HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

«Ես հիանում եմ ինձնով». դատավոր Արուսյակ Ալեքսանյանը մեղադրվում է ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու մեջ

Հակակոռուպցիոն դատարանում օգոստոսի 2-ին շարունակվեց նախկին դատավոր Արուսյակ Ալեքսանյանի, նրա օգնական Թամարա Պետրոսյանի և փաստաբան Էրիկ Ալեքսանյանի գործի քննությունը: Նախագահող դատավորն էր Վահե Դոլմազյանը:

Արուսյակ Ալեքսանյանը մեղադրվում է ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ: Նա բավարարել է «Ֆազ» մականունով հայտնի քրեական հեղինակություն համարվող Սերգեյ Գրիգորյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի միջնորդությունը` փոխելով Սերգեյ Գրիգորյանի խափանման միջոցը և 2,5 մլն դրամ գրավի դիմաց նրան ազատելով կալանքից։ Ըստ մեղադրող կողմի` Սերգեյ Գրիգորյանը Արուսյակ Ալեքսանյանի եղբոր՝ Ռուստամ Ալեքսանյանի ընկերն է:

Իսկ փաստաբան Էրիկ Ալեքսանյանը մեղադրվում է դատավոր Արուսյակ Ալեքսանյանին պաշտոնեական լիազորություններն անցնելու հարցում օժանդակելու մեջ։

Արուսյակ Ալեքսանյանն արդեն 10 ամիս է` կալանավորված է: Էրիկ Ալեքսանյանն ազատ է արձակվել կալանքից:

Այսօրվա դատական նիստին հետազոտվեցին գործում առկա գրավոր ապացույցները:

Հանրային մեղադրող Արմեն Գևորգյանը հրապարակեց Սերգեյ Գրիգորյանին կալանքից ազատ արձակելու միջնորդության վերաբերյալ դատական նիստի արձանագրությունը: Դատավոր Վահե Դոլմազյանն ընդմիջեց հանրային մեղադրողին և հարցրեց Արուսյակ Ալեքսանյանին, թե ինչու է ծիծաղում:

- Ի՞նչ կա ծիծաղելու, Արուսյակ Ալեքսանյան: Հիշում եք միջնորդության քննությու՞նը:

- Չեմ ծիծաղում: Այո, հիշում եմ և հիանում եմ ինձնով:

Դատարանը հորդորեց Ալեքսանյանին հիանալ դատական նիստից հետո: «Ես միշտ եմ հիանում ինձնով»,- պատասխանեց Ալեքսանյանը:

Արձանագրության ընթերցանության ավարտից հետո Արուսյակ Ալեքսանյան ասաց՝ ինչպես երևում է՝ բովանդակալից նիստ է տեղի ունեցել: «Դատավորի՝ այսինքն իմ կողմից բազմաթիվ հարցեր են տրվել ինչպես պաշտպանին, այնպես էլ քննիչին»,- ասաց նա: Արուսյակ Ալեքսանյանի խոսքով` հարցեր է ուղղել նաև այն մասին, թե Էրիկ Ալեքսանյանի ներկայացրած միջնորդությունը հասե՞լ է քննիչին: Նախկին դատավորը կրկնեց, որ նիստը չի կրել ձևական բնույթ, այլ տեղի է ունեցել բովանդակային քննարկում:

Դատարանը Արուսյակ Ալեքսանյանին հարցրեց, թե գործի ելքը կանխատեսե՞լ էր: Ալեքսանյանը պատասխանեց` ոչ: «Ես երբևէ ցանկություն չեմ ունեցել Սերգեյ Գրիգորյանին ազատ արձակելու: Այո, ես բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկել եմ, որ այդ միջնորդությունն անձամբ քննվի իմ կողմից, քանի որ ես կարծել եմ, որ այդ պարագայում ես լինելու եմ գերօբյեկտիվ, քան մյուս դատավորները»,- ասաց նա: Արուսյակ Ալեքսանյանի խոսքով` Սերգեյ Գրիգորյանին ազատ արձակելու հետ կապված որևէ դիրքորոշում չի ունեցել, ավելին, պաշտպանների միջնորդության բովանդակությունից կախված` կարող էր միանգամայն հակառակ որոշում կայացնել:

Դատական նիստի արձանագրության ներկայացումից պարզ դարձավ, որ փաստաբան Էրիկ Ալեքսանյանը Սերգեյ Գրիգորյանի խափանման միջոցի վերաբերյալ միջնորդությունն էլեկտրոնային եղանակով ուղարկել է քննիչին, սակայն քննիչը հայտնել է, որ չի ստացել այն:

Դատավոր Վահե Դոլմազյանը հարցրեց Էրիկ Ալեքսանյանին՝ կարո՞ղ է միջնորդությունը քննիչին ուղարկելու վերաբերյալ ապացույց ներկայացնել։ Էրիկ Ալեքսանյանն ասաց, թե մոռացել է իր էլեկտրոնային հասցեի գաղտնաբառը, սակայն բոլոր ջանքերը գործադրում է՝ մտաբերելու այն: Դատարանը հայտնեց, որ համակարգը թույլ է տալիս գաղտնաբառը վերականգնել այլ տարբերակներով, սակայն Էրիկ Ալեքսանյանը պատասխանեց, թե ձևը չգիտի:

-Ձեզնից չի, էդ մի հարցում կաղում եք,- ասաց դատավորը:

-Էդպես էլ է լինում, պատվարժան դատարան, կատարյալ չեմ,- պատասխանեց Ալեքսանյանը:

Արուսյակ Ալեքսանյանը հարցրեց՝ արդյոք քննիչն իր գործով միջոցներ ձեռնարկել է մեյլերը ստուգելու համար, տեսնելու՝  Էրիկ Ալեքսանյանն ուղարկե՞լ է միջնորդությունը: «Թե՞ քննիչին ձեռնտու է եղել հաստատված համարել այն հանգամանքը, որ մինչև միջնորդության քննարկումը պաշտպանի կողմից քննիչին չի ուղարկվել»,- հարցրեց Արուսյակ Ալեքսանյանը։ 

Հանրային մեղադրող Արմեն Գևորգյանն ասաց, որ Էրիկ Ալեքսանյանի կողմից միջնորդությունը մուտքագրվել է 2022-ի սեպտեմբերի 17-ին, որը եղել է ոչ աշխատանքային՝ շաբաթ օր: Գևորգյանն ասաց, որ միջնորդությունը քննվել է սեպտեմբերի 20-ին` երեքշաբթի օրը, այսինքն` միջնորդության քննությանը նախորդել է ընդամենը 1 աշխատանքային օր:

«Տվյալների համադրումից ակնհայտ է, որ այդ միջնորդությունը լավագույն դեպքում քննիչին է հասցեագրվել սեպտեմբերի 19-ին»,- ասաց Գևորգյանը: Նա նշեց, որ հետագայում կանդրադառնա, թե ինչու է միջնորդությունը մուտքագրվել հենց սեպտեմբերի 17-ին, թե ինչու է առերեսման միջնորդություն կազմվել խափանման միջոցը փոխելու մասին միջնորդությունից հետո:

Գրավոր ապացույցներն ընթերցելու ընթացքում հայտարարությամբ հանդես եկավ նաև Արուսյակ Ալեքսանյանի պաշտպան Անդրանիկ Մանուկյանը: Նա ասաց, որ Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել է Արուսյակ Ալեքսանյանի ընդունած դատական ակտը, սակայն փոխարինող դատական ակտ չի կայացրել, ինչը պարտավոր էր անել:

«Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել է Արուսյակ Ալեքսանյանի` 2022-ի սեպտեմբերի 20-ի դատական ակտը, բայց պարտավոր լինելով կայացնել դրան փոխարինող դատական ակտ` չի կայացրել: Փոխարենն անդրադարձել է Արուսյակ Ալեքսանյանի կողմից 2022-ի սեպտեմբերի 17-ին կայացված վարույթ հարուցելու մասին որոշմանը, որն առանձին դատական ակտ է»,- ասաց Մանուկյանը:

Ապա հավելեց, որ Վերաքննիչ դատարանը Ալեքսանյանի որոշումը բեկանել է վարութային սխալի ատճառով: «Քրեական դատավարության օրենսգիրքը «վարութային սխալ» կատեգորիա չի նախատեսում: Այսինքն` ոչ մեկիս համար հիմա օրենսդրորեն պարզ չի, թե ինչ է նկատի ունեցել Վերաքննիչ քրեական դատարանը»,- ասաց Մանուկյանը: Բացի այդ, ըստ նրա, պարզ չէ, թե Վերաքննիչ քրեական դատարանի կարծիքով հատկապես որ սկզբունքն է խախտվել Արուսյակ Ալեքսանյանի կայացրած դատական ակտով:

Մանուկյանն իր զարմանքն արտահայտեց այն հարցի շուրջ, որ Վճռաբեկ դատարանը Վերաքննիչ դատարանի այս թերությունները չի նկատել: Նա խնդրեց դատարանին այս հանգամանքների վրա ուշադրություն դարձնել:

3 ժամից ավելի տևած դատական նիստն այսքանով ավարտվեց` աշխատանքային օրվա ավարտվելու պատճառով: Հաջորդ նիստը տեղի կունենա օգոստոսի 7-ին:

Գլխավոր լուսանկարում` Անդրանիկ Մանուկյանը և Արուսյակ Ալեքսանյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter