
«Նպատակ» փառատոնը․ ճարտարապետություն երաժշտության տանը
Կամերային երաժշտության տանը նոտակալների վրա նոտաներ չէին, այլ՝ նախագծերի պաստառներ, իսկ դահլիճում հավաքված մարդիկ երաժշտություն լսելու չէին եկել․ նրանց միավորել էր ճարտարապետությունը։
Օգոստոսի 4-5-ը «Նպատակ» կրթական հարթակը կազմակերպել է ճարտարապետական փառատոն, որի հյուրերն են ամերիկյան և եվրոպական հեղինակավոր ճարտարապետական կազմակերպությունների մասնագետներ:
Ցուցադրվող ճարտարապետական նախագծերի պաստառներն արդեն երրորդ տարին անցկացվող «Նպատակ» ճարտարապետական ամառային ստուդիայի մասնակիցների ավարտական աշխատանքներն են։
«Նպատակ» կրթական նախաձեռնությունը ստեղծվել է 2021թ․-ին` միջազգային կրթական և աշխատանքային փորձ ունեցող 3 ճարտարապետների կողմից։ Այն հարթակ է, որի նպատակն է զարգացնել ճարտարապետական կրթությունը և խթանել հայկական ճարտարապետության, երիտասարդ ճարտարապետների միջազգային տեսանելիությունն ու մրցունակությունը։ Այս տարվանից նախաձեռնությունը դարձել է կրթական հիմնադրամ, որի հիմնադիրներն են ճարտարապետներ Արմեն Հակոբյանը, Հայկ Շահինյանը և Կարեն Բերբերյանը, տնօրենը՝ Արինե Քեշիշյանը։
«Նպատակ» ճարտարապետական ամառային ստուդիայի մասնակիցները (Ճարտարապետության և քաղաքաշինության ֆակուլտետների երրորդ և բարձր կուրսերի ուսանողներ, ինչպես նաև նորավարտ մասնագետներ) Հայաստանի տարբեր բնակավայրերում նախատեսվող նախագծերի ստեղծմանը մասնակից դառնալու հնարավորություն են ստանում՝ փորձառու ճարտարապետների օգնությամբ մասնագիտական հմտությունները զարգացնելով։
«Նպատակ» ճարտարապետական ամառային ստուդիա 2023-ի չորս հոգանոց չորս թիմերից մեկի առաջադրանքը Հայկական բարեգործական ընդհանուր միության՝ (ՀԲԸՄ)-ի «Անդրանիկ» ճամբարի ճարտարապետական էսքիզային նախագծի ստեղծումն էր։ Լոռիում տեղակայված ճամբարը նախատեսված է 260-280 անձի համար և պետք է բաղկացած լինի քոթեջային կառույցներից, բացօթյա պարապմունքների գոտուց, սպորտային, ժամանցային և հանգստի համար նախատեսված տարածքներից։
Երկու օր տևող Ճարտարապետական փառատոնի առաջին օրը՝ օգոստոսի 4-ին, Կամերային երաժշտության տանը, «Նպատակ» ճարտարապետական փառատոնի շրջանակում իրենց փորձով՝ դիզայներական հայեցակարգով, մեթոդաբանությամբ կիսվեցին հեղինակավոր «Bjarke Ingels Group: BIG» (Դանիա, Կոպենհագեն) և «BUREAU» (Լիսաբոն, Պորտուգալիա - Շվեյցարիա, Ժնև) ընկերությունների ներկայացուցիչները։
Օգոստոսի 5-ին ելույթ կունենան հեղինակավոր «KOSMOS» (Շվեյցարիա, Ցյուրիխ) և «SO-IL» (ԱՄՆ, Նյու Յորք) ճարտարապետական ընկերությունների մասնագետները։ Հայաստանում տեղի ունեցող այս փառատոնը լավ հնարավորություն է հաղորդակցվելու ոլորտի լավագույն ներկայացուցիչների հետ Ճարտարապետության և քաղաքաշինության ֆակուլտետների ուսանողների, մասնագետների և բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են արդի ճարտարապետական նախագծերով ու մարտահրավերներով:
Հ․Գ․
Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տունը կառուցվել է քաղաքապետ Գրիգոր Հասրաթյանի որոշմամբ 1977թ․-ին։ Կենտրոնագմբեթ եկեղեցու նմանությամբ այս եզակի շենքի ճարտարապետը Ստեփան Քյուրքչյանն է։ Շենքի բացումը կատարվել է Բեթհովենի 4-րդ լարային քառյակի կատարման ներքո։
Մեկնաբանել