HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Վրաստանում սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 17-ի

Վրաստանի բարձրլեռնային Ռաճա շրջանում գտնվող Շովի հանգստավայրի տարածքում տեղի ունեցած սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 17-ի։ Այդ մասին օգոստոսի 5-ի երեկոյան լրագրողներին հայտնել է Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ղեկավար Թեմուր Մգեբրիշվիլին։

Այս պահի դրությամբ ճանաչվել է 7 զոհի ինքնություն։ Վրացական ՆԳՆ-ի տվյալներով՝ ևս 18 մարդ որոնվում է։ Ըստ առողջապահության նախարար Զուրաբ Ազարաշվիլիի՝ անհետ կորածների շարքում կարող են լինել նաև երեխաներ։

Վրաստանում Շվեյցարիայի դեսպանությանը կից ՌԴ շահերի բաժինը հայտնել է, որ սողանքի հետևանքով զոհերի թվում կա ՌԴ քաղաքացի։ «Այսօր ստացված տեղեկատվության համաձայն՝ Քսենյա Տրիչևան մահացած է հայտնաբերվել։ Նրա մտերիմ ընկերուհիներից մեկը դիահերձարանում ճանաչել է նրա մարմինը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Զոհերից մեկն էլ ուկրաինացի լրագրող Ալինա Պոլիկովսկայան է, որն աշխատում էր «Украина» հեռուստաընկերությունում։ Նա ամուսնու և երեք երեխաների հետ հանգստանում էր Վրաստանում։ Ամուսինն ու երեք երեխաները դեռ անհետ կորած են։

Օգոստոսի 7-ը Վրաստանում հայտարարվել է սգո օր։

Վրաստանի հյուսիսում սողանքը գրանցվել էր օգոստոսի 3-ին։ Դրա հետևանքով վնասվել էին կամուրջներ և ճանապարհներ, ինչպես նաև՝ զբոսաշրջային քոթեջներ ու «Սանսեթ Շովի» հյուրանոցը։ Փրկարարական գործողությանը մասնակցում է 400 փրկարար և 200 զինվորական, գործի են դրվել ուղղաթիռներ ու հատուկ տեխնիկա։ Աղետի գոտուց տարհանվել է ավելի քան 200 մարդ։ Ավելի վաղ նշվում էր 11 զոհի մասին։

Լուսանկարը՝ netgazeti.ge-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter