Դավիթ Տոնոյանն ընդդիմադիրներին հորդորում է մասնակցել քննիչ հանձնաժողովի նիստերին
Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի հերթական նիստին մասնակցում է Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը: Նա այժմ կալանքի տակ է, և դատարանը բավարարել է վերջինիս միջնորդությունը` օգոստոսի 1-ին և 2-ին մասնակցելու հանձնաժողովի նիստերին։
Նա հայտնեց, որ իր շտապողականությունը` նիստին մասնակցելու հետ կապված, պայմանավորված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի ելույթներին արձագանքելու անհրաժեշտությամբ:
«Բացի այդ, ձեր հանձնաժողովի աշխատանքներն ավարտվում էին օգոստոսի 14-ին, դրանով էր պայմանավորված իմ շտապողականությունը»,- ասաց Դավիթ Տոնոյանը:
Նա հայտնեց, որ անհրաժեշտություն է լինելու փակ նիստի անցկացման, քանի որ այն տեղեկությունների մեծ մասը, որոնք ցանկանում է տրամադրել հանձնաժողովին, պետք է դռնփակ նիստով հայտնել: Նա հրապարակային դիմեց նաև ԱԺ ընդդիմադիր պատգամավորներին` խնդրելով ներկա լինել հանձնաժողովի նիստին.
«Ես խնդրում եմ, որ գոնե փակ նիստի ժամանակ ընդդիմության մասնակցությունը լինի, առնվազն երկու ուժի մասնակցությունը՝ ՀՅԴ-ի և ՀՀԿ-ի, քանի որ դրանք երկար ժամանակ հայկական դաշտում գործող կուսակցություններ են, ունեն ինստիտուցիոնալ հիշողություն: Նաև կարծում եմ, որ շարունակելու են իրենց գործունեությունը քաղաքական դաշտում, կարծում եմ` անվտանգության ու պաշտպանության կազմակերպման հարցերում տեղեկատվությունը, որն իմ կողմից է տրամադրվելու, հետագա իրենց որոշումների համար կարևոր է: Հակառակ դեպքում՝ ես կխնդրեի այդ կուսակցությունների ներկայացուցիչներին այլևս հրապարկային չարտահայտվել առնվազն իմ գործունեության հետ կապված հարցերում»,- ասաց Տոնոյանը:
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ հայտնեց, որ այդ կուսակցությունները քաղաքական հայտարարությամբ են իրենց մասնակցությունը բացառել և պետք է քաղաքական հայտարարությամբ էլ Տոնոյանի առաջարկից օգտվեն: Ըստ Քոչարյանի՝ ընդդիմադիրները ցանկացած պահի կարող են գալ ու մասնակցել:
Մեկնաբանել