայացնել: Համայնքի նախկին ղեկավար Սամվել Վարդանյանը ծրագրային հայտը ներկայացնում է հանրային քննարկման: Սուբվենցիայի պահանջը հիմնավորող հայտում նշվում է, որ մաքրման կայանը լիարժեք գործող վիճակում է հանձնվել պետությանը, սակայն երկու տարի հետո համայնքին վերադարձվել է լիովին քայքայված վիճակում: 

«Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի անտարբերության հետևանքով բիո լճակն այժմ ոչ միայն չի շահագործվում, այլև օրեցօր շարքից դուրս է գալիս: Արդյունքում, համայնքի կոյուղին կրկին բաց է թողնվում դաշտավայրեր: Հայտը ներկայացնելուց առաջ հանրային լսում է հրավիրվել, որի մանակիցների հետ քննարկվել է կոյուղին չգործարկելու հետևանքները և այն վերակառուցելու հրատապությունը: «Այժմ կոյուղատար խողովակները գտնվում են խցանված վիճակում, կոյուղին դուրս է գալիս տների և դպրոցների բակեր, փողոցներ, երեխաների խաղահրապարակներ: Ստեղծված հակահիգիենիկ իրավիճակը սահմռկեցուցիչ է, իսկ համաճարակի հավանականությունը՝ չափազանց մեծ»,- ներկայացրել է զեկուցողը:

Սուբվենցիայի հայտը հիմնավորող փաստաթղթով համայնքապետարանը տեղեկացնում է, որ համայնքի մյուս հատվածում՝ Թաիրով բնակավայրում, իրավիճակն առավել ահագնալի է: Այստեղ ընդհանրապես չի գործում կոյուղաջրերի հեռացման միասնական համակարգ: Ստեղծված իրավիճակում Թաիրովի բնակիչները թերևս գտել են այլընտրանքային տարբերակ. Շադրլու ջրանցքով անցնող ջուրը, որը բաց է թողնվում Երևանյան լճից և նախատեսված է համայնքի այգիները ոռոգելու համար, ամբողջությամբ հեղեղված է բնակավայրի (Թաիրովը ունի ավելի քան 3000 բնակիչ) կոյուղաջրերով: Թաիրովի կոյուղաջրերը, խառնվելով ոռոգման ջրին և կենցաղային աղբին, առաջացնում են մեծ խցանումներ, համայնքում գարշահոտ է տիրում:

Սուբվենցիայի ծրագրով կեղտաջրի մաքրման կայանը վերակառուցելու աշխատանքների նախագծա-նախահաշվային փատաթղթերը կազմել էր ոլորտում մասնագիտացած «Ջինջ» ՍՊԸ-ն: Արժեքը գնահատվել էր 65 մլն 713 հազար դրամ, որտեղ համայնքի ներդրումը կազմում էր մոտ 30 մլն դրամ: Ծրագիրը նախատեսում էր՝ հավելյալ ոռոգման ջուր մատակարարել, վերագործարկել Շադրլու ջրանցքը, վերակառուցել ներցանցային ոռոգման հատվածը: Համայնքապետարանի ներկայացրած հաշվարկներով՝ մաքրված ջրի շնորհիվ համայնքում կմշակվի մինչև 86 հա հողատարածք:

Փարաքար համայնքի սուբվենցիայի հայտը հաստատվել էր 2019թ.-ին, երբ համայնքի ղեկավարը դեռևս Սամվել Վարդանյանն էր: 2020թ. հունիսի 23-ին, երբ Փարաքար համայնքի ղեկավարը Դավիթ Մինասյանն էր, ավագանին կրկին որոշում է ընդունել ԿՄԿ-ի վերակառուցման համար պետական բյուջեից սուբվենցիա ստանալու նպատակով: Նախագիծը կրկին փորձաքննության է ներկայացվել և կրկին համայնքային բյուջեից վճարել են դրա համար: Սուբվենցիայի հայտը հաստատելու մասին ավագանու որոշմանը կցել են նույն փաստաթղթերը, որոնցով արդեն հայտը հաստատվել էր: Միակ փոփոխությունն այն է, որ ծրագիրն իրականացնելու համար պահանջվող գումարն էր ավելացել, այն կազմում էր 77 մլն 455 հազար դրամ, որից մոտ 35 մլն դրամը համայնքը պետք է ներդներ:

ԿՄԿ-ի վերակառուցման աշխատանքներն սկսվեցին 2020թ.-ին, 2022թ.-ից կայանը սկսեց գործել: Պաշտոնական լրատվությունն այն ներկայացնում էր նոր կառավարության խիզախ ձեռքբերում, միաժամանակ տպավորություն ստեղծելով, որ խոսքը խորհրդային շրջանից մնացած կայանը վերակառուցելու մասին է: Ինչպես օրինակ՝ Արմավիրի մարզպետարանի կայքէջում տեղադրված այս լուրում՝ «Փարաքար համայնքում գոյություն ունեցող կեղտաջրերի մաքրման կայանը կվերակառուցվի համայնքների սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակում...»:

Հանրությունից թաքցնում էին, որ Փարաքարի ԿՄԿ-ն վերակառուցվում է միայն Կառավարության անգործության և կառավարման բավարար հմտություններ չունենալու պատճառով: Դրա հետևանքով ոչ միայն պետական բյուջեից հավելյալ միջոցներ ներդրվեցին Փարաքարի ԿՄԿ-ի վերակառուցման համար, այլև համայնքին հարկադրեցին իր բյուջեից երկու անգամ վճարել մաքրման կայան ունենալու համար: Ինչպես վերը նշել ենք՝ ԿՄԿ-ն կառուցելու ժամանակ համայնքային բյուջեից ներդրվել էր 12 մլն դրամ: Վերակառուցման ժամանակ՝ մոտ 35 մլն դրամ ներդրվեց միայն համայնքային բյուջեից:

 

Քայքայված մաքրման կայանի լուսանկարները՝ Արմավիրի մարզպետարանի կայքէջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter