HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

«Չէինք հաշվարկել, որ Թուրքիայի զինված ուժերը կարող են հայտնվել արցախյան թատերաբեմում». Տոնոյան

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի հերթական նիստին մասնակցում է Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը: Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հերթական հարցը հնչեցրեց` նշելով, որ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը բազմիցս հայտարարել է, թե պատերազմի երրորդ օրը ՀՀ Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում զեկուցել է, որ ՀՀ զինված ուժերը ունակ չեն կանգնեցնել թշնամու ագրեսիան և պնդել է, որ պատերազմը անհրաժեշտ է կանգնեցնել քաղաքական միջոցներով:

«Ես հաստատ հիշում եմ, որ այդպիսի խոսակցություն եղել է Անվտանգության խորհրդում, չգիտեմ` դրա որ մասն է հրապարակել ԱԽ-ն: Այդպիսի խոսակցություն եղել է նաև այլ ձևաչափերով և դրա վերաբերյալ առաջին զեկույցը ստացել եմ ես: Դուր է եկել ինձ այդ զեկույցը, թե դուր չի եկել, մենք պարտավոր էինք և՛ վարչապետին, և՛ ԱԽ-ին ներկայացնել մեր մոտեցումը, քանի որ դրա հիմնական պատճառն այն էր, որ կար երրորդ կողմի անմիջական ներգրավվածությունը, որը մեզ համար տեսանելի էր»,- ասաց Տոնոյանը: 

Նրա խոսքով` այդ երրորդ կողմը Թուրքիան է եղել: Նա ընդգծեց այն հանգամանքը, որ այդ ներգրավվածությունն իրականացվում էր ոչ թե նախիջևանյան ուղղությամբ, ոչ թե ՀՀ-ի սահմանի ուղղությամբ, այլ արցախյան թատերաբեմում:

«Այդպիսի հաշվարկ մեր կողմից թերի է եղել, մենք չենք հաշվարկել այդպիսի բան, որ Թուրքիայի զինված ուժերը անմիջապես կարող են հայտնվել արցախյան թատերաբեմից ընդամենը 45-25 կմ հեռավորության վրա` իրականացնելով թռիչքներ»,- ասաց նա:

Տոնոյանն ասաց նաև, որ սպառնալիքների գնահատման ժամանակ գնահատել են նաև մեր դաշնակցային հարաբերությունները: Նա առաջարկեց այս մասին փակ ռեժիմով առավել մանրամասն խոսել: Միայն հավելեց կրկին, որ հաշվի էին առել դաշնակցի և այն դաշինքի առկայությունը, որին մասնակցություն ունի Հայաստանը (նկատի ունեի ՌԴ-ն և ՀԱՊԿ-ն, խմբ․):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter