
«Տեղեկություններ չեմ ունեցել, որ դա ուղղորդվում է»․ Տոնոյանը՝ դասալքության դեպքերի մասին
44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության, թե պատերազմում Հայաստանը պարտվել է, քանի որ մեր բանակում գործել է «5-րդ շարասյուն»։
«Սրտատրոփ սպասում եմ «5-րդ շարասյան» մասին փաստերի ներկայացմանը։ Եթե գործել է «5-րդ շարասյուն», ես կուզենայի տեղեկություններ իմանալ դրա մասին։ Քանի որ դա հրապարակային է ասվել, կուզեի, որ փաստերն էլ հրապարակային ներկայացվեին»,- ասաց Տոնոյանը։
Հիշեցնենք՝ Փաշինյանը «5-րդ շարասյան» մասին հայտարարել էր 2023թ․ մարտի 14-ի իր մամուլի ասուլիսի ժամանակ։
Անդրադառնալով ուղղորդված դասալքության մասին խոսացկություններին՝ պաշտպանության նախկին նախարարը նշեց, որ դասալքության հիմնական պատճառը եղել է կազմակերպչական թերությունների, վախի և զորահավաքային խնդիրների հետևանքը։
«Վախը բնական բան է, բայց վախը հաղթահարելու համար անհրաժեշտ է պատրաստություն, որը պետք է լինի կազմակերպչական աշխատանքի շնորհիվ։ Մենք աշխատել ենք շատ սուղ ժամանակաշրջանում, որ կարելի լինի գնահատել, բայց ես տեղեկություններ չեմ ունեցել, որ դա ուղղորդվում է»,- ասաց Տոնոյանը։
Մեկնաբանել