
Վրաստանում սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 11-ի
Վրաստանի Շովի հանգստավայրում տեղի ունեցած սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 11-ի։ Այդ մասին հայտնել է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը։
Սողանքը գրանցվել էր հինգշաբթի օրը՝ օգոստոսի 3-ին, Ռաճայի շրջանում, որը հայտնի է իր հանքային աղբյուրներով։
Shovi, Racha region, Georgia 🇬🇪😢🙏 pic.twitter.com/G7DKTp8sWl
— Vladimir Lepsaya 🇬🇪🇱🇻 (@lepsaya) August 5, 2023
Անօդաչուից արված տեսանյութում երևում է կանաչ հովիտը, որը մասամբ ծածկված է ցեխով, այլ նստվածքներով և տապալված ծառերով:
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտնել է, որ տասնյակ մարդիկ շարունակում են անհետ կորած մնալ։
Ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ փրկարարական աշխատանքները շարունակվում են։
Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է ուղարկել Վրաստանի վարչապետին՝ ողբերգական աղետի հետևանքով մարդկային զոհերի և վիրավորների կապակցությամբ:
«Հայ ժողովրդի և Հայաստանի կառավարության, ինչպես նաև անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում Ձեզ և եղբայրական վրաց ժողովրդին: Զոհվածների հարազատներին ու մերձավորներին մաղթում եմ տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում: Այս ծանր պահին կիսում ենք եղբայրական վրաց ժողովրդի խորը վիշտը»,- ասված է ցավակցական ուղերձում։
Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն էլ հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլիի հետ։ Ինչպես փոխանցում է ՀՀ ԱԳՆ-ն, Միրզոյանն առաջարկել է Հայաստանի կառավարության աջակցությունն աղետի դեմ պայքարի և դրա հետևանքների վերացման հարցում։
Լուսանկարը՝ mlyn.by-ից
Մեկնաբանել