HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

Ինչպես տապալել հանգիստը. «Էնջելս Թրավել» ընկերությունը վաճառում է գոյություն չունեցող փաթեթներ

Ինեսսա Արամյանը նախորդ տարի իր ազգականներից մեկի միջոցով ծանոթացել էր «Էնջելս Թրավել» տուրիստական գործակալությանը, որի միջոցով կազմակերպել էին իրենց հանգիստը Եգիպտոսում։ Տուրիստական ընկերությունն առաջարկում է ներգնա և արտագնա տուրեր, Ինեսսայի ազգականն այդ ժամանակ աշխատելիս է եղել ներգնա տուրերի կազմակերպման բաժնում։

Ամեն ինչ բարեհաջող էր անցել, Ինեսսայի մոտ կասկած էր առաջացրել միայն այն, որ թռիչքից 4 օր առաջ էր ընկերության տնօրեն ներկայացող Անժելա Միքայելյանը իրենց ուղարկել հյուրանոցի ամրագրումն ու ավիատոմսերը։

Հանգստից վերադառնալուց հետո Անժելան տուրիստական ընկերության կողմից Եգիպտոս մեկնած ամբողջ խմբին մեկօրյա հանգիստ էր նվիրել Ծաղկաձորում։ Տուրիստական ընկերության աշխատանքից տպավորված` Ինեսսան այս տարի ևս որոշել է հանգստի կազմակերպման համար դիմել «Էնջելս Թրավելին»։

Անժելա Միքայելյանի հետ մայիս ամսից խոսել ու պայմանավորվել է, Անժելան պարբերաբար շտապեցրել է Ինեսսային՝ ասելով, որ հետո կարող է տեղ չլինել հյուրանոցներում։

«Ես բացատրում էի, որ արտերկրից հյուրեր ունենք, սպասում ենք գան, հետո միասին պլանավորենք մեր հանգիստը, ի վերջո հունիսի սկզբին ամրագրումն արեցինք»,- պատմում է Ինեսսան։

Հուլիսի 5-ին Ինեսսան գնացել է Երևանի Փիրումյաններ փողոցում (Դավթաշեն) գտնվող «Էնջելս Թրավել» տուրիստական ընկերություն ու կատարել ամրագրումը, որի համար կանխիկ վճարել է գումարի մի մասը՝ 4200 դոլար։ Նրանք հանգստի պետք է մեկնեին 9 հոգով՝ Ինեսսան՝ ամուսնու և երեխաների հետ, և ամուսնու քրոջ ընտանիքը։

«Մինչ այդ ուրիշ տուրիստականի էինք դիմել այդ նույն հյուրանոցի համար, բայց ասացին չենք կարող վերցնել, քանի որ մեր նախընտրած հատվածում տեղ չկար։ Որոշեցինք կրկին դիմել Անժելային, ինքը միանգամից համաձայնեց, ասաց, որ ամեն ինչ հնարավոր է կազմակերպել, ու չնայած որ իր առաջարկած գումարի չափն ավելի մեծ էր, քան նախորդ տուրիստականինը, մենք այնուամենայնիվ համաձայնեցինք, դրան ուշադրություն չդարձրինք»,- պատմում է Ինեսսան։

Գործարքը կատարելուց հետո Անժելան նրանց տրամադրել է մի թուղթ, որի վրա նշված է եղել ամրագրման համար վճարած գումարի չափը, երկու կողմերի ստորագրություն, կազմակերպության կնիքը, հյուրանոցի անվանումը, վճարման ենթակա գումարի չափը, մեկնելու ու վերադարձի օրերը։

Գործարքից մեկ օր անց Ինեսսան Անժելայից զանգ է ստացել, Անժելան խնդրել է շտապ մինչև ժամը ցերեկվա 3-ը ամբողջ գումարը բերել, քանի որ հյուրանոցի ամրագրումը հաստատվել է ու չվճարելու դեպքում կարող է կորցնեն ամրագրումը։

«Մենք արագ գումարի փոխանցումը կազմակերպեցինք։ Ամուսնուս հետ տանում էինք, երբ Անժելան զանգեց, ասաց մեր աշխատողը ճանապարհից ձեզնից կվերցնի, էլ մի հասեք օֆիս։ Մենք էդպես էլ արեցինք, ճանապարհին փոխանցեցինք աշխատակցին։ Էս դեպքում գումարի երկրորդ մասի վճարումը հաստատող ոչ մի թուղթ չունեցանք մեր ձեռքի տակ»,- պատմում է Ինեսսան։

Վճարումները նրանք արել են կանխիկ տարբերակով, առաջին անգամ վճարել են 4200 դոլար, ապա 3929 դոլար։ Դրա համար չեն ստացել նաև ՀԴՄ կտրոն։

Դեպի Եգիպտոս ուղևորությունը պետք է կայանար հուլիսի 22-ին, վերադարձը՝ հուլիսի 30-ին։

Օրեր անց, երբ Անժելան կապի դուրս չի եկել, Ինեսսան պարբերաբար գրել ու հիշեցրել է Անժելային, որ իրենց ուղարկի հյուրանոցի ամրագրումն ու ավիատոմսերը։ Անժելան ամեն անգամ տարբեր պատճառաբանություններ է բերել։ Հուլիսի 15-ին Ինեսսան ամուսնու հետ գնացել է «Էնջելս Թրավել» տուրիստական ընկերության գրասենյակ։

«Հասանք էնտեղ ու թե ինչքան մարդ կար, բոլորը դժգոհ, անտրամադիր, հիասթափված, բոլորը մեր պես, բոլորը փաստորեն խաբվել էին, ու մենք էլ հասկացանք, որ դժվար թե թռնենք։ Էդ օրը մինչև ժամը 1-ը գիշերվա մնացել ենք տուրիստականում, ինքը մեզ համոզում էր, որ ամսի 22-ին թռնելու ենք»,- ասում է նա։

Ի վերջո եկել է օրն ու թռիչքը չի կայացել, քանի որ նրանք ո՛չ ավիատոմսեր են ունեցել, ո՛չ էլ հյուրանոցի ամրագրում։ Ինեսսա Արամյանը որոշել է բարձրաձայնել այս մասին։

Ինեսսայի ամուսինը գրել է այն հյուրանոցի պաշտոնական էջին, որտեղ պատրաստվում էին հանգստանալու մեկնել՝ տեղեկանալու արդյոք նրանք ունե՞ն ամրագրում, թե՞ ոչ։ Հյուրանոցից նրանց տեղեկացրել են, որ ամրագրում չկա։

Ֆեյսբուքյան տարբեր խմբերում գրառումներ անելուց հետո հասկացել է, որ միակը չէ, նրա հետ տարբեր մարդիկ են կապ հաստատել ու պատմել, որ իրենք էլ են խաբեության զոհ դարձել։

«Ես էնքան մարդու գտա, որ փաստորեն իրենցից տուժել էին։ Աղվերանի «Արթուրս» ռեզորթի տնօրինությունից էին գրել ու ասել, որ իրենց 2 մլն դրամի վնաս է տվել։ Մարդիկ գրում, ասում էին՝ մենք Դուբայ պետք է մեկնեինք, էլի ո՛չ տոմս է տվել, ո՛չ ամրագրում, վերջին օրով ասել է՝ չեղարկվում է։ Ինչքան հետաքրքրվում էի, էնքան նոր մանրամասներ էին ի հայտ գալիս։ Փաստորեն տարիներ շարունակ մարդկանց խաբելով՝ գումար է աշխատում, իսկ նախորդ տարի մեզ լավ սպասարկելն էլ մեզ իր հաճախորդը դարձնելու համար էր»,- ասում է նա։

Բացի Ինեսսա Արամյանից, «Հետքը» կապ է հաստատել այլ քաղաքացիների հետ, որոնք տուժել են տուրիստական այս ընկերությունից։ Լալա Ստեփանյանը օգոստոսի 3-ին պիտի մեկնի Եգիպտոս։ «Էնջելս Թրավել» տուրիստական ընկերություն դիմել էր մայիս ամսին, վճարել 800 000 դրամ արժողությամբ փաթեթի 50 %-ը՝ 400 000 դրամը, որից հետո՝ օրեր անց Անժելան զանգել է նրան ու ասել, որ ամրագրումը ֆիքսելու համար պետք է նաև ուղարկել գումարի մնացած մասը։ Գումարը ստանալուց հետո կապի դուրս չի եկել։ Մեկ շաբաթ անց Լալա Ստեփանյանը դիմել է նրան, վերջինս կրկին տարբեր պատճառաբանություններ է ներկայացրել ու հավաստիացրել, թե շուտով կուղարկի։ Մի քանի օր առաջ, երբ ֆեյսբուքյան տարբեր խմբերում գրառումներ է տեսել, Լալան դիմել է Անժելային ու խնդրել բացատրել, թե ինչ է կատարվում։ Անժելան ասել է, որ կամ կփոխհատուցի գումարը, կամ՝ կտա ամրագրումը ու նրանք կկարողանան մեկնել հանգստի։

«Մեզ ասում էր Ֆեյսբուքում էդքան վատ բաներ եք գրում, էլ ինձ ոչ ոք չի դիմում, հիմա պիտի ես գումար աշխատեմ, որ կարողանամ ձեր գումարն էլ ձեզ տամ։ Ստացվում է, որ ինքը պիտի ուրիշներին խաբի, որ մեր գումարը հետ տա՞։ Ինքն իր վրայից մեղքը գցում, ուրիշի վրա էր բարդում, ասում էր՝ ես մեղավոր չեմ, «Անրիվա»-ն (տուրիստական այլ ընկերություն) ա մեղավոր»,-ասում է նա։

Քաղաքացիները հասել են Եգիպտոս․ պարզվել է՝ ամրագրում չունեն

Եղել են դեպքեր, երբ հաճախորդները հասել են Եգիպտոս, բայց պարզվել է, որ հյուրանոցի ամրագրում չկա։ Արթուր Մարկոսյանը իր սանիկի ընտանիքի հետ պետք է մեկներ Հուրգադա հուլիսի 12-ին։ Պետք է մեկնեին 8 հոգով, ամեն ընտանիքի համար վճարել են 2180 դոլար։ Թռիչքի նախորդ օրը Անժելան նրանց է զանգահարում ու հայտնում, որ Արթուրն ընտանիքի հետ կարող է մեկնել, բայց սանիկի ընտանիքի չվերթը տեղափոխվում է հաջորդ օրը։

Արթուրը մեկնում է, հյուրանոցի ընդունարանում նրան հայտնում են, որ ամրագրումը կեղծված է, նրանց անունով ոչ մի համար չկա ամրագրված։ Կեղծված են լինում նաև հետադարձի տոմսերը։ Հետադարձը պետք է լիներ հուլիսի 19-ին։ Արթուրը զանգում է Հայաստան՝ եղբորը։ Եղբայրը գնում է «Էնջելս Թրավել» ընկերության գրասենյակ՝ պարզելու թե ինչ է կատարվել։ Անժելան սկզբում հրաժարվում է որևէ բան ասել, ասում է, որ ինքն այդ ամենի հետ կապ չունի, որ իրեն էլ խաբել են։ Երկար բանակցելուց հետո նա 2 օրվա հյուրանոցային համար է ամրագրում Արթուրի ընտանիքի համար՝ մինչև հուլիսի 14-ը։ Հաջորդ օրը Արթուրի սանիկը ևս իր ընտանիքով գնում ու հայտնվում է նույն իրավիճակում։

«Եղբայրս նորից գնում ա, իրան նորից ստիպում ենք, որ 2 օրվա փաթեթ ամրագրի, որ սանիկս էլ մնա գոնե։ Ստացվում ա, որ ինքը մեզնից ամեն ընտանիքից 2180 դոլար է վերցրել ու ընդամենը գնել է միակողմանի տոմսեր։ Եղբայրս գնում է «Անրիվա» ընկերություն, էնտեղ ասում են, որ Անժելայի հետ չեն աշխատում, քանի որ խաբեբա է, չեն համագործակցում, իսկ մեզ տրամադրած ամբողջ թղթերը կեղծված են, ինքը կորում ու անհետանում ա, արդեն իրեն գտնել չի լինում»,-պատմում է Արթուրը։

Անժելա Միքայելյանը Արթուր Մարկոսյանին խոստացել էր այսօր՝ հուլիսի 27-ին, ամբողջ գումարը փոխհատուցել, բայց կապի դուրս չի եկել։

Առաջին հայացքից տուրիստական գործակալության էջը ոչ մի կասկած չի առաջացնում։ Ֆեյսբուքյան էջում ներկայացված են գրագետ ձևակերպված առաջարկներ ներգնա և արտագնա տուրիզմի տարբեր ուղղություններով։

Ունեն գրասենյակ, աշխատում են բոլոր տուրիստական ընկերությունների նման։

Ըստ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների՝ «Էնջելս Թրավել» տուրիստական ընկերությունը ստեղծվել է 2013 թվականին, այդ ժամանակ այն կոչվում էր «Մ. Ս. Տուր», 2018-ին վերանվանվել է որպես «Էնջելս Թրավել»։ Ընկերության 100 % բաժնեմասը պատկանում է Սամվել Միքայելյանին, որը Անժելա Միքայելյանի հայրն է։

«Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում կան դատական գործեր, որտեղ քաղաքացիներն ու կազմակերպությունները հայց են ներկայացրել «Էնջելս Թրավել»-ի դեմ գումարի բռնագանձման պահանջով։

Անժելա Միքայելյանը վստահեցնում է, որ քաղաքացիները համարժեք փոխհատուցում կստանան

«Հետքը» կապ է հաստատել նաև Անժելա Միքայելյանի հետ, վերջինս հավաստիացնում էր, թե բոլոր այն քաղաքացիները որոնք վճարել են ընկերությանը, բայց դրա դիմաց չեն ստացել ծառայությունը, ըստ ընկերության հետ կնքած պայմանագրի՝ կստանան համարժեք փոխհատուցումը։

«Տեխնիկական և ֆինանսական խնդիր է եղել տուր-օպերատորի հետ կապված, ունեցել ենք ներքին հաշվարկային թյուրիմացություններ, որը բերել, հասցրել ա նման բանի։ Ես չեմ հրաժարվում ո՛չ իրենց թռիչքներից, ո՛չ իրենց գումար վերադարձնելուց։ Ես չեմ ուզում ոչ մեկին նեղացրած լինեմ, քանի որ սա մեզ էլ պատիվ չի, հարիր չի»,- նշեց Անժելա Միքայելյանը։

Չնայած Անժելա Միքայելյանի խոստումներին՝ տուրիստական ընկերությունից տուժածները չեն հավատում, որ փոխհատուցում կստանան, քանի որ բազմիցս Անժելան ժամանակ է խնդրել ու չի կատարել խոստումները։ Նրանցից ոմանք արդեն ոստիկանությունում հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter