HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արեն Նազարյան

Ինքնակամ կառուցվող Երևան․ ձեղնահարկերը վերածվում են բնակարանների

Երևանում քայլելիս հաճախ կարելի է տեսնել շենքերի տանիքներին ավելացված հարկեր, որոնք բավական տարբերվում են շենքի արտաքին տեսքից և աղավաղում են այն։ 2021, 2022 թվականներին և 2023-ի հունվար-մարտ ամիսներին Երևանի քաղաքապետերի որոշումներով օրինական են ճանաչվել Կենտրոն վարչական շրջանի ինը շենքերի ձեղնահարկերի ինքնակամ կառույցները՝ որպես բնակելի կամ հասարակական ձեղնահարկեր։ Իսկ թե քանի դիմում է ներկայացվել Երևանի քաղաքապետարան՝ ինքնակամ իրականացված կառույցները օրինականացնելու վերաբերյալ, քաղաքապետարանից տեղեկացրին, որ ըստ գործառնական նշանակության Երևանի քաղաքապետարան մուտքագրված ինքնակամ շինությունների օրինականացման վերաբերյալ դիմումների հաշվառում չի կատարվել:

Մենք փորձեցինք ուսումնասիրել այդ բազմաբնակարան շենքերը և պարզել, թե ովքեր են ձեղնահարկերում ինքնակամ կառուցապատում իրականացրած անձինք։ Խոսեցինք մասնագետների և պետական կառույցների ներկայացուցիչների հետ դրանց անվտանգության և ճարտարապետական տեսքի վերաբերյալ։

Քաղաքապետարանին ուղղված անպատասխան մնացած հարցերի շարքից են, օրինակ՝ ինչպե՞ս են քաղաքային իշխանությունները պայքարում ինքնակամ կառուցապատումների դեմ, արդյոք օրինականացնելիս հաշվի՞ է առնվում քաղաքի ճարտարապետական տեսքը, թե՞ ոչ, և մի շարք այլ հարցեր: «Հետքի» հարցմանը և քաղաքապետարանի պատասխանին կարող եք ծանոթանալ հոդվածի ներքևում առկա ակտիվ հղումներով։

Քաղաքապետարանից տեղեկացնում են միայն, թե ՀՀ քաղաքացիական օրենսգրքի որ հոդվածի և Կառավարության որ որոշման հիման վրա է կատարվել ինքնակամ կառույցների օրինականացումը և թե որ հասցեների ինքնակամ կառուցապատված կառույցների վերաբերյալ է կազմվել արձանագրություններ։ Իսկ հարցին՝ արդյոք քաղաքապետարանը սեփական նախաձեռնությամբ հաշվառե՞լ է նմանօրինակ դեպքերը Երևան քաղաքում, պատասխանեցին, որ սեփական նախաձեռնությամբ հաշվառում չի իրականացվում:

Մաշտոցի 48 հասցեի ձեղնահարկում Հրահատ Հրաչի Ստեփանյանի ինքնակամ կառույցը Երևանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի 2022 թվականի դեկտեմբերի 29-ի որոշմամբ օրինական է ճանաչվել՝ որպես «բնակելի ձեղնահարկ», ընդհանուր 108․52 քմ։ Օրինական է ճանաչվել նաև միջհարկային 1 բացվածք: Հրահատ Ստեփանյանը, ըստ որոշման, Երևանի քաղաքապետարանի բյուջե պետք է վճարի 1 մլն 853 հազար դրամ։

Հրահատ Ստեփանյանը «Առք» և «Առդա» բարեգործական հիմնադրամների ղեկավարն է։ «Առք» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է Գյումրու քաղաքապետարանի և ամերիկահայերի ֆինանսավորմամբ, իսկ «Առդա»-ն Գյումրու և Վանաձորի քաղաքապետարանների և այլ հիմնադրամների ֆինանսավորմամբ։ Այս հիմնադրամները հիմնականում զբաղվում են անապահով և 88-ի երկրաշարժից տուժած ընտանիքներին բնակարաններով ապահովելով։

ՀՀ Կառավարության՝ 2004-ի հոկտեմբերի 7-ի որոշմամբ՝ Մաշտոցի 48 հասցեն ներառվել է Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում։ Այս շենքը հայտնի է նաև որպես «Դերասանների» շենք, որի ճարտարապետը Մարկ Գրիգորյանն է՝ ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ, արվեստի վաստակավոր գործիչ։

Նախագահի նստավայր, Մատենադարան, Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն․ այս և այլ շենքերի ճարտարապետը նույնպես Մարկ Գրիգորյանն է։

Մաշտոցի 48 հասցեի վերաբերյալ Երևանի քաղաքապետրանին խնդրել էինք պատասխանել, թե ինչու՞ է որոշում կայացվել օրինականացնել հուշարձան-շենքի ձեղնահարկի ինքնակամ կառույցը, և ինչու՞ քաղաքապետարանը չի դիմել հարկադիր սերվիտուտի։ Այս հարցը նույնպես անպատասխան է մնացել։

«Ես կողմնակից չեմ, որ շենքերը կարող են նման ձեղնահարկեր ունենալ, բայց դա պիտի լինի ընդհանուր, մեկ նախագծով, որը պետք է համապատասխանի այսօրվա գործող նորմաներին և չի հակասում, չի վնասում, չի փչացնում շենքի տեսքը, դա միգուցե հնարավոր է, բայց այն, ինչ տիրում է Երևանում, պարզապես բարբարոսություն է»,- ասաց Ճարտարապետների պալատի նախագահ Ալեքսանդր Բադալյանը։

Բադալյանը հնարավոր է համարում ձեղնահարկերում մանսարդային տիպի բնակարանների կառուցումը, բայց այն պայմանով, որ դա լինի ամբողջ տանիքում և շենքի բնակիչների համաձայնությամբ ու նախաձեռնությամբ։

Ըստ Բադալյանի՝ լինում են դեպքեր, երբ բնակիչներից մեկը ստանում է շենքի մյուս բնակիչների համաձայնությունը՝ դիմելու քաղաքապետարան ամբողջ ձեղնահարկը բնակելի դարձնելու համար, բայց վերջնարդյունքում միայն այդ մեկ բնակիչն է կառուցում, ինչը խաթարում է շենքի սկզբնական տեսքը։

«Պետությունը, իհարկե, հսկում է հուշարձան-շենքերը, բայց ես չեմ համարում, որ մենք պետք է միայն հուշարձան-շենքերը հսկենք, այլ նաև այն շենքերը, որոնք ստեղծում են քաղաքի կերպարը։ Այդ շենքի տեսքը փչացնելը ես համարում եմ անթույլատրելի։ Սա մեր քաղաքն է, մեր սեփականությունը, ի՞նչ գործ ունեք՝ գողանում եք ամեն քառակուսի մետրը։ Սրանք հանրային տարածքներ են։ Այդ օդն էլ է հանրային, այդ տանիքներն էլ են հանրային»,- ասաց Ալեքսանդր Բադալյանը։

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի քաղաքաշինական գործունեության վերահսկողության վարչության պետ Արտաշես Սարգսյանի խոսքով՝ մինչ ձեղնահարկում կառուցապատում իրականացնելը, պետք է տվյալ շենքի բոլոր բնակիչների համաձայնությունը, իսկ հակառակ պարագայում դա ապօրինի գործողություն է։ Այս ինը հասցեները օրինականացվել են կառուցապատումից հետո, ինչը նշանակում է, որ մինչ կառուցապատումը այն օրենքով նախատեսված կարգով համաձայնեցված չի եղել շենքի բնակիչների հետ։

Նա հավելեց, որ առանց քաղաքաշինական համապատասխան փաստաթղթերի միջամտումը կոնստրուկտիվ համակարգերում նվազեցնում է այդ շենքի սեյսմակայունությունը։

Տերյանի 59 հասցեի ձեղնահարկում Լևոն Մկրտիչի Արիստագեսյանի կողմից արված ինքնակամ կառույցը Երևանի այն ժամանակվա քաղաքապետ Հայկ Մարությանի 2021 թվականի մայիսի 26-ի որոշմամբ օրինական է ճանաչվել՝ որպես «բնակելի ձեղնահարկ», ընդհանուր 141․7 քմ։ Լևոն Արիստագեսյանը, ըստ որոշման, Երևանի քաղաքապետարանի բյուջե պետք է վճարի 2 մլն 834 հազար դրամ։

Այս հասցեի դիմաց Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի շենքն է, և դժվար է պատկերացնել, թե ինչպես է ստացվում, որ թաղապետարանի դիմացի շենքի ձեղնահարկում  կատարվող շինարարությունը վրիպում է թաղապետարանի աշխատակիցների աչքից։ Երևանի քաղաքապետարանին խնդրել էինք պատասխանել նաև այս հարցին, որը նույնպես անպատասխան է մնացել։

Երևանի քաղաքապետարանին մոտ գտնվող Զաքյան 10 հասցեի շենքի ձեղնահարկում Կարինե Գարեգինի Սուքիասյանին պատկանող ինքնակամ կառույցը Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի՝ 2021 թվականի մայիսի 11-ի որոշմամբ օրինական է ճանաչվել՝ որպես «բնակելի ձեղնահարկ», ընդհանուր 43․9 քմ։ Օրինական է ճանաչվել նաև միջհարկային 1 բացվածք: Կարինե Սուքիասյանը, ըստ որոշման, Երևանի քաղաքապետարանի բյուջե պետք է վճարի 888 հազար դրամ։

Ինը հասցեների շինությունները հիմնականում 20-րդ դարի շենքեր են, ինչպես և Զաքյան 10-ը։ Երևանի քաղաքապետարանից հետաքրքրվեցինք դրանց սեյսմիկ անվտանգության վերաբերյալ, արդյոք անվտանգ է դրանց ձեղնահարկերում կառուցապատում իրականացնելը։ Այս հարցին նույնպես պատասխան չեղավ։

Ձորագյուղ 21/1 հասցեի ձեղնահարկում Լևոն Մեխակի Սարգսյանի ինքնակամ կառույցը, 2022 թվականի մայիսի 4-ին Երևանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի որոշման համաձայն՝ օրինական է ճանաչվել որպես «հասարակական ձեղնահարկ», ընդհանուր՝ 270․9 քմ։ Որոշման համաձայն՝ Լևոն Սարգսյանը Երևանի քաղաքապետարանի բյուջե պետք է վճարի 3 մլն 914 հազար դրամ։ Այս հասցեի տանիքին մինչ տարածքի օրինականացումը գործել է Roof սրճարանը։ Ստացվում է՝ կարելի է շենքի տանիքին սրճարան կառուցել և հետո մտածել կառույցի օրինականացման մասին։

Այսօր էլ Երևանում շարունակվում է ձեղնահարկերում շինարարությունը, օրինակ՝ Թումանյան 39 հասցեն։ Նմանօրինակ դեպքերը աղավաղում են քաղաքի ճարտարապետական տեսքը և ինչպես մասնագետներն են նշում, ազդում են այդ շենքի սեյսմակայունության վրա։

Քարտեզի միջոցով կարող եք ծանոթանալ բոլոր 9 հասցեների վերաբերյալ քաղաքապետների որոշումներին։ 

«Հետք»-ի հարցումը և Երևանի քաղաքապետարանի պատասխանը։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter