HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

«Ադրբեջանը խոչընդոտում է հումանիտար բեռների մուտքը Լեռնային Ղարաբաղ». Փաշինյան

Ադրբեջանը խոչընդոտում է հումանիտար բեռների մուտքը Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ։ Այս մասին Կառավարության հուլիսի 27-ի նիստի մեկնարկին հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը նշեց, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի պայմաններում ԼՂ ժողովրդին աջակցության կառավարման աշխատանքային խմբի որոշմամբ՝ երեկ 361 տոննա հումանիտար օգնություն է ուղարկվել Լեռնային Ղարաբաղ։

«Հումանիտար օգնությունը երեկ հասել է Կոռնիձորի՝ Լաչինի միջանցքի մուտքի հատված։ Մենք խնդրել ենք, որպեսզի ԼՂ-ում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչներն ընդունեն բեռը և տեղափոխեն Լեռնային Ղարաբաղ, որտեղ Լաչինի միջանցքի շուրջ 8 ամիս ապօրինի արգելափակված լինելու հետևանքով հումանիտար ճգնաժամ է հաստատված։ Ադրբեջանը, սակայն, խոչընդոտում է հումանիտար բեռների մուտքը Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ այս գործելակերպը անհասկանալի է և անընդունելի։

«Լաչինի միջանքցն ապօրինի արգելափակելու Ադրբեջանի պատճառաբանությունն այն էր, թե իբր Հայաստանը միջանցքն օգտագործում է ռազմական նպատակներով։ Սա, իհարկե, անհեթեթ պնդում է, բայց այդ պնդումն օգտագործվում էր որպես պատրվակ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման համար»,- ասաց նա։

Փաշինյանը նշեց՝ երեկ ԼՂ ուղարկված 19 բեռնատարների պարունակությունը հետևյալն է՝ ալյուր՝ 100 տոննա, մակարոնեղեն՝ 80 տոննա, շաքարավազ՝ 60 տոննա, բուսական յուղ՝ 40 տոննա, աղ՝ 20 տոննա, կաթի փոշի՝ 40 տոննա, մանկական սնունդ՝ 12 տոննա և 9 տոննա դեղորայք: 

Կառավարության ղեկավարը հայտնեց, որ Երևանից շարժվելուց առաջ ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետները հրավիրվել և ծանոթացել են այդ բեռնատարների պարունակությանը։

«Ինչո՞ւ ուրեմն Ադրբեջանը թույլ չի տալիս այդ բեռների մուտքը ԼՂ։ Միթե՞ ոչ այն պատճառով, որ Ադրբեջանի իրական նպատակը ԼՂ ժողովրդին սովի մատնելն է, ցեղասապանության ենթարկելը։

Անկախ մեր գնահատականներից՝ մենք սպասում ենք ՌԴ խաղաղապահ զորախմբի, պաշտոնական Բաքվի դրական արձագանքին, որովհետև հումանիտար բեռի մուտքը թույլ չտալը ընդամենը կհաստատի ԼՂ-ում ցեղասպանություն իրականացնելու՝ Բաքվի մտադրության մասին մտավախությունները»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Ըստ նրա՝ հումանիտար բեռների մուտքը ԼՂ կնպաստի տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատելու ջանքերին և դրական քայլ կլինի վստահության մթնոլորտի հաստատման ճանապարհին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter