
Թուրքիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը
Թուրքիան կողմ է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրմանը՝ համարելով, որ դա տարածաշրջանում հնարավորություն կտա ապահովելու կայունություն։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Անկարայում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման ժամանակ։
«Թուրքիան աջակցում է այն նախաձեռնություններին, որոնք վերաբերվում են Ադրբեջանին և Հայաստանին, ու կոչ անում միջազգային հանրությանը ևս աջակցել դրանց՝ տարբերություններ չդնելով երկրների միջև։ Տարածաշրջանում դեպի կայունություն ճանապարհն ընկած է խաղաղության համապարփակ պայմանագրի ստորագրման միջոցով, և դրա համար կարևոր նշանակություն ունի Զանգեզուրի միջանցքի բացումը»,- ասել է Ֆիդանը։
Նա Լաչինի միջանցքն անվանել է Ադրբեջանի տարածք՝ նշելով, որ «Բաքուն իրավունք ունի ձեռնարկելու բոլոր անհրաժեշտ միջոցները, որոնք այնտեղ անհրաժեշտ է համարում՝ ինքնիշխան իրավունքների պաշտպանության և իր անվտանգության ապահովման համար»։ Ֆիդանը հավելել է, որ ուժեղ Թուրքիա նշանակում է նաև ուժեղ Ադրբեջան և հակառակը։
Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև տարբեր հարթակներում տեղի են ունենում խորհրդակցություններ։ «Մենք ուշադրությամբ հետևում ենք այդ շփումներին։ «․..» Թուրքիայի և Հայաստանի միջև շփումներն իրականացվում են նաև սահմանների բացման հարցում»,- ընդգծել է Ֆիդանը։
Լուսանկարը՝ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության
Մեկնաբանել