HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

«Հումանիտար բեռն առանց ժամանակ կորցնելու հասցնել Արցախի ժողովրդին»․ ցուցարարները նամակ են փոխանցել ՄԱԿ-ին

Ալյուրի պարկեր, ձեթ, շաքարավազ, աղ, սուրճ, քաղցրավենիք, նպարեղեն, հիգիենայի պարագաներ, առաջին բուժօգնության դեղորայք. «Բացում» քաղաքացիական նախաձեռնության կազմակերպիչներն ու մասնակիցները Արցախ ուղարկելու համար արդեն մի քանի օր է՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ հումանիտար օգնություն են հավաքում։

Նախաձեռնության կազմակերպիչները Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Նիլս Սքոթին ուղղված նամակ են կազմել ու փոխանցել գրասենյակ։

Նամակում մասնավորապես նշված է, որ հաշվի առնելով ՄԱԿ կանոնադրության նպատակները, սկզբունքներն ու դրույթները, որոնք վերաբերում են միջազգային իրավունքի սուբյեկտ հանդիսացող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդին, խնդրում են գրասենյակի առջև հավաքված ամբողջ հումանիտար բեռը, առանց ավելորդ ժամանակ կորցնելու, հասցնել Արցախի ժողովրդին։

«Հաշվի առնելով ծանրագույն իրավիճակը՝ խնդրում ենք Ձեզ հրատապ կարգով ընդունել հավաքագրված ամբողջ հումանիտար բեռը և Հայաստանի Հանրապետությունից Լաչինի միջանցքով փոխադրել Արցախի Հանրապետություն»,- ասվում է նամակում։

«Բացում» նախաձեռնության անդամները նամակում առաջարկել էին անհրաժեշտության դեպքում կամավորական օգնություն տրամադրել հավաքագրված բեռները տեղափոխելու, մեքենաներում տեղավորելու համար։

Նախաձեռնության կազմակերպիչները նամակում պատրաստակամություն են հայտնել շուտափույթ հանդիպել և քննարկել դիմումում նշված պահանջների իրականացման և Արցախում ստեղծված հումանտար ճգնաժամին վերաբերող այլ հարցեր։

Նամակն ընթերցվեց հայերենով և անգլերենով։

Արցախցիների «Տանան հեռու» նախաձեռնության մասնակից Աշոտ Ղազարյանը հայտնեց, որ այսօր առավոտյան եղել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի երևանյան գրասենյակի մոտ, և նրանց հաջողվել է համաձայնության գալ, վաղն ունենալ հանդիպում կոմիտեի հայաստանյան գրասենյակի ղեկավար կազմի հետ։ 

Այսօր՝ ժամը 19:00-ին, նախատեսվում է բողոքի ակցիա Ազատության հրապարակում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter