HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ստեփանակերտի շենքերի բակերում փոքր բանջարանոցներ են մշակում

«Սիրում եմ հողագործությունը, իմ կյանքի իմաստն է»,- ասում է 66-ամյա Զավեն Սարուխանյանը, որը 50 տարուց ավելի է՝ բնակվում է Ստեփանակերտում։ Շենքի բակի փոքր հողատարածքում լոբի ու մորի է մշակում։ Ավելի մեծ հողատարածք Նոր Արեշ թաղամասում ունի՝ Ստեփանակերտի ծայրամասում, որտեղ կարտոֆիլ ու այլ մշակաբույսեր է ցանել։ 

«Ես ընդհանրապես գյուղի տղա եմ, Ասկերանի շրջանի Խնձրիստան գյուղից եմ։ Մասնագիտությամբ իրավաբան եմ, բայց հողագործությունը, կարելի է ասել, իմ երկրորդ մասնագիտությունն է։ Սիրում եմ հողի հետ աշխատելը։ Հողը երբեք մարդուն անպատիվ չի թողում։ Երեք օրը մեկ բերք ենք ստանում։ Բայց երեխաներն արդեն այնքան են կերել, որ կշտացել են լոբիից։ Այստեղ միայն դա եմ արել, քաղաքից դուրս շատ կարտոֆիլ, բանջարեղեն ու կանաչի եմ մշակում»,- պատմում է Զավեն Սարուխանյանը։ 

Ասում է, որ Նոր Արեշի իր բանջարանոց գնալու համար նախկինում երթուղայինից էր օգտվում։ Ստեփանակերտում հանրային տրանսպորտի աշխատանքների դադարեցումից հետո ստիպված է ոտքով հասնել քաղաքից դուրս գտնվող հողատարածք։ 

«Առավոտյան ժամը 7-ին ոտքով գնում եմ բանջարանոց, ջրում եմ, գրեթե ամբողջ օրը այնտեղ եմ անցկացնում ու նորից ոտքով վերադառնում եմ։ Համարյա երկու ժամ ծախսում եմ ճանապարհի վրա»,- ասում է Զավեն Սարուխանյանը։ 

Շենքի բակի փոքր տարածքում հողը մշակում են նրա համար, որ երեխաները տեսնեն ու հասկանան՝ դրանք հենց այնպես շուկայում չեն հայտնվում, պետք է հողի հետ աշխատեն, մշակեն, որ բերք լինի։

«Սկզբում վնասում էին, չէին հասկանում, հիմա խելոքացել են, օգնում են։ Ծառեր էլ ունենք` սալոր, խնձոր, արքայանարինջ, որ այս տարի կարկուտի պատճառով վնասվել են, բայց ինչ մնացել է, մեզ կհերիքի»,- ասում է նա։ 

Սուսան Բադասյանը Ստեփանակերտի հյուրատներից մեկի բակում փոքր բանջարանոց է ստեղծել։ Ասում է՝ երբ որդու ընտանիքի հետ տեղափոխվել էր հյուրատուն, տարածքն ամբողջությամբ շինանյութերով էր լցված։ 

«Մաքրել ենք, տարածքն ազատել, այս տարի էլ որոշել ենք հողը մշակել։ Լոլիկ, վարունգ, ճակնդեղ ու դդում եմ ցանել։ Բերքատու հող չէ, մի կերպ է աճում։ Դեռ միայն ճակնդեղի թև կարող եմ քաղել։ Լոլիկից ու վարունգից էլ հույսս կտրել եմ։ Երբեմն ջուրը ափսոսում եմ՝ այնքան վատ վիճակում են»,- ասում է նա։ 

54-ամյա Սուսան Բադասյանը տեղահանվել է Հադրութի շրջանի Տումի գյուղից։ Պատերազմից հետո ընտանիքի հետ Ստեփանակերտում է վերաբնակվել։ 

Հյուրատան բակի բանջարանոցը մշակելիս Տումիի իր բանջարանոցն է հիշում։ Ասում է՝ համեմատել հնարավոր չէ։ 

«Ես մեծ բանջարանոց ունեի, ամեն ինչ մշակում էի ու ամեն ինչ աճում էր, ամբողջ ձմեռն էլ մեզ բավարարում էր։ Իսկ այստեղ ի՞նչ ձմեռային պաշար կա»,- ասում է Սուսաննա Բադասյանը։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter