HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

«Չգիտեմ՝ էլ ինչ պիտի լինի, որ մարդիկ որոշեն միանալ». բողոքի ակցիա Արցախի ապաշրջափակման պահանջով

«Ոնց չգանք ակցիաներին, երբ մեր հարազատները այսօր սոված են, ապրում են վախի մթնոլորտում, չունեն վաղվա օրվա երաշխիք, չգիտեն, թե մինչև երբ կկարողանան դիմանալ։ Ես չեկողների վրա եմ զարմանում, մարդու սիրտը պիտի քարից լինի, որ չմտածի Արցախում այս պահին կյանքի համար կռիվ տվող մեր հարազատների, հայրենակիցների մասին»,-ասում է արցախցի Մարիամ Գրիգորյանը։

Այսօր՝ հուլիսի 21-ին ժամը 19:00-ից բողոքի ակցիա է իրականացվում Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի դիմաց՝ Արցախի ապաշրջափակման պահանջով։

Մարիամը կարծում է, որ պետք է բոլորը միանան նախաձեռնությանը, քանի որ հիմա արցախցիները ավելի քան երբևէ ունեն աջակցության կարիք։

Մարիամն ամեն օր խոսում է Ստեփանակերտում ապրող իր հարազատների հետ, պատմում են, որ չկան հիգիենայի պարագաներ, կաթնամթերք, ձեթ, քաղցրավենիք։

«Ես չգիտեմ՝ էլ ինչ պիտի լինի, որ մարդիկ որոշեն միանալ, ախր իրոք վիճակն անելանելի է։ Ոչինչ չկա խանութներում, մարդիկ հիմա ապրելու կռիվ են տալիս։ Ես ապրելով Երևանում՝ ինձ մեղավոր եմ զգում, որ հիմա հարազատներիս հետ չեմ, որ ես կարող եմ սրտիս ուզածն առնել, իսկ իրենք՝ ոչ»,- ասում է նա։

Ակցիան մեկնարկեց Տերունական աղոթքով, ապա երգեցին Արցախի հիմնը, որից հետո ակցիայի կազմակերպիչներն ու մասնակիցները ելույթներ ունեցան։

Կարինե Գուլիյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ընկերներից մեկի գրառումն էր տեսել ու որոշել է գալ ու մասանկցել ակցիային, Կարինեի քույրը ապրում է Մարտակերտում։ Կարինեն մինչ 44-օրյա պատերազմն ընտանիքի հետ ապրել է Շահումյանի շրջանի Նոր Բրաջուր գյուղում։ 

Կարինե Գուլիյանի խոսքով՝ քույրը շատ չի բողոքում, բայց Կարինեն գիտի, թե ինչ վիճակ է այս պահին Արցախում։

«Դե իմ առողջականը հաշվի առնելով, մեր վիճակը հաշվի առնելով՝ չի բողոքում, ասում է՝ դե ոնց պիտի լինենք, ոնց բոլորը՝ նենց էլ մենք։ Բայց դե ես հո գիտեմ, թե ինչ վիճակում են։ Ստեփանակերտում էլ ծանոթներ ունենք, իրենց վիճակն ավելի վատ է, շրջանների բնակիչները գոնե հավ են պահում, բանջարեղեն, միրգ են աճեցնում։ Ստեփանակերտցիներից շատերը, դրա հնարաորությունն էլ չունեն»,- ասում է նա։

Չնայած դժվարություններին Կարինեն կարծում է, որ ամեն բան լավ է լինելու։

Լիանա Գևորգյանը շրջափակումից հետո մնացել է Երևանում, չի կարողացել Արցախ վերադառնալ, նրա ողջ ընտանիքն այժմ Արցախում է։ Լիանայի հարազատներն ամեն անգամ զանգահարելիս խնդրում են որևէ բան անել։

Ցուցարարները հայտարարեցին, որ պատրաստվում են երկուշաբթի օրվանից՝ առավոտյան ժամը 8:30-ից, փակել մայրաքաղաքի և մարզերի տարբեր փողոցներ՝ այդկերպ փորձելով ցույց տալ, թե ինչպես են իրենց զգում արցախցիները շրջափակման պայմաններում։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter