HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Մատաղիսի հրամանատարի պաշտպանը միջնորդեց ուսումնասիրել Գլխավոր շտաբի հույժ գաղտնի դիրեկտիվը

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթ նստավայրում այսօր՝ հուլիսի 21-ին, շարունակվեց Մատաղիսի զորամասի հրամանատար Սևակ Աբրահամյանի գործի քննությունը։

Սևակ Աբրահամյանի պաշտպան Արման Թամրազյանը շարունակեց դատարանին ներկայացնել այն ապացույցները, որոնք պետք է հետազոտվեն։ 

Սևակ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, զբաղեցնելով Մատաղիսի զորամասի հրամանատարի պաշտոնը, խախտել է մարտական հերթապահություն կրելու կանոնները, որի հետևանքով ժամանակին չի հայտնաբերվել և չի կասեցվել պետության դեմ հարձակումը։ Աբրահամյանն այժմ կալանավորված է։

Ըստ պաշտպանի՝ առկա են հետախուզական տեղեկագրեր, որոնցում զետեղված են հակառակորդի շարժերի, այդ թվում՝ 6-րդ պաշտպանական շրջանի մոտակա հատվածում շարժի, ուժերի և միջոցների, գործողությունների վերաբերյալ տեղեկություններ։

Նաև զետեղված են, թե ՀՀ հետախուզական մարմիններն ի՞նչ տվյալներ են ստացել այս օրերին։

Պաշտպանի խոսքով՝ Սևակ Աբարհամյանին մեղադրում են, որ նա սեպտեմբերի 26-ին տեղեկություններ է ունեցել և պետք է գնահատեր այդ տեղեկությունները՝ որպես հակառակորդի կողմից հարձակման նախապատրաստության նշան, բայց չի գնահատել։ Ըստ հետախուզական տեղակագրերի՝ համապատասխան պաշտոնատար անձինք դեռևս օգոստոսից սկսած հնարավորություն ունեին գնահատելու այդ տեղեկությունը՝ որպես հակառորդի կողմից հարձակման նախապատրաստության նշան։

«Հստակ տեղեկություններ կան, որ հակառակորդը դեռևս օգոստոսից ականազերծման աշխատանքներ է իրականացրել ամբողջ ռազմաճակատի երկայնքով տարբեր տեղերում, մոբիլիզացիա է հայտարարել, ուսումնական կենտրոններում զորքեր է տեղակայել և դուրս բերել։ Տեղեկություններ են եղել` հակառակորդի ուժերում գտնվող Թուրքային պատկանող F-16 ինքնաթիռներն ի՞նչ թռիչքներ են իրականացրել, ի՞նչ խնդիրներ են իրականացրել, ինքնաթիռները Հայաստանի և Արցախի հակաօդային պաշտպանության միջոցների արձագանքն են ստուգել։

Դրանք այն ցուցիչներն են, որոնք հստակ վկայել են հակառակորդի կողմից հարձակման պատրաստվելու մասին։

ՊԲ հրամանատարներից բացառապես Սևակ Աբրահամյանին է մեղսագրվել արարք, որ նա մարտական հերթապահության կանոնները խախտել է, պահպանությունից պաշտպանության չի անցել»,- ասաց Արման Թամրազյանը։

Պաշտպանը միջնորդեց որպես ապացույց նաև ուսումնասիրել Գլխավոր շտաբի հույժ գաղտնի դիրեկտիվը։

Թամրազյանը նշեց՝ այդ տեղեկագրերով պետք է ապացուցեն՝ վարույթ իրականացնող մարմինը կանխակալ վերաբերմունք է ցուցաբերել Սևակ Աբրահամյանի նկատմամբ։

«Հստակ տեղեկություններ կան, որ վերադաս պաշտոնատար անձինք խախտել են դիրեկտիվի պահանջները, բայց նրանցից որևէ մեկը մեղադրյալի դատավարական կարգավիճակով չի գտնվում Քրեկան օրենսգրքի 365-րդ հոդվածով։ 6-րդ ՊՇ-ն իբրև թե ունեցել է այդ տեղեկությունները, խնջույք է կազմակերպել, և որևէ այլ գործողություն չի կատարել։

Հետախուզական փաստաթղթերը հերքում են վարույթ իրականացնող մարմնի այն ենթադրությունը, որ Աբրահամյանի կողմից անկախ այդ տեղեկություններն ունենալուց, թե ոչ, վերադաս մարմիններն ունեցել են շատ ավելի տեղեկություններ, սակայն իրենց պարտականությունները չեն կատարել»,- նշեց նա։

Թամրազյանը հայտնեց, որ 6-րդ պաշտպանական շրջանում հակագրոհների բացակայության վերաբերյալ տեղեկություն պարունակող զննության արձանագրություն կա։ Մեղսագրված արարքում որպես հետևանք նշվել է, որ հոկտեմբերի 2-ին հակառակորդը մխրճվել է և գրավել Թալիշ, Մատաղիս գյուղերը։

«Հակագրոհը պետք է կազմակերպեր Պաշտպանության բանակը և 10-րդ լեռնահրաձգային դիվիզիան իրենց ուժերով, ոչ թե 6-րդ ՊՇ-ն։

Մարտական խնդիրներով և կարգադրություններով հստակ կարգավորվել է, թե հակառակորդի հարձակման ժամանակ 6-րդ պաշտպանական շրջանը ինչ գործողություններ պետք է իրականացնի, և ինչ գործողություններ պետք է իրականացներ ՊԲ-ն և 10-րդ լեռնահրաձգային դիվիզիան։

Հակագրոհներ չիրականացնելու կամ իրականացնելու վերաբերյալ գործողությունների պատասխանատվությունը կրում են դիվիզիան և ՊԲ-ն։

Թալիշ և Մատաղիս գյուղերի կորուստն ինչի՞ հետևանք է։ Դա հետևանք է նրա, որ ամբողջ ղեկավար կազմի գիտությամբ Սևակ Աբրահամյանն, ըստ մեղադրանքի, ժամը 17:00-ին 4 ժամ խնջու՞յք է կազմակերպել բանակի սպաների մասնակցությամբ, թե՞ հետևանքն է նրա, որ ՊԲ-ն ու դիվիզիան որևէ գործողություն չեն կատարել և հակագրոհներ չեն կազմակերպել»,- ասաց Թամրազյանը։

Գործում առկա է արձանագրություն, որ քննիչը ուսումնասիրել է զինված ուժերի օպերատիվ շտաբների ծառայության հրահանգը։ Պաշտպանական կողմին, ըստ Թամրազյանի, այն հասանելի չէ, քանի որ գաղտնի է։

Աբրահամյանին մեղսագրում են նաև այն, որ եթե խնջույք չաներ, հակառակորդը չէր կարող մխրճվել պաշպանության խորքը, չէր գրավի Թալիշն ու Մատաղիսը։ Պաշտպանի խոսքով՝ անհաժեշտ է, որ դատարանը իմանա՝ 6-րդ ՊՇ-ն ինչ սպառազինություն է ունեցել.

«Հակառակորդի ուժերն ու միջոցները տասն անգամ գերազանցել են Սևակ Աբրահամյանի ունեցած ուժերն ու միջոցները։

Պետք է գնահատել, թե 6-րդ ՊՇ-ն՝ Սևակ Աբրահամյանի հրամանատարությամբ, կարո՞ղ էր արդյոք դիամակայել հակառակորդին, հետ մղել, թույլ չտալ գրավել Թալիշ և Մատաղիս գյուղերը»,- նշեց Թամրազյանը։

Բացի այդ, պաշտպանը նշեց, որ քրեկան գործում առկա են տեղեկություններ, որ ԳՇ համապաստախան անձինք սկսած սեպտեմբերի 25-ից՝ հստակ տեղեկություններ են ունեցել, որ հակառակորդը մեկ-երկու օրվա ընթացքում հարձակվելու է Արցախի ամբողջ պաշտպանական շրջանի երկայնքով։

«Սեպտեմբեր 26-ին ստացել են կրկին մեկ տեղեկություն, որն առավել քան հիմնավորել է, որ հակառակորդը հարձակվելու է սեպտեմբերի 27-ին»,- հայտնեց պաշտպանը։

Մատաղիսի զորամասի հրամանատար Սևակ Աբրահամյանը դատարանին հայտնեց․

«Ծառայության մեջ առաջնորդվում ենք երկու տեսակի հաստիքով՝ 51, որը խաղաղ ժամանակ է, և 01՝ մարտական գործողությունների ժամանակ։ Խաղաղ ժամանակ անձնակազմը լրիվ համալրված չի լինում։ Իմ խնդիրը պետք է կատարեի 01 հաստիքով, չենք համալրվել այդ հաստիքով։ Չէի կարող բոլոր չպահվող դիրքերը համալրել։ Պետք է 01 հաստիքով համալրվեինք, նոր կարողանայի բոլոր չպահվող դիրքերը պահել։ 01 հաստիքով համալրում կատարվում է Արցախի Հանրապետության ռեսուրսների հաշվին՝ Արցախի նախագահի հրամանով, Հայաստանի Հանրապետության ռեսուրսների հաշվին՝ ՀՀ վարչապետի հրամանով»։

Սևակ Աբրահամյանի խափանման միջոց կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով

Մատաղիսի զորամասի հրամանատար Սևակ Աբրահամյանի խափանման միջոց կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով։

Պաշտպան Արման Թամրազյանը հայտնեց, որ մեղադրանքն անօրինական է, բոլոր վկաների ցուցմունքները համընկնում են Սևակ Աբրահամյանի ցուցմունքին։ 

Բացի այդ, վկաների մեծ մասն Արցախում է, և Աբրահամյանը ոչ մի կերպ չի կարող ազդել նրանց վրա։ Թամրազյանն ասաց, որ որևէ հիմնավոր դիրքորոշում չլսեց հանրային մեղադրողից՝ ինչու պետք է Աբրահմյանը մնա կալանավորված։

Պաշտպանը նաև հայտնեց, որ Սևակ Աբրահամյանը առողջական վատ վիճակում է գտնվում։ Չնայած պաշտպանի պնդումներին՝ դատարանը որոշեց խափանման միջոց կալանքը թողնել անփոփոխ մինչև հոկտեմբերի 29-ը։

Հաջորդ դատական նիստը նշանակվեց օգոստոսի 4-ին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter