HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

«Ռուանդայում տուտսի ցեղախումբը, Իրաքում եզդիները չեն ունեցել պետություն, բայց ՊՀԾ-ն նրանց օգնություն տրամադրել է»

Արդեն 2-րդ օրն է՝ դեպի Արցախ հումանիտար բեռներ տեղափոխող մեքենաները կանգնած են Կոռնիձորի սահմանային հատվածում։ Ադրբեջանը թույլ չի տալիս հումանիտար օգնությունը հասցնել Արցախի բնակչությանը։

Արցախում իրավիճակը գնալով սրվում է, սնունդը վերջանում է, դեղորայքը՝ սպառվում։ Հասարակական տրանսպորտն այլևս չի գործում, եթե ինչ-որ տեղ դեռևս սնունդ է մնացել, ապա այն տեղ հասցնել չեն կարողանում։ Ադրբեջանն արգելում է նույնիսկ Կարմիր խաչի միջոցով խիստ անհրաժեշտ դեղորայքի և բժշկական պարագաների մատակարարումն Արցախ։

Երևանում՝ ՄԱԿ-ի գրասենյակի առջև, ցույցեր են տեղի ունենում։ Մարդիկ ձեթ, ալյուր, աղ, շաքարավազ, սուրճ, քաղցրավենիք, դեղորայք են գրասենյակի առջև հավաքում՝ դրանք Արցախ ուղարկելու պահանջով։

Նման դեպքերում ՄԱԿ-ը Պարենի համաշխարհային ծրագրով (ՊՀԾ) կարող է սնունդ ուղարկել Արցախ, եթե նույնիսկ ցամաքային ճանապարհով հնարավոր չէ օգնությունը տեղ հասցնել, գործի են անցնում օդանավերը կամ ուղղաթիռները։

«Հետք»-ը գրավոր հարցմամբ դիմել էր Հայաստանի և Արցախի արտաքին գործերի նախարարություններին, ինչպես նաև՝ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն Սինդի Մաքքեյնին՝ պարզելու արդյոք քննարկվել է Արցախի բնակչությանը պարեն ուղարկելու հարցը։

 

Ադրբեջանը շարունակաբար խոչընդում է ՄԱԿ գործակալությունների և այլ միջազգային կառույցների մուտքն Արցախ. ՀՀ ԱԳՆ

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը մեր հարցմանն ի պատասխան նշել է՝ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի՝ թե Երևանի գրասենյակի, թե տարածաշրջանների գրասենյակների հետ ակտիվորեն քննարկվել են վերջիններիս իրավասությունների շրջանակում արցախահայության հումանիտար կարիքների լուծման հնարավոր ուղիները։ 

«Հարցը քննարկվել է նաև ապրիլին կայացած ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Կորին Ֆլեշյերի՝ Երևան այցի շրջանակում։

Այդ համատեքստում հարկ ենք համարում շեշտել, որ Ադրբեջանը շարունակաբար խոչընդում է ՄԱԿ գործակալությունների և այլ միջազգային կառույցների մուտքն Արցախ»,- պատասխանել է Հայաստանի ԱԳՆ-ն՝ նշելով, որ ԱԳՆ համակարգմամբ այլ գերատեսչությունները նույնպես կապի մեջ են ՊՀԾ ղեկավարության հետ։

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը հրատապ պարենային օգնություն կարող է տրամադրել հետկոնֆլիկտային իրավիճակում

Ըստ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի պաշտոնական կայքէջի՝ ավելի քան 50 տարի ՄԱԿ-ի ՊՀԾ-ն տրամադրում է հրատապ պարենային օգնություն կոնֆլիկտային, հետկոնֆլիկտային կամ արտակարգ իրավիճակներում։ 

«Ֆենիքս Ավիա» ընկերության հիմնադիր Հակոբ Ճաղարյանի խոսքով՝ իր հիմնած ավիաընկերությունով անձամբ Աֆրիկայում բազմաթիվ թռիչքներ է կատարել դեպի սուդանական Դարֆուր և Սոմալի:

Ըստ նրա՝ թռիչքները կատարվում են ՄԱԿ-ի հովանու ներքո: Օդանավերի վրա հստակ նշված է UN (United Nations) և WFP (World Food Programme): Վայրէջքի համար պիտանի օդանավակայանի բացակայության դեպքում, նախօրոք պատրաստված տարածքում փոքր բարձրությունից, ցածր արագությամբ թռչող օդանավից պարենը պարկերով դուրս է նետվում:

«Իհարկե, պետությունը, որի տարածքում պետք է իրականացվի WFP ծրագիրը, պետք է տա իր թույլտվությունը:

Բայց նույնիսկ Սուդանի՝ իր մարդասիրությամբ չառանձնացած նախագահը, որի հասցեին կան Դարֆուրում ցեղասպանություն իրականացնելու մեղադրանքներ, չի համարձակվել խոչընդոտել այդ ծրագրի իրականացմանը:

Նշեմ, որ Սուդանը նավթի պաշարներով գերազանցում է Ադրբեջանին: Բայց դա խաղաքարտ չի դարձել»,- իր ֆեյսբուքյան էջում գրել էր Հակոբ Ճաղարյանը։

«Հետք»-ի հետ զրույցում նա նշեց, որ սուդանական Դարֆուրը, օրինակ՝ Արցախի կարգավիճակն ուներ. օրենքով Սուդանի կազմում գտնվելով՝ ցեղասպանվում էր Սուդանի իշխանության կողմից: 

«Ռուանդայում տուտսի ցեղախումբը, Իրաքում եզդիները չեն ունեցել ո՛չ պետություն, ճանաչված կամ չճանաչված, ո՛չ կառավարման համակարգ, ո՛չ էլ որևէ պետական ինստիտուտ: Բայց նրանց օգնություն տրամադրվել է: Ընդ որում, ՊՀԾ-ն ունի ինչպես որոշ ժամանակահատվածի համար պլանավորած ծրագրեր, այնպես էլ ռեզերվային ֆոնդ և իրականում անսահման հնարավորություններ, որոնք շատ արագ գործարկվում են տարատեսակ աղետների հետևանքով վերը նշածս իրավիճակներում հայտնված մարդկանց օգնություն հասցնելու համար»,- մեզ հետ զրույցում ասաց Հակոբ Ճաղարյանը։

«Հետք»-ը նաև գրավոր հարցմամբ դիմել էր ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն Սինդի Մաքքեյնին՝ պարզելու արդյոք քննարկվել է Արցախի բնակչությանը պարեն ուղարկելու հարցը։ Խնդրել էինք կոնկրետ ժամանակահատվածում պատասխանել հարցմանը։ Մեր հարցումից անցել է մեկ շաբաթից ավել, սակայն ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրից դեռևս պատասխան չենք ստացել, եթե պատասխանեն, կհրապարակենք։

«ՄԱԿ-ը պետք է վերջ դնի Լաչինի միջանցքի շրջափակմանը». Արցախի ԱԳՆ

«Արցախի Կառավարությունը բազմիցս դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և ՄԱԿ-ի այլ մասնագիտացված գործակալություններին և ծրագրերին, այդ թվում՝ Պարենի համաշխարհային ծրագրին։ Հերթական նամակը վերոնշյալ հասցեատերերին Արցախի Հանրապետության նախագահի կողմից ուղարկվել է 2023 թվականի հուլիսի 14-ին»,- «Հետք»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են Արցախի արտաքին գործերի նախարարությունից։

Արցախի ԱԳՆ փոխանցմամբ՝ արցախյան կողմի հետ համագործակցությամբ Հայաստանի նախարարություններն ու գերատեսչությունները պարբերաբար քննարկումներ են անցկացրել ՄԱԿ-ի տարբեր մասնագիտացված գործակալությունների, ծրագրերի և հիմնադրամների հետ՝ Արցախի ժողովրդին մարդասիրական օգնություն ցուցաբերելու հնարավորության վերաբերյալ։

«Մենք ելնում ենք այն ըմբռնումից, որ առաջին փուլում ՄԱԿ-ը պետք է վերջ դնի Լաչինի միջանցքի շրջափակմանը` համաձայն Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր որոշումների, ինչպես նաև ապահովի մարդասիրական մուտքն ու ներկայությունն Արցախում։ Սա քաղաքական որոշում է, որը պետք է ընդունի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։ Այս փուլում մենք պնդում ենք, որ ՄԱԿ-ի համապատասխան մասնագիտացված գործակալությունները, ծրագրերն ու հիմնադրամները, իրենց մանդատի շրջանակներում, պատշաճ կերպով տեղեկացնեն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին Արցախում վերահաս հումանիտար աղետի մասին։ Միաժամանակ ակնկալում ենք, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, առաջնորդվելով «ոչ ոք չպետք է մոռացվի» սկզբունքով, կցուցաբերի առաջնորդություն և պատասխանատվություն Արցախի շրջափակումը դադարեցնելու և Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ մարդկության դեմ հերթական հանցագործությունը թույլ չտալու հարցում։

Այն բանից հետո, երբ Լաչինի միջանցքը լիովին կգործարկվի՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և Արդարադատության միջազգային դատարանի որոշումների, մենք մեր ջանքերը կկենտրոնացնենք ՄԱԿ-ի և նրա համապատասխան կազմակերպությունների կողմից Արցախում ապրող մարդկանց օգնության մեկնարկն ապահովելու վրա։ Բայց որպեսզի այդ օգնությունը հասնի հասցեատերերին, անհրաժեշտ է առաջին հերթին ապահովել մարդասիրական մուտքն Արցախ՝ մարդասիրության, անաչառության, չեզոքության, անկախության և մարդկային արժանապատվության սկզբունքների հիման վրա»,- ասված է Արցախի ԱԳՆ պատասխանում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter