HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Մակիյան

Հնչյունի ճանապարհը․ ալտահար, կոմպոզիտոր Վանսան Ռուայեի համերգը

Մթության մեջ, հանդիսատեսի միջով, դանդաղ, կարծես խորհրդավոր ծեսի հրավիրելով, բեմ բարձրացավ Ռուայեն, ալտի փոխարեն սկզբում ձեռքում դափ էր, որի պարզ ձայները կարծես երաժշտության ռիթմից ծնվելու մասին հիշեցում լինեին:

Երեկ՝ հուլիսի 30-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում առաջին անգամ Հայաստանում մենահամերգով հանդես եկավ ֆրանսիացի հայտնի ալտահար և կոմպոզիտոր Վանսան Ռուայեն։

Ժամանակակից ակադեմիական երաժշտության ամենավառ մեկնաբաններից մեկի կատարմամբ տեղի ունեցավ 20-րդ դարի նորարար կոմպոզիտորներ Ջիաչինտո Շելսիի և Հորացիու Ռադուլեսկուի չորս ստեղծագործությունների հայաստանյան պրեմիերան։

Վանսան Ռուայեի խոսքերով՝ այս կոմպոզիտորներին միավորում է այն, որ նրանք կատարողին ասես հրավիրում են դառնալ համաստեղծագործող, համահեղինակ: Նրանց երաժշտությունը պարզապես ինտելեկտուալ ակրոբատիկա չէ, սեղանի վրա գրված կոնցեպտ չէ, այլ հարաբերություն է, հաղորդակցություն է մարդկային գիտակցության տարբեր շերտերի հետ՝ ինտելեկտի, հույզերի, սրտի և բանականության:

«Այսօր ես կառաջարկեմ, որ մենք միասին ճանապարհորդենք դեպի հնչյունի ներսը»․ այսպես ազդարարեց Վանսան Ռուայեն իր համերգի սկիզբը՝ ամեն կատարումից առաջ կարճ ներկայացնելով   կոմպոզիտորներին, իրենց գաղափարները։ 

«Ջիաչինտո Շելսին յուրահատուկ կոմպոզիտոր է, մի պահ նա դադարեց նոտագրել իր երաժշտությունը․ նա նախընտրում էր զբաղվել իմպրովիզացիաներով։ Շելսին իմպրովիզները ձայնագրում և տալիս էր կոմպոզիտոր ընկերներին, որոնք նոտագրում էին դրանք»։

Ջիաչինտո Շելսին իտալական արիստոկրատ, ունևոր ընտանիքից էր և ազատորեն կարող էր զբաղվել նրանով, ինչով որ ուզում էր։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո նա ունեցավ հոգեբանական խնդիրներ և մի շրջան անցկացրեց հոգեբուժարանում։ Այնտեղ մի օր նա, դաշնամուրի առաջ անընդհատ նույն նոտան նվագելով, խորասուզում է դրա մեջ։ Այդ դիպվածը բացեց նրա առաջ նոր ստեղծագործական ուղի։ Նա բացահայտեց իր համար, որ մեկ հնչյունի մեջ անվերջանալի հնարավորություններ են պարփակված, և պետք է գնալ հնչյունի խորքը, հնչյունի կենտրոնը։ Գնալով դեպի հնչյունի կենտրոն՝ կարելի է լուսավորվել այդ կենտրոնի շուրջ գտնվող հնչյունի բոլոր երանգները»,-իր խոսքը Ռուայեն շարունակեց երաժշտությամբ՝ կատարելով Շելսիի ալտի համար գրված «Մանտո» եռամաս ստեղծագործությունը։

Հաջորդ ստեղծագործությունը ռումինացի կոմպոզիտոր Հորացիո Ռադուլեսկու ալտի համար գրված մենանվագն էր, որը հեղինակը նվիրել է Վանսան Ռուայեին։

«Հորացիոն և Շելսին մտերիմ են եղել։ Նրանք տարված էին հնչյունակենտրոն երաժշտության գաղափարով, այնուհետև Ռադուլեսկուն անցել է սպեկտրալ երաժշտության, որը հիմնված է հնչյունի ներսում օբերտոնների օրինաչափությունների վրա։ 

Նա կապում էր արվեստը և գիտությունը։ Նա  իր հայրենի  Ռումինական և  տարբեր ժողովրդների երաժշտության մեծ գիտակ էր։ Ինչպես և Շելսին Ռադուլեսկին նույնպես համարում էր, որ երաժշտությունը ծես է, որը օգնում է մեզ լայնացնել և  բարձրացնել մեր գիտակցության մակարդակը»,- ասաց Վանսան Ռուայեն, ում համերգը նույնպես նման էր ծեսի՝ հնչյունի խորքերը թափանցելու, նոր շերտեր լուսավորելու արարողության։

Համերգի ավարտին՝ հանդիսատեսի ջերմ արձագանքից հետո, Վանսան Ռուայեն ավելացրեց, որ համերգը նվիրվում է այն բոլոր էակներին, որոնք կատարելագործվելով ձգտում են ավելի բարձր գիտակցության հասնել և բերում են այս աշխարհին խաղաղություն և գեղեցկություն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter