HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հարավաֆրիկյան Հանրապետության կառավարությունը համաձայնվել է ձերբակալել Վլադիմիր Պուտինին, եթե վերջինս երբևէ այցելի այդ երկիր

Հարավաֆրիկյան Հանրապետության արդարադատության նախարարությունը պետական դատախազության տնօրեն Շամիլա Բատոհիից խնդրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալման օրդեր տալ։ Այդ մասին հայտնում է տեղական News24 պարբերականը՝ հղում անելով Պրետորիայի դատարանի հայտարարությանը։ 

Ձերբակալման օրդերի համար Հարավաֆրիկյան Հանրապետության ԱՆ-ն դիմել է հուլիսի 17-ին՝ երկու ամիս անց այն բանից հետո, երբ ՀԱՀ միջազգային հարաբերությունների դեպարտամենտն այդ երկրի արդարադատության նախարարությանը փոխանցեց Պուտինին ձերբակալելու վերաբերյալ Միջազգային քրեական դատարանի օրդերը, որը մեղադրվում է Ռուսաստան ուկրաինացի երեխաների անօրինական տեղահանման մեջ։

Դատախազությունը դիմել էր դատարան, որպեսզի կառավարությանը համոզեր ձերբակալել Վլադիմիր Պուտինին, եթե վերջինս օգոստոսին ժամաներ Հարավաֆրիկյան Հանրապետություն՝ մասնակցելու ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին։ Այն բանից հետո, երբ հուլիսի 19-ին ՀԱՀ իշխանությունները հայտարարեցին, որ Ռուսաստանի նախագահն անձամբ չի մասնակցի գագաթնաժողովին, ընդդիմադիր «Ժողովրդավարական ալյանս»-ը դատարանին խնդրեց կառավարությանը պարտավորեցնել ցանկացած ժամանակ ձերբակալել Ռուսաստանի գործող նախագահին, երբ վերջինս ժամանի այդ երկիր։ Ինչպես գրում է News24-ը, կառավարությունը համաձայնվել է այդ պահանջի հետ։

«Ժողովրդավարական ալյանս»-ը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ այս իրադարձությունն անվանել է իր «վաստակը»։

Հիշեցնենք, որ մարտի 17-ին Հաագայի միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալության միջազգային օրդեր էր տվել։ Նա, ինչպես նաև Ռուսաստանի նախագահի երեխաների հարցերով հանձնակատար Մարիա Լվովա-Բելովան, մեղադրվում են Ուկրաինայի բռնազավթված տարածքներից ուկրաինացի երեխաների բռնի տեղահանման մեջ։

ՀԱՀ նախագահ Սիրիլ Ռամաֆոսան ապրիլի վերջին հայտարարել էր, որ իր երկիրը դուրս կգա Միջազգային քրեական դատարանի իրավասությունից՝ «որոշ երկրների նկատմամբ Միջազգային քրեական դատարանի անարդար վերաբերմունքի համար», սակայն երկու օր անց իշխանությունները նախագահի հայտարարությունը «շփոթմունք» անվանեցին։

ՀԱՀ նախագահ Սիրիլ Ռամաֆոսան, արձագանքելով ընդդիմության կոչերին կատարելու Միջազգային քրեական դատարանի պահանջը, հուլիսին հայտարարել էր, որ Ռուսաստանը զգուշացրել է, որ Պուտինի ձերբակալությունը կգնահատվի որպես Մոսկվային պատերազմի հայտարարում։ Ի դեպ, Կրեմլում հերքել էին այս հայտարարությունը։ Ռամաֆոսայի աշխատակազմը հուլիսի 19-ին հայտարարել էր, որ Պուտինը ՀԱՀ-ում չի մասնակցի ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին, իսկ ռուսական պատվիրակությունը կգլխավորի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

Լուսանկարում՝ Վլադիմիր Պուտինը և Սիրիլ Ռամաֆոսան/Alexei Nikolsky/Kremlin via Reuters

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter