HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

«Բոլոր երեխաների միակ երազանքը ճանապարհի բացումն է»,- ասում է Կարմիր Շուկայից 15-ամյա Միլենան

Արցախի Կարմիր Շուկա գյուղում բնակվող 15-ամյա Միլենա Գրիգորյանը մեզ ծանոթացնում է էլեկտրաէներգիայի անջատումների գրաֆիկին։ Եթե լույս չլինի, նաև ինտենետ չի լինի, հետևաբար զրուցել չենք կարող։ «Ղարաբաղ Տեկելոմի» հեռախոսակապը լավ չի աշխատում, երկար խոսել չի լինում, հաճախ հեռախոսազրույցն ընդհատվում է։

«Լույսերը կտանեն առավոտ 11-ին՝ կեսօրին 1-ին կմիացնեն։ Հետո երեկոյան 5-ից կանջատեն մինչև 9-ը, հետո էլի 11-ից 1-ը կանջատեն։ Վաղն առավոտյան էլ արդեն 9-11-ը լույս չենք ունենա, դե արդեն քանի ամիս ա էդպես ա, օրը 3 անգամ անջատում են լույսերը»,- պատմում է Միլենան։

Գյուղում այս ռեժիմը բոլորի համար սովորական է դարձել։ 8 ամիս է՝ ամբողջ Արցախում շրջափակման պատճառով հովհարային անջատումներ են։

Միլենա Գրիգորյանը երեկ փոքր քրոջ հետ 1,5 ժամ՝ մինչև երեկոյան 22:30 հացի հերթ են կանգել գյուղի միակ փռի մոտ։ Խանութներում հաց չեն վաճառում, միայն փռում։ Բնակիչները գյուղի տարբեր ծայրերից, անգամ հարևան գյուղերից գալիս ու հաց գնելու համար երկար հերթ են կանգնում։

Գյուղի մի քանի խանութները թեև աշխատում են, բայց միայն խաղող, ձմերուկ ու մինչ շրջափակումը ստացած մի քանի պահածո է մնացել խանութի դարակներում։

Գյուղում բոլորը բանջարանոցներ ունեն, այլապես չէին կարողանա լուծել սննդի հարցը։ Միլենայի ընտանիքն էլ է զբաղվում հողագործությամբ։ Բլոկադայի պայմաններում գյուղում ապրելու միակ առավելությունը սեփական այգին ունենալն ու սննդի հարցը այդպես լուծելն է։ Միլենայի ընտանիքը նաև ջերմոց ունեն։

Միլենայի պապիկն ամեն առավոտ մտնում է բանջարանոց ու բերքը հավաքում՝ լոբի, սմբուկ, պոմիդոր, կարտոֆիլ։ Հետո մայրը՝ Յուլյան, ճաշ է պարաստում։

«Երեկ շատ ուշ եկանք հացի հերթից, տանը հաց չկար, հետո, որ քրոջս հետ տուն հասանք, տեսա, որ մերոնք սեղանը գցել ու մեզ են սպասում։ Մամայիս ձեռքը շատ լավն է, համեղ բաներ պատրասում է, մենակ թե փոքր քույրս է միշտ քաղցրավենիք ուզում։ Դե գիտես, վաղուց չկա։ Մայրիկս մի քանի օր առաջ քունջութով ու շաքարով կոզինախ էր պատրաստել, որովհետև քույրիկս կոնֆետ էր ուզում։ Դե շաքարավազն էլ է քիչ, բայց որ տան փոքրերն ուզում են, ինչ-որ բան հնարավորության սահմանում ուզում է անել»,- պատմում է Միլենան։

Միլենան տեսնում է, թե ինչպես են տան մեծերը նեղսրտում, երբ իրենք քաղցրավենիք են ուզում, բայց ինքն աշխատում է ծնողների մոտ շատ չբողոքել։

Միլենայի մորական հարազատներն ապրում են Արարատի մարզի Եղեգնավան գյուղում։ Միլենան ամենից շատ տատին՝ Անժելային է կարոտել։

Անհամբեր սպասում է, թե երբ պետք է ճանապարհը բացվի, որպեսզի հարազատներով նորից հանդիպեն։ Սա նրանց առաջին ամենաերկար բաժանումն է։ Պատերազմի օրերին Միլենան 3 քույրերի ու մոր հետ Արարատի մարզում էր՝ տատի տանը, հայրն ու պապիկը՝ Արցախում։

Սեպտեբերից կսկսվի նոր ուսունական տարին, Միլենան սովորում է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի առաջին կուրսում (պատերազմից հետո Շուշիի տեխնոլոգիական համալսարանը տեղափոխել է Ստեփանակերտ): Չի պատկերացնում, թե ինչպես պետք է դասի գնա, եթե ճանապարհը փակ մնա։

«Հիմա գիտե՞ք, բոլոր երեխաների երազանքը ճանապարհի բացվել է, ում ուզում եք հարցրեք, նույնն են պատասխանելու։ Ես էլ, ինչպես բոլորն ուզում եմ Արցախը նորից իսկապես ազատ լինի, ուզում եմ, որ մինչ իմ 16 տարեկանը լրանալը՝ ճանապարհը բացվի ու կարողանանաք էլի բոլոր հարազատներով հավաքվել ու ծնունդս նշել»,- ասում է Միլենան։

Միլենան ու նրա ընտանիքը չեն պատրաստվում լքել Արցախը, ուրիշ տեղ իրենց կյանքը չեն պատկերացնում, բայց ուզում են հարազատ գյուղում խաղաղ ու առանց սահմանափակումների ապրել, ինչպես մինչև պատերազմն էր։ 

Լուսանկարներում՝ Կարմիր Շուկա գյուղը / © Միլենա Գրիգորյան

Գլխավոր լուսանկարը՝ Արցախի ՏԿԵՆ-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter