HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Եթե ամբողջ հայությունը ոտքի կանգնի, էլի ուշ չէ»,- ասում է արցախցի Արամ Ալթունյանը

«Ես չեմ հավատում, որ նստացույցն ինչ-որ օգուտ կտա: Հավաքվել էինք, խոսել էինք, իսկ հետո՞: Մենք թույլ ենք, իսկ Ադրբեջանի հետ ուժեղը պետք է խոսի: Մենք ճիշտ պահը վաղուց ենք բաց թողել: Դա առաջին պատերազմից հետո էր, երբ հաղթեցինք: Պետք է շարունակեինք հզորանալ: Չգիտեի՞նք, որ թուրքը լուռ չի մնալու: Պետք է այն ժամանակ պահանջեինք, որ մեզ ճանաչեն: Զենք ու զինամթերքի մասին ավելի շատ պետք է հոգայինք: Ադրբեջանը միամիտ չէ, անգրագետ չէ, լավ հասկանում ու գիտակցում է ամեն ինչ: Իսկ մե՞նք, հանուն այս վիճակի՞ ենք մենք այնքան զոհ տվել»,- ասում է 62-ամյա Արամ Ալթունյանը՝ անդրադառնալով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում սկսված նստացույցին միանալու որոշմանը

Նախագահի խոսքով՝ այդ քայլը միջազգային հանրության ուշադրությունը գրավելու, նրան անհապաղ գործողությունների դրդելու համար է: 

Արամի ընտանիքը՝ կինը, երկու որդիներն իրենց կանանց ու երեխաների հետ 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանվել են Հադրութի շրջանի Հին Թաղեր գյուղից: Ներկայում Ստեփանակերտում վարձով են բնակվում: 

Արամ Ալթունյանը կարծում է, որ Արցախը միայնակ ոչինչ չի կարողանա անել, և որ դա բերելու է անիմաստ կորուստների: 

«Հիմա ավտոմատի դար չէ: Եթե ժամանակին մեր ղեկավարությունը մի քիչ խորը մտածեր, այս օրին չէինք լինի: Հաղթանակից հետո հանգիստ էինք, մտածում էինք՝ էլ թուրքը գլուխ չի բարձրացնի: Բայց այս տարիների ընթացքում նրանք զուգահեռ զինվում էին: Եթե մենք էլ նորմալ զենք ու զինամթերք ունենայինք, մեր երեխաները ոչ կնահանջեին, ոչ էլ կզոհվեին: Ես իմ ընտանիքում զոհ չեմ ունեցել, իմ երեխան ողջ է, բայց տես՝ ինչքան երեխա է զոհվել , նրանց հայրերը, մայրերը ի՞նչ ասեն: Նրանց ապրելու իմաստը էլ ո՞րն է»,- ասում է նա: 

Արամի խոսքով՝ բոլորը պետք է մասնակցեին զենքերի ձեռք բերմանը, յուրաքանչյուր ընտանիք իր ներդրումը պետք է ունենար, բայց ոչ ոք լուրջ չէր վերաբերվում այդ ամենին: 

«Ամբողջ հայությունը, ինչքան կա՝ թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում, մոլորակի որ ծայրում էլ ուզում է լինի, պետք է միանան, մի բռունցք դառնան, ով ինչով կարողանում է՝ օգնի: Էլի ուշ չէ, եթե ամբողջ հայությունը ոտքի կանգնի»,- ասում է Արամ Ալթունյանը: 

Շուշիի վարչակազմի ղեկավար Գրիշա Հովհաննիսյանը միջազգային դրական արձագանք չի ակնկալում։ 

«Մի՞թե պարզ չէ, որ աշխարհը թքած ունի մեզ վրա։ Ուկրաինայում հազարավոր մարդիկ են մահանում, ո՞վ է մտածում դրա մասին։ Քանի՞ օր է արդեն նստացույց ենք անում։ Ի՞նչ արձագանք ենք մենք ստացել։ Ադրբեջանը Հաագայի դատարանի որոշումն էլ չի կատարել։ Հետևաբար, ումի՞ց ենք ինչ սպասում։ Ոչ մեկին հետաքրքիր չէ՝ մենք այստեղ լավ կապրենք, թե՝ սոված։ Խանութ եմ մտնում, լացս գալիս է։ Տես քանի միջազգային կազմակերպություն կա, ո՞րն է ինչ անում»,- ասում է Գրիշա Հովհաննիսյանը։ 

Ստեփանակերտի բնակիչ Սամվել Գաբրիելյանը ո՛չ դրական, ո՛չ էլ բացասական սպասումներ ունի նստացույցից։ Ասում է՝ դա էլ է մի քայլ ու գուցե կօգնի։ 

«Ես սպասում եմ, որ մոտ ժամանակներում դրական փոփոխություն է լինելու։ Ռուսաստանը այսպես չի թողնելու։ Մեր հայրերը, պապերը սրանից ավելի վատ վիճակում են եղել, բայց մենք կանք, չէ՞։ Արցախի ճակատագիրն է այսպիսին։ Իրականում կարելի է շատ կարճ ժամանակահատվածում զինվել ու հաղթել, եթե չզինեն, մենք ինքներս կզինվենք՝ ինչպես առաջին պատերազմի ժամանակ։ Այն ժամանակ թուրքի տանկն էինք վերցնում, կռվում, հիմա ԱԹՍ-ն ենք վերցնելու։ Մենք ունենք այդ փորձը։ Պարզապես առանց մեծ կորուստների դրան չենք կարողանալու հասնել»,- ասում է նա։ 

Սամվել Գաբրիելյանի խոսքով՝ ցավալին Հայաստանի՝ ներկայում  վարած քաղաքականությունն է։  

«Հայաստանի Հանրապետության քաղաքականությունը ավելի շուտ դավաճանություն է։ Թեկուզ լռեր, այդպես ավելի քիչ կվնասեր մեզ։ Մենք հիմա լրիվ մենակ ենք։ Դժվար է, բայց հաղթահարելու ենք։ Գնացողներ կլինեն՝ ինչպես միշտ, մի մասը լքելու է, թողնելու է երկիրը, գնա։ Բայց մենք դա էլ ենք հաղթահարելու։ Ռուսաստանի նկատմամբ պետք է լավ տրամադրվել։ Չպետք է մտածել, որ Ռուսաստանը մեր բարեկամն է, բայց Ռուսաստանը մեր թշնամու թշնամին է, հետևաբար Ռուսաստանի հետ մենք միշտ պետք է բարեկամություն անենք»,- ասում է Սամվել Գաբրիելյանը։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter