HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Մակիյան

«Գետառ․ գետի հիշողությունը»․ գիրք գետնի տակ մոռացված գետի մասին

«Գետառի խշշոցը լսելու, գետահունը տեսնելու համար հարկավոր է լարել ոչ միայն լսողությունն ու տեսողությունը, այլև հիշողությունը»,- ասում է Տիգրան Ամիրյանը՝ «Գետառ. գետի հիշողությունը» գրքի գլխավոր խմբագիրը։ Այս գիրքը եկել է «գետնի տակից հանելու»  գետի մասին հիշողությունները, բացահայտելու դրա կենսունակությունն ու կարևորությունը։

Հուլիսի 21-ին տեղի ունեցավ «Մշակութային եւ սոցիալական նարատիվների լաբորատորիա»-ի «Գետառ. գետի հիշողությունը» խմբային մենագրության շնորհանդեսը: Այս նախագիծով առաջին անգամ Հայաստանում կատարվել է Գետառ գետի ծավալուն ուսումնասիրություն: Ծրագիրը մեկնարկել է 2021թ.-ին և տևել է  շուրջ երկու տարի: Այն հանրության լայն շրջանակներին հնարավորինս մատչելի եւ հետաքրքրական կերպով մատուցում է Գետառ գետին առնչվող ուրբանիստական, մարդաբանական և բնապահպանական երևույթների կապը՝ նպատակ ունենալով թեմայի շուրջ ստեղծել դիսկուրս։

«Գետառ. գետի հիշողությունը» նախագիծը համախմբել է մշակութաբանների, մարդաբանների, բնապահպանների, կենսաբանների, ուրբանիստների, ճարտարապետների, վիզուալ արվեստագետների, նշանագետների, արխիվագետների և իհարկե Գետառի մասին հիշողություններով կիսվող մարդկանց։ Հենց վերջինից է սկսվել ամեն ինչ:

«Գիրքը ծնվեց բանավոր խոսքից, մարդկանց հիշողություններից։ Տարիներ առաջ, երբ մեր թիմը ուսումնասիրում էր Երևանի վերնակուլյար թաղամասերը և Ֆիրդուսի, Կրիվոյի, Նորքի, Կոնդի և ուր որ է չքացող մյուս հնամենի թաղամասերի մասին բանավոր պատմություններում շարունակ լսում էինք Գետառի անունը։ Գետառ գետը կարծես քաղաքային տարածության աներևույթ, բայց և անբաժան ու կարևոր մասնիկը լիներ։ 2008թ․-ից հիմնական մասը գետի փակվել է, անցել է բետոնի՝ ավտոճանապարհի կամ կայանատեղու տակ: Փակելով գետը՝ տրավմայի է ենթարկվել մադկանց հիշողությունը»:

Գրքի շնորհանդեսին՝ պանելային քննարկամանը, բացի Տիգրան Ամիրյանից, բանախոսներ էին ծրագրի, գրքի վրա աշխատած ճարտարապետ կոնցեպտուալ արտիստ Հարություն Թումաղյանը, Էկո լրագրող Մարի Չաքրյանը, գրքի գրական խմբագիր Հովհաննես Գալստյանը և գրող Արամ Պաչյանը:

Տիգրան Ամիրյանը պատմեց, որ գիրքը ոչ միայն հիշողության մասին է, այլև մոռացության․ 2008 թ․-ից հետո ծնված սերունդը չի տեսել, չգիտի, որ իրենց քաղաքում կա գետ, և որ Գետառը շարունակում է հոսել գետնի տակով։ Չգիտի՝ որտեղից է սկսվում, որտեղ է ավարտվում և խնդիրներից մեկն էր այս նախագծով ստեղծել գետի վիզուալ պատկերը, քարտեզը։ Գրքի նկարազարդողն է արվեստագետ, ճարտարապետ Հարություն Թումաղյանը:

«Գետառը միակ գետն է, որ մակարդակով հավասար է քաղաքային պլանավորմանը և որը վիզուալ երևում էր քաղաքում, այսինքն մարդիկ հասկանում էին, որ քաղաքով գետ է անցնում։ Հիմնական կետը, որտեղից սկսեցի մշակել գետի վիզուալները, էդ քարտեզները, հատակագծերը, իլյուստրացիաներն էին, որոնք գտանք 1600թթ․-ին գրված մի ֆրանսիացի ճամփորդի գրքից, որը կոչվում է «Ճամփորդություն դեպի Պարսկաստան»։ Այդտեղ Երևանը պատկերված է երկու գետի արանքում՝ Հրազդանի ու Գետառի։ Նաև 1820թթ․-ի քարտեզներում նույնպես այն պատկերված է երկու գետով շրջապատված։ Գետերի մեջտեղում գտնվող քաղաքը նման էր միջնադարյան քաղաքի, որտեղ գետերը ունեին պաշտպանական ֆունկցիա։ Մի քանի քարտեզներով մեր գրքում ցույց տվեցինք, թե ոնց է ժամանակի ընթացքում գետը փոխում իր ֆունկցիան, և ոնց են քաղաքի իշխանությունները փորձում հարմարեցնել ժամանակի պահանջներին։ Օրինակ՝ թամանյանական նախագծերում Գետառը ընկալվում է արդեն որպես խոչընդոտ, քաղաքի սիլուետները և ճանապարհները նախագծելու մեջ, իսկ 2007- 2008թթ․-ին այն գրեթե ամբողջությամբ ծածկվում է բետոնով։ Հիմա միայն մի հատվածն է բաց մնացել, երևում է։ Արսեն Աբրահամյանի օգնությամբ երբ փորձեցինք հասկանալ՝ որ տարածքներն են մնում բաց,  գտանք ընդամենը «Ռոսիա» կինոթատրոնի հետևի հատվածը, որը, բնակելի թաղամասերով անցնելով, թափվում է Հրազդան գետ, և մի փոքր հատված պահպանված է Օղակաձև զբոսայգում։ Ժամանակի ընթացքում քաղաքը կուլ է տվել գետը՝ լուծելով այլ քաղաքաշինական հարցեր»,- ասում է Հարություն Թումաղյանը:

Գրքում Գետառ գետը՝ որպես էկոհամակարգ, վերլուծել է էկո լրագրող Մարի Չաքրյանը, ով պանելային քննարկմանը նշեց, որ պետք է ոչ թե հեռանալ, այլ հակառակը՝ մոտենալ բնությանը, գետին։ Ամբողջ աշխարհում հասկացել են, որ բնության վրա հիմնված լուծումները կայուն են, արդյունավետ են և էժան։ Մեծ ծավալով կառուցապատվող, տափաստանային և կիսաանապատային լանդշաֆտում գտնվող Երևանի համար Հատիսի հարավային լանջերից՝ Քառասունակն աղբյուրից սկիզբ առնող մաքուր Գետառ գետը կարող էր որպես կապույտ միջանցք լինել կանաչ տարածքների համար, կենսաբազմազանության համար, հանգստի համար։ Մարի Չաքրյանը, անկախ ամենից, հույս ունի, որ կգա այն օրը, այն ամբիցիոզ իշխանությունը, որը կազատի Գետառ գետը և բետոնի տակով հոսող  կոյուղատարից այն նորից կվերածվի մաքուր գետի։

Գետառի մշակութային կողմը

Նախագծի մասնակից, ճարտարապետ Արսեն Աբրահամյանի ձևակերպմամբ Գետառը ունի իր «հիդրոպոետիկան»։ Գրականության մեջ Գետառին անդրադարձել են տարբեր ժամանակներում, տարբեր տեսանկյունից և տարբեր կոնտեքստում։ Արամ Պաչյանի  գրականության մեջ նույնպես հոսել է Գետառը։

Պանելային քննարկմանը գրողը ընթերցեց գրքում տեղ գտած, իր բնորոշմամբ, արձակը, կամ պոեմը, կամ ուղղակի տեքստը՝ «Գետառնոցի»-ն։ Հատված՝

Երեխու

գժի

գետի

տեղ դրեցիք գետառին,

ապրեք մեր մարմնի վրայով,

գետառը կլռի մեր փոխարեն

մի աղջիկ

գետառի ջրերին

նայում, պամադա էր քսում,

կարմիր, կաս-կարմիր պամադա,

«Գետառ․ գետի հիշողությունը» հրատարակվել է՝ «Մշակութային եւ սոցիալական նարատիվների լաբորատորիա» հասարակական կազմակերպության կողմից «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագրի շրջանակում Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության, Սիդայի աջակցությամբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter