Տվյալագիտության հայ-գերմանական առաջին գիտահետազոտական գագաթնաժողովը Երևանում
Հուլիսի 31-ից օգոստոսի 2-ը Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի է ունեցել տվյալագիտության ոլորտում հայ-գերմանական առաջին գիտահետազոտական գագաթնաժողովը։ Միջոցառումը համախմբել էր Գերմանիայի Դիսբուրգի և Հայաստանի ամերիկյան համալսարանների ուսանողներին, դասախոսներին և արհեստական բանականությամբ հետաքրքրված մարդկանց։
Ալեն Ադամյանը գագաթնաժողովի բանախոսներից է։ Այս տարի` 2023-ին է ավարտել Ամերիկյան համալսարանի տվյալագիտության ֆակուլտետը, մասնագիտացած է եռաչափ մոդելավորման ուղղությամբ։ Ասում է` այս պահին արագ զարգացող արհեստական բանականության ոլորտում իր ուղղությունը դեռ «փխրուն» է, ընդլայնվելու շատ տեղ ունի։
«Եռաչափ մոդելավորման ուղղությունը այս պահին սահմանափակ է, անելու շատ բան կա, ու ես դրա համար եմ ընտրել՝ կանխատեսելով, որ ապագայում շատ ավելի լայն հնարավորություններ են ստեղծվելու»,- ասում է Ալեն Ադամյանը։
Մեկուկես տարվա իր հետազոտական աշխատանքը բանախոսը ներկայացրել է Գերմանիայի և Հայաստանի գործընկերներին։ Ասում է՝ ոլորտը շատ լայն է, ամեն օր հազարավոր բաներ են փոխվում, ու այս ամենի մեջ մրցակցային լինելը բարդ է, պետք է նաև տեղյակ լինել՝ աշխարհում ինչ է կատարվում։
«Հայաստանում մենք շատ առանձնացած ենք: Երբ տեսնում ես, թե դրսում մարդիկ ինչպես են մտածում, ավելի լավ ես հասկանում՝ ինչն ես վատ անում, ինչը՝ լավ, ու ուր կարելի է գնալ»,- բացատրում է Ադամյանը։
Չիլիի համալսարանի պրոֆեսոր, Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս Նելսոն Բալոյանը հույս ունի, որ գագաթնաժողովը արդյունավետ կլինի երկու երկրների թե՛ ուսանողների, թե՛ դասախոսների համար։
«Կարծում եմ` Հայաստանում, երկրի չափերի համեմատ, շատ նախաձեռնություններ կան արհեստական բանականության ոլորտում։ Մենք ուզում ենք մի տեղ ունենալ, որտեղ այս բոլոր նախաձեռնությունների հեղինակները կփոխանակվեն գաղափարներով և ցույց կտան իրենց աշխատանքը։ Մենք ուզում ենք, որ նրանք հաղորդակցվեն, գուցե նաև ճանապարհներ լինեն համագործակցելու համար»,- ասում է Նելսոն Բալոյանը։
Լուսանկարները՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի
Մեկնաբանել