HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

«44-րդ օրը թուրքերը բարձրացան տանիք, տեսան մեզ, գերեվարեցին». Նարեկ Սիրունյանի վկայությունը

«Խառը իրավիճակի ժամանակ Իշխան Վահանյանը զորքին թողել ա, լքել ա մարտադաշտը, զորքը մնացել ա անտեր վիճակում։ Անտերության հետևանքով՝ մեծ թվով զոհեր, գերեվարված անձինք, այդ թվում՝ ես, գերեվարվել եմ, գործով որպես տուժող եմ»,- երեկ՝ հուլիսի 21-ին, դատարանում հայտնեց 44-օրյա պատերազմի մասնակից, Խուռհատի գործով տուժող ճանաչված Նարեկ Սիրունյանը։

2020թ. հոկտեմբերի 10-ին ադրբեջանցիները հարձակվել են Հադրութ քաղաքի մոտակայքում գտնվող Խուռհատ սարի վրա, որտեղ այդ ժամանակ տեղակայված էր Ջրականի նորակոչիկների 5-րդ գումարտակը, մեծամասամբ՝ 2 ամսվա զինծառայողներ։

Գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանը Խուռհատ սարի վրա միայնակ է թողել նորակոչիկներին՝ պատճառաբանելով, թե վիրավոր է։ Նա մեղադրվում է պատերազմի ժամանակ նորակոչիկներին միայնակ թողնելու և մարտական դիրքերը լքելու մեջ։ 
Չիմանալով հակառակորդի տեղակայման մասին՝ նորակոչիկների մի մասը Վանք գյուղ նահանջելով՝ զոհվել կամ գերեվարվել է։

Նարեկ Սիրունյանը այն զինծառայողներից մեկն է, որը նահանջել էր դեպի Վանք գյուղ, 44 օր մնացել գյուղի տներից մեկում, ապա հայտնաբերվել է ադրբեջանցիների կողմից և գերեվարվել։ Սիրունյանը հայրենիք է վերադարձել գերեվարումից 8 ամիս անց։

Քրեական գործում առկա տեղեկությունների համաձայն՝ զորքի մի մասը Խուռհատ սարից նահանջել է կապի դասակի հրամանատար Հովհաննես Մուրադյանի և մի կամավորականի հետ, որին զինծառայողները «քեռի» կամ «հոպար» են անվանում։ Կամավորականի անունը մինչ այս պահը հայտնի չէ։ Վերջինս, ըստ գործում առկա տեղեկությունների, զոհվել է։

«Բարձրացել ենք Խուռհատ, քեռին էդտեղ ա եղել, ուղղություն էր ցույց տալիս, ասում էր՝ ես կամավոր եմ, բոլորը փախել, գնացել են, ես մնացել եմ զորքի կողքը, ասում էր՝ նենց արեք, որ չդիտարկվեք, սնայպեր ա աշխատում, ուղղություն էր ցույց տալիս ու իջնում ցած»,- նշեց Նարեկը։

Մի գիշեր Ջրականի 5-րդ գումարտակը մնացել է սարի վրա, առավոտյան սնունդ են բերել.

«Խումբ-խումբ հավաքվեցինք, որ հաց ուտենք, էդ ընթացքում կրակոցներ լսվեցին, ամեն մեկն իր զենքը վերցրեց, տեղավորվեց ու վերևից արդեն գոռացին՝ վիրավոր ունենք, զոհ ունենք, տղերքը սկսեցին վիրավոր իջեցնել»,- պատմեց տուժողը։

- Ձեր զորամասի սպայակազմը, այդ թվում՝ գումարտակի հրամանատարն ի՞նչ գործողություններ էր իրականացնում,- հետաքրքրվեց դատախազ Գևորգ Ավետիսյանը։

-Իմ կողքին Հովհաննես Մուրադյանն է եղել, Վազգեն Վարդանյանը, Արսեն Ղարիբյանն էր եկել ՊԿ-ով, ամեն մեկը մի զենք վերցրեց, Մուրադյանն իմ ձեռքից գրանատամյոտը վերցրեց, ինձ «AK» տվեցին, Հովհաննեսն ասեց` դու չես կարա խփես, թող մենք խփենք։ Արդեն շատ էին իջնում ու ամեն իջնող ասում էր՝ լավ չի վերևը, մեր ուղղությունը փոխվեց, որ մենք կրակենք վերև, տղերքը հասցնեն իջնեն։

Իսկ գումարտակի հրամանատարն ի՞նչ էր անում այդ ժամանակ,- հարցրեց հանրային մեղադրողը։

- Չեմ տեսել, մենք որ իջանք, մարդ չկար։

Նարեկի խոսքով՝ կապի դասակի հրամանատար Հովհաննեսը կարողանում էր խուճապը հանել, զորքին հանգստացնել։

«Հովհաննեսն ասաց՝ ավելի լավ ա մտնենք Հադրութի տակով՝ գյուղերով դուրս գանք, փորձենք կապ հաստատել, միանանք զորքի մնացած հատվածին։ Վերադասներից ոչ մեկ չկար, որ ուղղորդեր»,- ասաց նա։

-Փորձե՞լ եք տեղեկանալ՝ ուր է գումարտակի հրամանատարը,- հարցրեց դատախազը։

-Երբ հավաքվեցինք, տեղակայվեցինք, ասեցի՝ Հով, բա էս ո՞ւր են, ո՞ւր գնացին, ի՞նչ պիտի անենք, էդքան մարդ զոհվեց։ 100-ի կարգի էինք, ասաց՝ պիտի բացվենք, խմբեր ձևավորենք, դուրս գանք։ Կապվել են Վահանյանի հետ, թե Հովոն էր, թե հոպար կոչվածը, կդժվարանամ ասել, էդտեղից հայհոյանքներ է լսվել, գոռոց, զորքի մեջ կոնֆլիկտ սկսվեց, որ Վահանյանը չկա, զորքին թողել, թռել է, ո՞վ պիտի զորքին տիրություն անի։ Ու մեզ ասել են, որ Հադրութը վերցված է կալցոյի մեջ, պիտի արանք գտնենք, դուրս գանք։

Ըստ տուժողի՝ Խուռհատ սարի վրա հակառակորդը հիմնականում հրաձգային տեսակներից է կրակել, և հնարավոր չէր բեկորային վիարվորում ստանալ։ Գործում առկա տեղեկություններով՝ գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանը բեկորային վիրավորում է ստացել։

«Սնարյադ չի եղել, չեմ պատկերացնում, որ ինչ-որ մեկը կարար բեկորային հարված ստանար»,- նշեց Նարեկը։

Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Գուրգեն Գրիգորյանը հարցրեց Նարեկ Սիրունյանին՝ արդյոք նա լսել է խոսակցություն, որ «քեռին» ասի՝ Հադրութում զինծառայողները շրջափակման մեջ են։

Տուժողը նշեց, որ զորքն այդ ժամանակ հաստատ չէր մտնի Հադրութ, որովհետև չէր կարող 100 հոգին 1000-ի դեմ պայքարեր։

«Էնտեց մնացած են եղել կամավորներ, ովքեր հոկտեմբերի 9-ին պետք է բարձրանային դիրքեր, բայց չգիտես՝ ոնց չեն բարձրացել։ Զորքից Հադրութում մարդ չի մնացել։ Եթե տենց հրաման լիներ, մեկը ես էդ հրամանը չէի կատարի, որովհետև էդ պահին, երբ մեզ պետք էր՝ էդ մարդիկ հանեին, գազի վրա կոֆե էին եփում, հաց էին ուտում, էս է եղել պատերազմը, այ սենց պատերազմ էինք տանում»,- պատասխանեց տուժողը։

Գրիգորյանը հետաքրքրվեց՝ «քեռու» գործողություններում արտառոց բան նկատե՞լ է։

նց որ գլխից մի քիչ վերցրած լիներ, բաներ կարող ա աներ, որ համազգեստ հագնողին հարիր չէր,- պատասխանեց Նարեկը։

Շրջափակման մեջ հայտնվելուց հետո Նարեկը վիրավորվել է։

«Հոկտեմբերի 9-10-ն էր, երբ վիրավորվել եմ 5 տեղից։ Հովհաննեսի ու քեռու հետ էինք, դիտարկվել ենք թշնամու կողմից, ասել են՝ հայ ենք, եկեք էս կողմ, էդ ժամանակ տղերքը գոռացել են՝ հա՞յ եք, Մուրադյանն ասեց՝ հայ չեն, հետ գնացեք։ Իրենք եղել են մեր համազգեստով, ամենաշատը՝ 6 հոգի։ Էդ ժամանակ «լիմոնկա» են շպրտել»,- պատմում է տուժողը։

Նարեկն այդ ժամանակ է վիրավորվել։

«Լացի, գոռոցի վրա եմ աչքերս բացել՝ արնաքամ լինելով, ջուր են տվել, կապել են վեց տեղից, որ արյունը կանգնի, գցել են թևերից, իջեցրել են, էդ ժամանակ ընկել եմ ցած, գիտակցությունս էլի գնացել է, պառկեցրել են, ինչով հնարավոր է՝ գոտի, կոշիկի թել, փորձել են կապել, գիշերը եկել, ասել են՝ մի բան կանենք, ձեզ չենք թողնի էստեղ, տարել են տուն»,- նշում է նա։

Զինծառայողները տեղակայվել են Վանք գյուղի տներից մեկում։

«Տան դարակները քանդեցի, հեռախոս գտա, առաջինը զանգել եմ պապայիս, ասել՝ էս ինչ տեղն եմ, սենց տեղ ա, եկեղեցի կա, մտեք հանեք, վիրավոր ենք, չեն կարողանա դուրս գալ»,- ասում է Նարեկը՝ նշելով, որ փորձել են կապ հաստատել նաև պատկան մարմինների հետ, սակայն որևէ տեղից չեն պատասխանել։ 

Նույն պահին զանգել են գումարտակի նախկին հրամանատար Գարիկ Վարդերեսյանին։

«Տեղանքն ենք բացատրել, բա մինչև 6-ը պրոբլեմ չկա, դուրս եք գալիս, ժամը 6-ն ա, մարդ չկա, 10-11-ն ա, մարդ չկա, ուզում ենք զանգել, անջատվում է հեռախոսը։ 10 օր անցավ, 20 օր անցավ, ամիս անցավ, 40 օր էդ կարգավիճակում թուրքերը սկսել էին գյուղի տները փորփրել։ Իրենք եկել 4 անգամ ուզեցել են մտնեն նկուղ, չեն կարացել դուռը բացել։ Գնացինք գիշերը նկուղում մնացինք, որոշեցինք հետո բարձրանալ տանիք։

44-րդ օրը իրենք բարձրացան տանիք, տեսան մեզ, զենք չունեին, մենք էլ չունեինք, տղերքին կանչեցին իջան, իմ թևերից բռնեցին իջեցրին»,- պատմեց Նարեկը։

Դատավոր Ջոն Հայրապետյանը հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է ստացվել, որ 5-ով են մնացել այդ տանը, զորքն ո՞ւր է եղել։

«Վիրավոր յոթս ենք եղել, երկուսը մահացել են, հինգս մնացել ենք, մնացած զորքը գնացել էր օգնություն բերելու, մեջները ղարաբաղցի կար, ով պիտի ուղղորդեր տեղանքում,  արդյունքում ստացվեց նենց, որ մենք մնացինք էդտեղ»,- նշեց Նարեկը։

- Իսկ այդ տղերքին պատերազմից հետո չե՞ք հարցրել, գուցե զանգել են օգնության, չեն եկել,- հարցրեց դատավորը։

- Ես իրենցից ոչ մեկի հետ առնչություն չունեմ, նպատակ էլ չկա, որովհետև երբ պատասխանը լսես, կամ շատ վատ ես զգալու, կամ նեղանալու ես, կամ վիրավորվելու ես, ավելի վատ իրավիճակի մեջ ես լինելու։

- Էդ ամբողջից հետո ոնց էլ չլինի հանդիպած կլինեք ձեր մարտական ընկերներին, կա՞ ինֆորմացիա, որ կցանկանաք հայտնել դատարանին։

- Ես որ եկել եմ, երկար ժամանակ հոսպիտալում եմ եղել, վիրահատություններ եմ տարել, լիքը մարդ եմ տեսել, երբ իրենք գլուխները թեքել են, ես ավելի շատ եմ թեքել, էսօր ես ներել եմ բոլորին, Աստված ասում է՝ ներիր մարդուն, որ դու էլ ներվես, ես ներել եմ, թող Աստված իրենց հետ լինի։

Նարեկ Սիրունյանի հետ այդ օրը գերեվարվել են նաև Էրիկ Խաչատչյանը, Ռոբերտ Վարդանյանը, Կարեն Մանուկյանը, Արայիկ Գալստյանը։

Հաջորդ դատական նիստը նշանակվեց օգոստոսի 11-ին։

Լուսանկարը՝ Ջուլիետտա Հովհաննիսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter