HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

Քաղաքացին մեղադրվում է սեքսուալ բնույթի գործողությունների հարկադրելու և շորթում կատարելու մեջ․ կալանքը երկարաձգվեց

Քաղաքացի Արսեն Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Ռոզա Ֆեդորովային հարկադրել է սեքսուալ բնույթի գործողությունների, ինչպես նաև կատարել է շորթում: Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր տեղի ունեցավ գործով առաջին դատական նիստը։ Նախագահող դատավորն էր Ժորա Չիչոյանը։

Դեռևս նախաքննության փուլում Արսեն Ղազարյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանքը։ Դատախազ Ելենա Կարապետյանի միջնորդությամբ՝ Ղազարյանի նկատմամբ նշանակված կալանքը երկարաձգվեց 3 ամսով։ Դատախազի հիմնավորմամբ՝ քանի որ դատաքննության ընթացքում պետք է հարցաքննվեն տուժողը, վկան, այդ պարագայում կարող է Ղազարյանը խոչընդոտել դատաքննության ընթացքին։

Արսեն Ղազարյանի պաշտպան Յուրիկ Ալոյանը միջնորդեց կալանքը փոխարինել 1 մլն դրամ գրավով, նա առաջարկեց նաև կիրառել այլընտրանքային խափանման միջոցներ, ինչպիսին կարող է լինել տնային կալանքը։ Դատարանը որոշեց բավարարել դատախազի միջնորդությունը, և կալանքի ժամկետը երկարացնել ևս 3 ամսով։

Նիստին ներկա չէր տուժող Ռոզա Ֆեդորովան։ Քանի որ գործը պարունակում է անձնական և սեռական կյանքին վերաբերող հարցեր, դատախազը միջնորդեց գործը քննել դռնփակ ռեժիմով։ Դատարանը որոշեց այդ հարցի քննարկումը թողնել հաջորդ նիստին, երբ տուժողը ևս ներկա կլինի։

Այս գործի մանրամասների վերաբերյալ Ղազարյանի պաշտպանը չցանկացավ որևէ մեկնաբանություն տալ մեզ՝ նշելով, որ վերաբերում է իր պաշտպանյալի և տուժողի անձնական կյանքին։

Դատական նիստի ընթացքում պաշտպան Յուրիկ Ալոյանը միջնորդեց նաև Արսեն Ղազարյանի պապին ներգրավել որպես վկա, քանի որ վերջինս կարող է հայտնել տեղեկություններ այն մասին, որ Արսեն Ղազարյանի և տուժող Ռոզա Ֆեդորովայի միջև ամուսնության համաձայնություն է ձեռք բերված եղել, տուժողի վրա որևէ ազդեցություն չի եղել, այլ եղել է նրա կամարտահայտությունը։ Դատարանը բավարարեց պաշտպանի միջնորդությունը։

Գործով հաջորդ նիստը տեղի կունենա օգոստոսի 30-ին՝ ժամը 14։00-ին։

Նկարը՝ CNN-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter