HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

7 անշարժ գույք չհայտարարագրած Հովիկ Աբովյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց

Տավուշի նախկին մարզպետ Հովիկ Աբովյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքովև քրեական գործի վարույթը կարճվեցԱյս մասին որոշում կայացրեց Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանը գործով հերթական նիստի ժամանակ:

Հովիկ Աբովյանը մեղադրվում էր հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերով 7 անշարժ գույքի տվյալները դիտավորությամբ թաքցնելու մեջ։ Խոսքը, մասնավորապես, հայտարարագրման ենթակա, Երևան քաղաքում և Տավուշի մարզում գտնվող առանձնապես խոշոր չափերով` 3.035.946 դրամ կադաստրային արժեքով 7 անշարժ գույքի մասին էր:

Հանրային մեղադրող Մովսես Անտոնյանը մեզ պարզաբանեց` քանի որ հանցանքը միջին ծանրության է, վաղեմության ժամկետը 5 տարի է: Իսկ Հովիկ Աբովյանին մեղսագրվող արարքը կատարվել է 2018-ի հունիսին:

Հովիկ Աբովյանի պաշտպան Գոռ Միքայելյանը հայտնեց, որ Աբովյանն ընդունում է, որ չի հայտարարագրել նշված գույքերը, սակայն դրա համար ունեն պատճառաբանություններ: Այնուամենայնիվ, նա նշեց, որ չեն առարկում վաղեմության հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելուն: Միքայելյանի խոսքով` միակ խոչընդոտը կարող էր լիներ այն, որ Աբովյանը չընդուներ մեղադրանքը:

Հանրային մեղադրող Մովսես Անտոնյանը չառարկեց միջնորդության դեմ, միայն նշեց, որ բացառող հիմք կարող է լինել նաև այն, որ տվյալ ժամանակահատվածում Աբովյանը այլ հանցանք կատարած լինի:

Դատարանը հայտնեց, որ այդ տեղեկությունը ճշտել է, այլ հանցանքներ տվյալ ժամանակահատվածում չի կատարել Աբովյանը:

Աբովյանի պաշտպան Գոռ Միքայելյանը միջնորդեց նաև վերացնել գույքերի վրա դրված արգելանքը և Աբովյանի խափանման միջոցը` երկրից չհեռանալու մասին: Միքայելյանը դատարանին խնդրեց այդ մասով կայացնել առանձին որոշումներ, քանի որ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումից միայն 1 ամիս հետո գույքերի արգելանքը և խափանման միջոցը կվերանան: Միքայելյանի խոսքով` Աբովյանն ունի առողջական խնդիրներ և ավելի շուտ է անհրաժեշտ խափանման միջոցի փոփոխությունը:

Իսկ գույքերի վրա դրված արգելանքը վերացնելու հրատապությունը պայմանավորված է նրանով, որ դրանց թվում են նաև մի շարք գույքեր, որոնք այժմ չեն պատկանում Աբովյանին և ներկայիս սեփականատերերի համար խնդիրներ է առաջացնում արգելադրումը:

Դատավորը որոշումը ընթերցելիս հայտնեց, որ խափանման միջոցը միանգամից վերանում է, իսկ գույքերի արգելադրումը թեև վերանում է, սակայն պետք է որոշ ընթացակարգ անցնի:

Հիշեցնենք, որ Հովիկ Աբովյանն անցնում է նաև ապօրինի ծագում ունեցող գույքի գործով։ Դատախազությունը պահանջում է Հովիկ Աբովյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել՝

  • 11 անշարժ գույք, որոնցից հինգը՝ Երևան քաղաքում, վեցը՝ Տավուշի մարզում, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքները՝ 1 մլրդ 256 մլն 765 հազար դրամ, երեք շարժական գույք, երկու ընկերությունում մասնակցության իրավունք։
  • Չեխական ընկերությունում գնված բաժնետոմսերի ձեռքբերման արժեքը՝ 1 մլն 608 հազար 540 դրամ։ 
  • 389 մլն 257 հազար 456 դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել՝ հիմք ընդունելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասի իրավակարգավորումը (եթե ապօրինի ծագում ունեցող գույքը փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի, կամ այն անհնար է նույնականացնել, առանձնացնել կամ բռնագանձել, ապա դատարանի որոշմամբ, համապատասխան պահանջի առկայության դեպքում՝ պատասխանողից կարող է բռնագանձվել հայցի ներկայացման պահի դրությամբ ապօրինի ծագում ունեցող գույքի շուկայական արժեքի չափով գումար):

Կարդացեք նաև՝

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter