HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պետական հողատարածքը բաժանել են մասերի ու վաճառել. Արթուրի տնակը հայտնվել է այլ անձի հողատարածքում

Ժանգոտած ու տեղ-տեղ փտած վագոն-տնակում ապրում է Արթուր Մկրտչյանը կնոջ ու 3 անչափահաս աղջիկների հետ: Մոտ 15 տարի առաջ, համայնքապետարանի թույլտվությամբ, երկաթյա այս տնակը տեղադրվել է Արարատի մարզի Այնթապ գյուղի պետական սեփականություն հանդիսացած հողատարածքի վրա: 2018թ.-ի իշխանափոխության օրերին այդ հողատարածքներն աճուրդով վաճառվել են, այդ թվում՝ այն հողատարածքը, որտեղ տեղադրված է վագոն-տնակը։ Արթուրի ընտանիքը փողոցում հայտնվելու վտանգի առջև է:

2008թ.-ից Արթուր Մկրտչյանը թակում է պաշտոնյաների դռները, որպեսզի զբաղեցրած հողատարածքն օրինական հիմունքներով իրենց հատկացնեն: Կինը՝ Ռուզաննա Մանվելյանը, 2008թ.-ին հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին նամակ էր գրել՝ հողատարածքի հատկացման հարցում աջակցելու խնդրանքով: Այդ ժամանակ նրանք ապրում էին Այնթապում՝ վարձով:

Արթուր Մկրտչյանը հաշմանդամություն ունի, ընտանիքը սոցիալապես անապահով է: Նա ծանր ֆիզիկական աշխատանք չի կարողանում կատարել, իսկ կինն օրավարձով աշխատում է այլ անձանց հողատարածքներում:

Այդ տարիներին Այնթապի համայնքապետ Լևոն Թարվերդյանը նախագահական գրասենյակի գրության հիմքով տվել է համաձայնություն, որպեսզի պետական սեփականություն հանդիսացող հողատարածքի վրա տեղադրվի վագոն-տնակը, որը գնվել էր ընտանիքի հարազատների օգնությամբ: Սակայն, դա ժամանակավոր լուծում էր: Հողատարածքի սեփականության հարցը մնացել էր առկախ, քանի որ եւ համայնքապետ Լ. Թարվերդյանը, եւ նրան փոխարինած Կարեն Սարգսյանը պատճառաբանել էին, թե սեփականաշնորհելու իրավասություն չունեն, այն պետական հող է:

Համայնքապետ Սարգսյանը նաև պարբերաբար ասել է, թե հողատարածքը նախատեսված է դպրոցի կառուցման նպատակով: 

Համայնքների խոշորացումից հետո Այնթապը դարձել է Մասիս համայնքի գյուղերից մեկը:

Կիլոգրամներով են կշռվում այն փաստաթղթերը, որոնք այս տարիների ընթացքում Արթուրն ու կինը ստացել են տարբեր գերատեսչություններից՝ ի պատասխան իրենց հարցում-խնդրանքների: Բոլորը՝ մերժողական։ Նույն ժամանակահատվածում, սակայն, վագոն-տնակի տակ գտնվող հողամասը պետական սեփականությունից դարձել է մասնավոր, բայց այդ մասին Արթուրի ընտանիքը տեղեկացել է աճուրդ-վաճառքից հետո:

Արթուր Մկրտչյանն ասում է, որ հաճախ է եղել համայնքապետարանի շենքում և որեւէ փակցրած հայտարարություն չի տեսել աճուրդ-վաճառքի մասին: Հայտարարությունը հրապարակել են թերթում, որը գյուղում չեն ստանում, ոչ ոք չի կարդում:

Երբ Ռուզաննա Մանվելյանը 2017թ.-ին դիմել է Արարատի մարզպետին, այդ ժամանակ համայնքի ղեկավար Կարեն Սարգսյանը գրություն է ուղարկել մարզպետարան, թե  Մանվելյանի կողմից օգտագործվող 400 քմ հողատարածքը չեն կարող նրան հատկացնել, քանի որ պետական սեփականություն է:

Այդ գրագրությունից ամիսներ անց Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը  դրական եզրակացություն է տվել Այնթապ համայնքի վարչական տարածքում գտնվող  պետական սեփականություն հանդիսացող 1.741 հա բնակավայրերի նպատակային նշանակության հողամասի՝ բնակելի կառուցապատման նպատակով օտարման հողաշինարարական գործի վերաբերյալ:

Այնթապի ավագանին որոշել է աճուրդի մեկնարկային գին  սահմանել կադաստրային արժեքի 50%-ի չափով՝ 1 քմ համար 621 դրամ: Այնուհետև համայնքի ղեկավարը որոշել է նշված հողամասը բաժանել 18 մասի, տալ առանձին հասցեներ ու առանձին-առանձին վաճառել:

Այն հատվածը, որի վրա տեղադրված է Արթուր Մկրտչյանի վագո-տնակը, ստացել է 19/1 հասցեն:

Արարատի մարզպետը 2018թ. ապրիլի 10-ին դիմել է Տարածքային կառավարման և զարգացման նախարարություն, որպեսզի  պետական սեփականություն հանդիսացող հողատարածքից 1000 քմ հողամասը Արթուրի ընտանիքին նվիրաբերելու համաձայնություն ստանա:  պատասխան՝ նախարարությունից հայտնել են, որ այդ հարցն իրենց լիազորությունների շրջանակում չէ:

2018թ. ապրիլի 13-ին Այնթապի համայնքապետարանի շենքում կայացել է աճուրդ-վաճառքը: 19/1 հասցեի մոտ 990 քմ հողամասը 629 հազ դրամով ( մեկնարկային գնից 15 հազ. դրամ ավելի) գնել է Սասուն Միրումյանը:

Համայնքի արդեն նախկին ղեկավար Կարեն Սարգսյանի բոլոր գրություններում նշվում է, որ Արթուր Մկրտչյանին առաջարկել են համայնքին պատկանող 400քմ տարածք, ինչին նա դեմ է եղել և պահանջել 1000քմ հողատարածք: Համայնքի ղեկավարը պատրաստակամություն է հայտնել համայնքային հողերի հաշվին լուծել Ռուզաննա Մանվելյանի ընտանիքին անհրաժեշտ հողատարածքի հարցը:

«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ համայնքապետն իր աջակցությունը կցուցաբերի վագոն- տնակի տեղափոխման, տեղադրման և գույքի նկատմամբ պետական իրավունքի գրանցման հարցում»,-աճուրդ-վաճառքից  հետո Արարատի մարզպետին ուղղված գրության մեջ նշել է Այնթապի համայնքապետ Կարեն Սարգսյանը:

Ռուզաննա Մանվելյանը 2019թ. ապրիլին, իսկ ամուսինը՝ սեպտեմբերին դիմել են իրավապահ մարմիններին՝ Կարեն Սարգսյանի ենթադրյալ ապօրինությունների մասին հաղորդմամբ: 

Քրեական գործ չի հարուցվել: Կարեն Սարգսյանը բացատրության մեջ նշել է, որ ինքն անձամբ առաջարկել է ամուսիններին իր անձնական միջոցների հաշվին 400-600քմ անհատույց հողատարածք, սակայն վերջիններս հրաժարվել են՝ պահանջելով 1000քմ:

Ռուզաննա Մանվելյանը չի հերքում, որ համայնքի ղեկավարն իրենց առաջարկել է հողամաս նվիրել, սակայն դա կասկածելի է թվացել: Արթուր Մկրտչյանն իրավապահ մարմիններին պատմել է, որ Այնթապի համայնքապետ Կարեն Սարգսյանը կնոջն առաջարկել է իր վարորդի հետ գնալ Շենգավիթի նոտարական գրասենյակ՝ ամուսնուց գաղտնի, իբր 500քմ հողատարածքի վերաբերյալ գործարք ձեւակերպելու:

Ռուզաննա Մանվելյանը համայնքապետարանից վերադառնալով տուն՝ ամուսնուն պատմել է այդ առաջարկի մասին, սակայն Արթուր Մկրտչյանն արգելել է կնոջը գնալ նոտարական գրասենյակ՝ չվստահելով համայնքի ղեկավարին: Օրեր անց ամուսինները գնացել են Շենգավիթի նոտարական տարածք, որտեղ նոտարն իրենց ցույց է տվել 390քմ հողատարածքի վերաբերյալ փաստաթղթեր: Արթուր Մկրտչյանն ու Ռուզաննա Մանվելյանը հրաժարվել են ստորագրել դրանք:

Թեև համայնքապետ Կ. Սարգսյանն իրավապահ մարմիններին հայտնել է, որ աճուրդ-վաճառքի ժամանակ Արթուր Մկրտչյանի զբաղեցրած հողամասը գնել է Ռուզաննա Գևորգյանը (համայնքապետարանի աշխատակից) և վերջինիս խնդրել է իրեն վաճառել հողատարածքը, որպեսզի այն գնի Արթուր Մկրտչյանի ընտանիքի համար, աճուրդի արձանագրության մեջ նշված է, որ հողամասը գնել է Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղում հաշվառված Սասուն Միրումյանը: Վերջինս այդ հողամասը 2020թ. փետրվարին օտարել է Գևորգ Երիցյանին: Երիցյանը Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի՝ 2012-2016թթ. ավագանու անդամ Առաքել Երիցյանի եղբայրն է:

Նշենք, որ Ռուզաննա Գևորգյանը մասնակցել է աճուրդին և գնել 18 մասի բաժանված հողատարածքի մեկ այլ հատված:

«Կարեն Սարգսյանն ինձ ասում էր՝ հողն ի՞նչ ես անում, 3 աղջիկ ունես: Ինչի՞, աղջիկը չի ուզո՞ւմ ապրել, պիտի փողոցում ապրի՞»,-ասում է Արթուր Մկրտչյանը:

Ընտանիքը մտավախություն ունի, որ մի օր սեփականատիրոջ պահանջով կարող են իրենց վտարել այդ տարածքից, իսկ իրենք վագոն-տնակը տեղադրելու այլ տեղ չունեն:

«Հետքը»  կապ հաստատեց Այնթապի նախկին համայնքապետ Կարեն Սարգսյանի հետ: Թեմայի մասին տեղեկանալուց հետո նա նշեց, թե Արթուր անունով մարդու չի ճանաչում, ապա խնդրեց զանագահարել քիչ հետո, քանի որ ղեկին է։ Դրանից հետո Կարեն Սարգսյանն այլևս մեր զանգերին չպատասխանեց:

Աճուրդի մասնակից, համայնքապետարանի աշխատակից Ռուսաննա Գևորգյանը  հրաժարվեց մեր հարցերին հեռախոսով պատասխանել։

Արթուր Մկրտչյանն օրեր առաջ դիմել է գլխավոր դատախազություն՝ պատճառաբանելով, որ տեղի իրավապահները պատշաճ քննություն չեն իրականացնում և չեն բացահայտում նախկին համայնքապետի ապօրինի գործողությունները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter