HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ալեքսեյ Նավալնին դատապարտվել է 19 տարվա ազատազրկման

Մոսկվայի քաղաքային դատարանը ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիին «ծայրահեղականության մասին գործով» դատապարտել է 19 տարվա ազատազրկման։ Այդ մասին հայտնում են «Интерфакс»-ը, ТАСС-ը և РИА Новости-ն։ Նավալնին պատիժը կկրի «հատուկ ռեժիմի» կալանավայրում։ Մեղադրող կողմը պահանջում էր 20 տարվա ազատազրկում։ Քաղաքական գործիչը տուգանվել է նաև 500 հազար ռուբլի։

Նավալնիի հետ այդ գործով անցնում էր նաև նրա շտաբի նախկին աշխատակից Դանիել Խոլոդնին։ Ինչպես «Новой газетa»-ին հայտնել է Խոլոդնիի փաստաբան Սվետլանա Դավիդովան, ընդդիմադիր գործիչը դատապարտվել է 8 տարվա ազատազրկման։ Մեղադրող կողմը պահանջում էր վերջինիս դատապարտել 10 տարով։ 

19 տարին ընդհանուր ժամկետն է, որը Նավալնին ստիպված կլինի անցկացնել կալանավայրում՝ արդեն իսկ հրապարակված դատավճիռներով։ Ավելի վաղ նա դատապարտվել էր 9 տարվա ազատազրկման՝ խարդախության և դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մեղադրանքով:

Դատական նիստն ընթանում էր Վլադիմիրի մարզում գտնվող № 6 ուղղիչ գաղութում, որտեղ Նավալնին կրում էր իր պատիժը։ Նավալնու գործով պաշտպանական կողմից, որպես վկա, հանդես էին գալիս Վլադիմիր Կարա Մուրզան, Լիլիա Չանիշևան և Իլյա Յաշինը։

Որպես վերջին խոսք՝ Նավալնին ասել է, որ «Ռուսաստանում յուրաքանչյուրին հայտնի է, որ բացարձակ անպաշտպան է նա, ով դատարանում արդարություն է փնտրում» և «այդպիսի մարդու գործն անհույս է»։ Նրա խոսքով՝ վաղ թե ուշ Ռուսաստանը «կրկին ոտքի կկանգնի» և «մեզնից է կախված, թե ինչի վրա կհիմնվի ապագայում»։

Ալեքսեյ Նավալնին կալանավորված է 2021 թվականի սկզբից։ 2022 թվականի մարտին նա դատապարտվեց 9 տարի ազատազրկման։ ՌԴ ՔԿ տվյալներով՝ «իր աջակիցների հետ միասին Նավալնին անձնական նպատակներով վատնել է նվիրատվությունները, որոնք հավաքվել էին Կոռուպցիայի դեմ պայքարի հակակոռուպցիոն հետաքննությունների համար»՝ չնայած, որ հիմնադրամը պարբերաբար հրապարակում է հավաքված միջոցների ծախսման վերաբերյալ հաշվետվություններ։

Լուսանկարը՝ SHAMIL ZHUMATOV/REUTERS

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter