HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Արցախի ժողովրդի ճակատագիրը կարող է որոշվել միայն Արցախի ժողովրդի կողմից». Գուրգեն Ներսիսյան

Այսօր՝ հուլիսի 25-ին, համաժամանակյա հանրահավաքներ են տեղի ունենում Ստեփանակերտի Վերածննդի ու Երևանի Ազատության հրապարակներում։

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ելույթ ունեցան Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը, մշակույթի ու կրթության ոլորտի ներկայացուցիչներ։ 

Ստորև ներկայացնում ենք հատված պետնախարարի ելույթից․

«Արցախի ժողովրդի ճակատագիրը կարող է որոշվել միայն Արցախի ժողովրդի կողմից։ Որևէ մեկը լիազորված չէ մեր անունից որոշելու մեր ապագան։ Իսկ Արցախի ժողովուրդը պատրաստ է ստանձնել իր բաժին պատասխանատվությունը այդ հակամարտության կարգավորման գործընթացում։ Արցախը և Արցախի ժողովուրդը չեն կարող լինել Ադրբեջանի կազմում։

Անընդունելի է Հայաստանի Հանրապետության կողմից Արցախը և Արցախի ժողովրդին Ադրբեջանի կազմում ճանաչելու ցանկացած բանավոր կամ գրավոր հայտարարություն։ Ինչպես վկայում են տեղի ունեցող իրադարձությունները, դրանք կործանարար են Արցախի համար և դրանք նպաստում են Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի նկատմամբ նորանոր հանցավոր արարքներ կատարելուն։ Տասնամյակներ առաջ ցեղասպանությունից փրկվելու համար համայն հայության անվերապահ սատարմամբ Արցախի ժողովուրդը օգտվել է ինքնորոշվելու իր միջազգային իրավունքից, ստեղծել է պետություն, կազմակերպել է արդի աշխարհակարգում ընդունված մոդելի պետական կառավարման համակարգ և ձևավորել կայուն, ինքնակառավարվող միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքների, նորմերի, մարդու հիմնարար իրավունքների ու սկզբունքների հարգման վրա հիմնված հասարակարգ ու սահմանադրական իրավակարգ։

Ուստի Արցախը չի կարող դիտարկվել Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ, քանզի այն վաղուց կայացած քաղաքական միավոր է։ Արցախի ժողովրդի ինքնապահպանությունն ու դրա հրամայականով ինքնորոշման իրավունքի իրացումը համայն հայության կամարտահայտությունն է։

Եվ որևէ մեկը, որևէ իշխանություն, Արցախի, Հայաստանի և աշխարհասփյուռ հայերի անունից լիազորված չէ զիջելու Արցախի ժողովրդի իրավունքները և ընդունելու որոշում Արցախը հոշոտելու պատրաստ Ադրբեջանի մաս ճանաչելու մասին։ Արցախի պահպանությունն ու պաշտպանությունը միայն Արցախի ժողովրդի համար չեն:

Այն անգնահատելի կարևորություն ունի ողջ հայ ժողովրդի ու Հայաստանի Հանրապետության համար։ Արցախի ժողովրդի իրավունքները, այդ թվում` ինքնորոշման իրավունքը և անվտանգությունը երաշխավորելը պետք է լինեն ոչ թե բանակցությունների հետևանք կամ արդյունք, այլ տարածաշրջանում խաղաղության հասնելու և փոխվստահելի մթնոլորտում բանակցություններ վարելու պայման։ Հակառակը կամ այլընտրանքը Արցախի ժողովրդին խոշտանգելու, ֆիզիկապես ոչնչացնելու, հպատակեցնելու քաղաքականություն ունի։ Ադրբեջանը բաց ու հրապարակայնորեն ցուցադրում է այն, ինչը սպասվում է ադրբեջանական հպատակության ներքո։ Տեսե՛ք և հրաժարվե՛ք դրան նպաստելուց։

Պահանջում ենք Հայաստանի Հանրապետությունից հրաժարվել Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու մտահղացումից և հարաբերությունների քաղաքական կարգավորման նման մոտեցումից։ Այդ մոտեցումը ունակ չէ տարածաշրջանում ապահովելու խաղաղությունը և Արցախի ժողովրդի անվտանգ ու արժանապատիվ գոյությունը։ Ավելին, դա չի կարող ապահովել նույնիսկ Հայաստանի Հանրապետության անվտանգ գոյությունը։ Որովհետև թուրք-ադրբեջանական տանդեմի խնդիրը ոչ թե Արցախն է, այլ ողջ հայ ժողովուրդն ու ազգային պետականությունը»։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter