HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Կապիտոլիումի վրա հարձակման գործով Դոնալդ Թրամփը ստացել է մեղադրյալի կարգավիճակ

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել՝ 2021 թվականի հունվարի 6-ին Կապիտոլիումի վրա հարձակման քրեական գործի շրջանակներում։ Այդ մասին հայտնի է դարձել փաստաթղթից, որը հրապարակել է անկախ հատուկ դատախազ Ջեք Սմիթը։ Մեղադրանքի օգտին քվեարկել է նաև դաշնային Մեծ ժյուրին։

Թրամփին մեղադրանք է առաջադրվել չորս հոդվածով. պետությանը խաբելու նպատակով դավադրություն, պաշտոնական ընթացակարգին խոչընդոտելու նպատակով դավադրություն, պաշտոնական ընթացակարգին խոչընդոտելու փորձ և իրավունքների խախտման նպատակով դավադրություն:

Reuters-ը գրում է, որ մեղադրող կողմի կարծիքով՝ Թրամփն իմացել է, որ Ջո Բայդենի նկատմամբ իր հաղթանակի մասին պնդումները կեղծ են, սակայն կրկնել է դրանք, որպեսզի ամերիկյան հասարակությունում ստեղծի «անվստահության և ցասումի լարված մթնոլորտ» ու «խաթարի հասարակության վստահությունը ընտրական գործընթացի նկատմամբ»։

Փաստաթղթում ուղիղ նշվում է, որ Թրամփը, դատախազների կարծիքով, «մտադիր էր մնալ իշխանության, չնայած ընտրությունների ժամանակ պարտությանը», գրում է The New York Times-ը։

Նախկին նախագահի հետ միասին մեղադրանք է առաջադրվել ևս 6 անձի, այդ թվում` փաստաբանների, որոնք «անհիմն հայտարարություններ էին տարածում ընտրակեղծիքների մասին»։ Մեղադրական եզրակացության մեջ Սմիթն ընդգծում է, որ Թրամփն այդ ելույթներն անվանել է «անմիտ», սակայն մասնակցել դրանց տարածմանը։

Օգոստոսի 3-ին Թրամփը պետք է ներկայանա Վաշինգտոնի ոստիկանություն և կանգնի դատավորի առաջ, որն էլ կորոշի խափանման միջոցը։

Հանրապետական Դոնալդ Թրամփը 2020 թվականի նոյեմբերին պարտվել էր դեմոկրատ Ջո Բադենին։ Թրամփը մի քանի ամիս հրաժարվում էր ընդունել իր պարտությունը՝ ընտրակեղծիքների մասին տարածելով չհաստատված պնդումներ։ 2021 թվականի հունվարի 6-ին` Կոնգրեսում արդյունքների հաստատման օրը, Թրամփի աջակիցների ամբոխը ներխուժել էր Կապիտոլիում՝ տապալելով նիստը։

Սա Թրամփի նկատմամբ արդեն երրորդ քրեական գործն է։ Ապրիլին Մանհեթեն շրջանի Մեծ ժյուրին սատարեց բիզնես հաշվետվողականության կեղծման մեղադրանքին, իսկ հունիսին դատախազ Սմիթը քրեական գործ հարուցեց Թրամփի նստավայրում գաղտնի փաստաթղթերի ապօրինի պահման գործով։

Թրամփը հավակնում է մասնակցել նաև 2024 թվականի նախագահական ընտրություններին։ Նա Հանրապետական կուսակցության ամենահեղինակավոր թեկնածուն է։ Անգամ եթե նա մեղավոր ճանաչվի քրեական գործերից և որևէ մեկով ու ուղարկվի բանտ, նա ԱՄՆ նախագահի պաշտոնին հավակնելու իրավունքը չի կորցնի։

Լուսանկարը՝ Getty Images-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter