HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Մարզերի դատախազների ունեցվածքը․ ինչ են հայտարարագրել 2022-ին

«Հետքը» շարունակում է բարձրաստիճան պաշտոնյաների գույքի և եկամուտների հայտարարագրերի մասին հրապարակումները։ Այս հոդվածում կներկայացնենք, թե 2022 թվականի ընթացքում ինչ ունեցվածք են հայտարարագրել Հայաստանի 10 մարզերի դատախազությունների ղեկավարները։

Նախկին մարզպետի որդին հայտարարագրել է 8 միավոր անշարժ գույք

Մարզերի դատախազների մեջ ամենից շատ անշարժ գույքը հայտարարագրել է Սյունիքի մարզի դատախազ Մասիս Պողոսյանը, որը Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին է։ 

Դատախազ Մասիս Պողոսյանը հայտարարագրել է 8 միավոր անշարժ գույք, որոնք նրան պատկանում են համատեղ սեփականության իրավունքով։ Անշարժ գույքերից 5 միավորը հողամասեր են, որոնք բոլորն էլ գտնվում են Սյունիքի մարզի Տեղ գյուղում։ Բացի դրանցից, Մասիս Պողոսյանը հայտարարգրել է նաև անհատական բնակելի տուն Գորիս քաղաքում և երկու բնակարան՝ մեկը Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, իսկ մյուսը՝ Քանաքեռ-Զեյթունում։

Մասիս Պողոսյանը Սյունիքի մարզի դատախազի պաշտոնը զբաղեցնում է 2022 թվականի սեպտեմբերի 9-ից։ Բոլոր անշարժ գույքերը նա ձեռք է բերել նախքան այդ պաշտոնին նշանակվելը։

Անշարժ գույքերի մեծ քանակով Մասիս Պողոսյանին հաջորդում է Արագածոտնի մարզի դատախազ Գագիկ Մարգարյանը, որը հայտարարագրել է 6 միավոր անշարժ գույք։ Այս բոլոր գույքերը գտնվում են Երևանի Շենգավիթ վարչական շրջանում։ Գույքերից 3-ը բնակարաններ են, որոնցից 1-ը նրան է պատկանում միանձնյա, իսկ 2-ը բաժնային սեփականության իրավունքով։ Մյուս 2 գույքերը հասարակական նշանակության շինություններ են, իսկ մյուսն էլ՝ հողամաս։ 

Բաժնային սեփականության իրավունքով Գագիկ Մարգարյանին պատկանող բնակարանները նա ժառանգություն է ստացել 2022 թվականի ընթացքում։ Արագածոտնի մարզի դատախազի պաշտոնը նա ստանձնել է 2021 թվականի հունվարի 27-ին։

Կոտայքի մարզի դատախազ Սևակ Պողոսյանն ու Շիրակի դատախազ Արմեն Չիչոյանն էլ հայտարարագրել են 4-ական անշարժ գույք։ Սևակ Պողոսյանն ունի 1 բնակարան Երևանի Կենտրոն վարչական շրջանում, 2 հողամաս՝ Կոտայքի մարզի Առինջ գյուղում, և 1 բնակելի տուն կրկին Առինջում, որը նա գնել է 2022 թվականին։ Սևակ Պողոսյանը Կոտայքի մարզի դատախազ է նշանակվել մոտ մեկ ամիս առաջ՝ 2023թ․ հունիսի 13-ին։ Մինչ այդ նա զբաղեցնում էր Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազի տեղակալի պաշտոնը։

Շիրակի մարզի դատախազ Արմեն Չիչոյանը հայտարարագրել է 3 բնակարան, որոնցից 1-ը Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ քաղաքում է, իսկ մյուսները գտնվում են Երևանի Ավան և Արաբկիր վարչական շրջաններում։ Բացի այս բնակարաններից Չիչոյանը հայտարարագրել է նաև 1 հողամաս Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղում։ Արմեն Չիչոյանը Շիրակի մարզի դատախազի պաշտոնը ստանձնել է 2022թ․ հոկտեմբերի 22-ին։


Արագածոտնի մարզի դատախազի դրամական միջոցները կազմում են 70 մլն դրամ

Դրամական միջոցների տեսանկյունից իրեն հավասարը չունի Արագածոտնի մարզի դատախազ Գագիկ Մարգարյանը։ Վերջինս կանխիկ եղանակով հայտարարագրել է 48 միլիոն դրամ, 25 հազար դոլար և 30 հազար եվրո։ Ի դեպ, տարեսկզբին Մարգարյանի դրամական միջոցները դրամով կազմել են 72 միլիոն դրամ։ Նրա ծախսերի հայտարարագրում տեսնում ենք, որ այդ գումարից 23 միլիոն դրամ Մարգարյանը ծախսել է անշարժ գույքի վերանորոգման համար։ Ի տարբերություն կանխիկ միջոցների, Գագիկ Մարգարյանը չի սիրում բանկային հաշիվներին շատ գումար պահել, նա հայտարարագրել է ընդամենը 174 հազար դրամ։

Այս բաժնում Գագիկ Մարգարյանին հաջորդում է Շիրակի մարզպետ Արմեն Չիչոյանը։ 2022-ի տարեվերջում նա իր բանկային հաշիվներում ունեցել է 5 հազար դոլար և 4,7 մլն դրամ։ Իսկ կանխիկ եղանակով Շիրակի դատախազը հայտարարագրել է 25 հազար դոլար և 13,6 միլիոն դրամ։

Դրամական միջոցների եռյակը եզրափակում է Տավուշի մարզի դատախազ Գոռ Ալոյանը։ Նա հայտարարագրել է կանխիկ 9 մլն դրամ, 10 հազար եվրո և 5 հազար դոլար, իսկ անկանխիկ եղանակով՝ ընդամենը 500 հազար դրամ։ Գոռ Ալոյանը Տավուշի դատախազի պաշտոնը զբաղեցնում է 2021թ․ մայիսի 20-ից։ 

Ամենահամեստ դրամական միջոցներին տիրապետում է Արմավիրի մարզի դատախազ Վահան Սարգսյանը։ Նա հայտարարագրել է ընդամենը 2 միլիոն դրամ կանխիկ գումար։


Ամենաեկամտաբեր տարին ունեցել է Արարատի մարզի դատախազը

2022 թվականը ամենաեկամտաբերը եղել է Արարատի մարզի դատախազ Ռաֆայել Մանուկյանի համար։ Նախորդ տարի նրա եկամուտները կազմել են 59 մլն դրամ։ Սակայն հարկ է նշել, որ այդ գումարից 39,5 միլիոն դրամը «Բիբլոս բանկից» ստացված վարկերն են։ 9,5 միլիոն դրամը Ռաֆայել Մանուկյանի աշխատավարձն է։ 8 միլիոն դրամ նա ստացել է իր Mazda մակնիշի ավտոմեքենայի վաճառքից, իսկ մնացած 2 միլիոնը ձևակերպված է որպես այլ եկամուտ։ Ռաֆայել Մանուկյանը Արարատի մարզի դատախազի պաշտոնը զբաղեցնում է 2022թ․ նոյեմբերի 23-ից։ 

Այս շարքում երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է Արագածոտնի մարզի դատախազ Գագիկ Մարգարյանը, որի եկամուտները 2022 թվականին կազմել են 23,9 մլն դրամ։ Այդ գումարից 9,5 միլիոնը նրա աշխատավարձն է, 2 միլիոնը՝ «Ամերիաբանկից» ստացված վարկ։ 6,9 միլիոն դրամ եկամուտ նա ստացել է վարձակալության վճարներից, իսկ մնացած 5,5 մլն դրամը Գագիկ Մարգարյանը ստացել է իր Mercedes մակնիշի ավտոմեքենայի վաճառքից։ 

Եռյակն էլ եզրափակում է Լոռու մարզի դատախազ Արմեն Շահբազյանը, որի եկամուտները 2022 թվականի ընթացքում կազմել են 16,2 մլն դրամ, որից 8,2 մլն դրամը Շահբազյանի աշխատավարձն է, իսկ մնացած 8 մլն դրամը գույքի վաճառքից ստացված եկամուտն է։ Արմեն Շահբազյանը Լոռու մարզի դատախազ է նշանակվել է 2023 թվականի հունվարի 30-ին։ Մինչ այդ նա զբաղեցնում էր Գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազի պաշտոնը։

Ինչ վերաբերում է տրանսպորտային միջոցներին, ապա ամենաթանկարժեք ավտոմեքենան հայտարարագրել է Կոտայքի մարզի դատախազ Սևակ Պողոսյանը։ Նա 2022 թվականին «ՌՍ Ավտո» ՍՊԸ-ից 15,7 միլիոն դրամով գնել է 2016 թվականի արտադրության Lexus մակնիշի ավտոմեքենա։ 

***

«Հետքը» շարունակում է ուսումնասիրել բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարագրերը։ Առաջիկայում հայտարարագրերի վերաբերյալ նոր հրապարակումներ կունենանք։

Նկարը՝ Արեն Նազարյանի, Հետք Մեդիա գործարան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter